Կոմիտասյան դասեր

 

 

1ա

IMG_3616

Դաս Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարանում
Կոմիտասը տաղանդավոր ազգագրագետ էր, հմուտ բանահավաք, պատմաբան, խմբավար, փիլիսոփա, նաև…կատակաբան, դերասան, նաև…շախով պար բռնող: Ճեմարանի ուսուցիչների մեջ ժողովրդական պարերի ամենահայտնի կատարողն էր՝ սասունցու մարտական ուժեղ պարերից մինչև կանանց հեզաճկուն նազպարերը: Ասում էր, թե պարը բացահայտում է մարդկային բնավորության բնորոշ գծեր. «Ամեն կյանքի մեջ պար կա: Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը պար է»:
Կոմիտասյան երաժշտությամբ հմայված՝ Վիեննայի համալսարանի երաժշտության դասախոս Վելեշ Եգոնը գրել է.« Զարմանում եմ Կոմիտասի արտասովոր ընդունակությունների վրա: Շատ լավ իմանալով ժողովրդական երգը՝ նա այդ երգը ներդաշնակել է հազվագյուտ ճաշակով և ճշտորեն:  Այն բոլոր երգերը, որ ես անձամբ լսել եմ Կոմիտասից և կամ ուսումնասիրել, ամենից առաջ մի բան են ապացուցում. Կոմիտասը եզակի դեմք է և՛ որպես ներդաշնակող, և՛ որպես պոլիֆոնիստ (պոլիֆոնիզմ = բազմաձայնություն):
Կոմիտասը համերգներ է տվել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Թիֆլիսում…Երաժշտության աշխարհում նա հայտնի մարդ էր, Եվրոպայի մեծ երաժշտագետների սիրելին: Սակայն երբեք չէր մեծամտանում: Անտարբեր չէր անցնում ժողովրդական երգի իր մշակումների մասին մամուլում լույս տեսնող դրական կամ բացասական հրապարակումների կողքից, չէր արհամարհում նույնիսկ սխալ արտահայտված որևէ կարծիք: Կարդալով իր ստեղծագործությունների մասին գրված յուրաքանչյուր խոսք՝ նա երկար մտածում էր՝ ինչպես, ինչ երգերով ճանապարհ հարթի դեպի մարդկանց սրտերը:
Սիրում էր գեղարվեստական գրականությունը և առանց ընթերցանության օր չէր անցկացնում: Գրքերում նա գտնում էր հոգեկան հանգստություն, կարդում էր, երբ խռովված էր լինում հոգին: Կարդում էր ոչ միայն հայերեն, այլև գերմաներեն և ֆրանսերեն: Աբովյանին համարում էր  իր առաջին ուսուցիչը, որից սովորել էր աշխատել, տքնել, պայքարել իր ժողովրդի ու ամբողջ մարդկության բարօրության համար: «Ուսանողությանս ատեն,- գրել է նա,- երբ առաջին անգամ կարդացի «Վերք Հայաստանի»-ն, հոգվույս մեջ այնպիսի ալեկոծություններ զգացի, որ երբեք չեմ մոռանար»:
Սիրում էր կարդալ քնարական բանաստեղծություններ, սիրած բանաստեղծներն էին Դուրյանը, Մեծարենցը, Սիամանթոն, Թումանյանն ու Իսահակյանը: Ինքն էլ գրում էր բանաստեղծություններ, որոնք արդար, ազնիվ աշխատանքի ու մաքուր սիրո մասին էին:
Իր ստեղծագործական կյանքի չորս հնգամյակներին Կոմիտասը 3000-ից ավելի ժողովրդական երգ մշակեց, գրեց 80 խմբերգ, դաշնամուրի ընկերակցությամբ 40-ից ավելի մեներգ, դաշնամուրային 6 պար, «Պատարագ»-ը, «Տեր ողորմեա»-ն և հոգևոր այլ երգեր, ստեղծագործեց «Անուշ»-ի երգային հատվածները:
Սակայն կիսատ մնացին ստեղծագործական շատ ծրագրեր. «Անուշ», «Սասնա ծռեր», «Վարդան» օպերաների կոմիտասյան մտահղացման երաժշտական բեկորներն են միայն հասել մեզ:
Գավառական մի փոքրիկ քաղաքում ծնված ու շուտ որբացած փոքրիկ Սողոմոնին՝ մեր Կոմիտասին, այժմ ճանաչում, գնահատում է ամբողջ երաժշտական աշխարհը:
Ջուլի Սիմոնյան և ընկերներ

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>