Վարդավառի ծիսական խաղեր․ նկարագրություններ

Ավանդական կենցաղում  Վարդավառին  կազմակերպվում   և անցկացվում էին տոնախմբություններ, որոնց ժամանակ պատանիները, երիտասարդները, հասակավոր տղամարդիկ  մրցում էին միմյանց հետ՝ ըմբշամարտից, մականախաղից, ձիարշավից, զինախաղից և այլն:

Միաժամանակ տեղի էին ունենում ճոճախաղեր, ճլորթի: Վարդավառի ամենասիրելի և առանձնահատուկ խաղերը՝ ջրախաղերն էին: Միմյանց կատակով ջուրը գցելը, միմյանց վրա ջուր լցնելը այս տոնի պարզապես խաղեր չէին, այլ Վարդավառի տոնի հանդիսավոր արարողություն, որը պարզապես անհրաժեշտություն էր:

․․․․․․

Վանում պատանիները թաղ-թաղ բանակներ էին կազմում, պարսատիկներով և նետ ու աղեղներով կռվում միմյանց դեմ՝ ի հիշատակ Հայկի և Բելի կռվի: «Յուրաքանչյուր թաղի մեջ թաղեցիք, մի քանի հերոսի անուն հանող խմբապետներու առաջնորդությամբ խումբերու բաժանված, կը զինվեին պարսատիկով, քարի պայուսակով, նաև բիրերով, և ուրիշ թաղի խումբերուն վրա յարձակում կը գործեին, որ իրենց լեզվով պասալու կը կոչվեր: Երկու ախոյան խումբերը կատարյալ վրեժխնդրության ոգիով լի՝ կը սկսեին իրենց պարսատիկներով երկուստեք քարեր տեղալ իրարու վրա պատերազմելու հանգամանքով, երկու կողմերն վրա տալով շատ անգամ գլուխ, աչք և ուրիշ անդամներ, մինչև իսկ երբեմն ալ կյանքեր: Կռիվը երթալով կտաքանար , մինչև սույն խումբեր երբեմն իրարու խառնված կը սկսեին գործածել նաև իրենց բիրերը՝ զանոնք իջեցնելով իրարու վրա կամ մենամարտելով գիրկ ընդ գիրկ: Ասկէ ետք կամ այն է, որ խումբերեն մեկը պարտված տեղի կու տա, կամ նույն թաղերուն մեջ եղած մեծավորներու միջամտությամբ վերջ կը տրվեր կռվին»:

Աղբյուրը՝ Հրանուշ Խառատյան-Հայ ժողովրդական տոներ 

Ըմբշամարտ՝ կոխ

Կոխը ռազմաֆիզիկական նշանակություն ունեցող հայկական ազգային մենամարտի տեսակ է: Այն եղել է տոնախմբությունների, ուխտագնացությունների, հարսանիքների եւ այլ հավաքույթների անբաժան մասը: Խաղացել են նաև Վարդավառի ժամանակ: Կոխը կոչվել է նաև  գոտեմարտ, գոտեկռիվ, բազմամարտ, չոքագյուլաշ, գուռաշ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտրի:

Միջնադարյան Հայաստանում կոխն անցկացվել է հատուկ տեղերում, որոնք կոչվել են գուպարատեղեր, մարզարաններ, մրցասպարեզներ, մեյդաններ:

Մարզիկները մրցությանը մասնակցել են մարզաչուխաներով։ Հանդիպումները սկսվում  են միայն ազգային երաժշտության ներքո պարելուց հետո:

Դրա նպատակը մկաններ «տաքացնելն» ու նախավարժանք կատարելն է: Մենամարտը սկսելուց առաջ մարզիկները բարձրացնում են ձեռքերն ու միմյանց ափերին հարվածելուց հետո միայն սկսում պայքարը:

Աղբյուրը՝ sport.mediamax.am

Ըմբշամարտ՝ կոխ-Բագրատ Երիցյանի վարպետության դասը․ տեսաֆիլմը՝ Մարինե Մկրտչյան

Ըմբշամարտ՝ կոխ

Զինախաղեր

Պատանիների, երիտասարդների և զինվորականների մրցություններ են։ Պատանեկան զինախաղերը (բերդախաղեր, լախտախաղեր, մկնդախաղեր, ճիպոտներով թրակռիվ, դաշույնակռիվ և այլն) ունեցել են ռազմասպորտային բնույթ։ Խաղակիցներին իրավունք էր վերապահվում հարվածել հակառակորդին, բայց, դարերով մշակված կանոնների համաձայն, խեղումներ չառաջացնել (Մխիթար Գոշի Դատաստանագրքում խաղերում դիտավորություն ցուցաբերողներին պատժելու հոդված է նախատեսվել)։

Երիտասարդական զինախաղերի (սուսերախաղեր, նիզակախաղեր, պարանախաղեր, ավելի ուշ՝ հրազենով նշանառություն և այլն) մեծ մասը կատարվում էր ձիավարությամբ։ Օգտագործվում էին նաև իսկական զենք ու զրահ (սուր, նետ ու աղեղ, հրազեն, սաղավարտ, վահան, դիմակալ, լանջապանակ և այլն)։

Պարսից, արաբական, բյուզանդական և թուրք տիրակալներն արգելում էին հայկական զինախաղը, ուստի երիտասարդությունն օգտագործում էր հարսանեկան ծեսերը, ուխտագնացությունները և այլ տոնակատարություններ, որոնց ժամանակ ծիսական քողի տակ տեղի էին ունենում հեծյալ զինախաղերի որոշ տեսակներ։

Հեծյալ խաղեր

Ռազմամրցակցային խաղերը գալիս են դեռ նախնադարյան ժամանակաշրջանից: Ինչքան էլ որ ժամանակի ընթացքում փոփոխվել են դրանց արտահայտչամիջոցները, այնուամենայնիվ, դրանք մինչ օրս էլ պահպանել են իրենց առաքելությունը, այն է՝ ռազմական դաստիարակությունը և առողջ մարմնի կոփումը: Նման խաղերը բնորոշ էին բացառապես արական սեռի ներկայացուցիչներին: Բնական է, որ Հայաստանում պետք է լինեին նաև ձիերի մասնակցությամբ խաղեր, քանի որ Հայաստանում զբաղվում էին ձիերի բուծմամբ և ընտելացմամբ:

Հեծյալ խաղերը կամ ձիախաղերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Դրանցից առաջինը ձիու մասնակցությամբ իրականացվող խաղերն էին կամ ձիավարությունները, որտեղ ձիերը նույնպես փորձարկվում էին արագավազության մեջ: Երկրորդ խումը կազմում էին նիզակախաղերը, որտեղ մասնակիցները նստում էին ձիու վրա, ձեռքներին ունենալով փայտե նիզակ, փորձում էին խոցել հակառակորդին:

Գոյություն ուներ նաև, այսպես կոչված, սպարապետների մենամարտ խաղը, որի ժամանակ մասնակիցներն իրենց սաղավարտի վրա փետուր էին ամրացնում և մենամարտի ընթացքում փորձում էին նիզակով հակառակորդի փետուրը գետնին տապալել:

Այսպիսի ձիախաղերը կամ հեծյալ խաղերը պահպանված են եղել մինչև 20-րդ դարի սկիզբը, և տարածված են եղել հիմականում իշխանավորների շրջանակում: Դրանք հիմնականում խաղում էին տոնակատարությունների ժամանակ:

Աղբյուրը՝ armgeo.am

Հայլկական խաղ՝ Սպարապետի կռիվ

Ձիախաղեր

 

Մականախաղ

Մականախաղը Հայաստանում տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Խաղացել են հեծյալ և հետիոտն։ Այժմ Հայաստանում ժամանակակից մականախաղով զբաղվում են սկսած 1969 թվականից։ Մականախաղի մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Հովհան Մամիկոնյանի, Թովմա Արծրունու աշխատություններում և «Սասնա ծռեր» էպոսում։ Մականախաղը տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում հինգ անվանումներով՝ «հեծյալ մականախազ», «բռնուկ հոլ», «ճըզհոլ», «թըքհոլ» և «կուրտուն հոլ»:

Ճլորթի կամ ճոճախաղ

Տոնի տարածված խաղերից էր ճլորթին կամ ճոճախաղը։ Այն կազմակերպվում էր բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմերում։ Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին աղջիկ ու տղա էր կանգնում:

Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ երեխաների խաղերն են: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, կամ երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Այս խաղերը ժողովուրդը համարում էր արագ մարսողության միջոց, որին զուգակցում էին նաև ծամոն ծամելը:

Ճոճվելուց երգում էին ճլորթու երգեր կամ ասում ասիկներ՝

…..

Թու, էնա տարան

Թու, էնա տարան

Զըմեզ տարան,

Զիս չտարան:

․․․․․․

Թու էնա պուճախ, թու էնա պուճախ,
Մեր քավորանց մեղրի պուճախ,
Շեն կենա իմ հոր օջախ:

Թու էնա պարան, թու էնա պար

Ամեն տարան, զիս չըտարան:

…..

Ճլորթի բաղի,

Շիշիրի թաղի

Շիմշիրը փուլ կայ

Տակովը ճյուր տայ:

…..

Քյու, քյու , քյուվանջա,

Իմ աղբերը Գյանջա,

Գյանջու խանի դռանը,

Կանաչ կապեն կռանը:

…..

Ճղորի մազե լարան,

Բթուն տարան, ձի չտարան,

Հանտ հանանոր

Ես մեռնեմ խաթուն տիրամոր:

 

Ամառը՝ լողալու ժամանակ արև կանչելու խաղեր, ասիկներ

Ամռանը, երբ երեխաները լողանում էին և երբ վրա էր հասնում ամպամածությունը, իբրև աղերս արեգակի հասցեին՝ արտասանում էին: Շատ լողացողներ դուրս էին գալիս, երկու քար իրար խփում, գցում ջրի մեջ՝ ընկերներին բարկացնելու համար այս տողերն ասելով՝

…..

Կրո կրո ձեն էրա

Վարդըվորի ձու էրա

Քեռնկինդ առա:

…..

Արև, արև, ելի դուրս,

Թուր ու թվանք թալիմ թևս,

Թաֆտա շապիկ վըր թևերուս,

Օսկի աբրջան հանիմ դուս:

…..

Արև, արև եկ, եկ,

Զիզի քարին վեր եկ,

Հորն ընկնեմ, ձորն ընկնեմ,

Քու հեր, քու մեր եկել ա,

Թուր ու թվանք բերել ա,

Գոմշու ոտին տվել ա,

Դռան տակին հորել ա,

Մուկն եկել ա հանել ա,

Կատուն ետնեն վազելա:

 

Ալեքսանդրապոլում ամպը որոտալիս երեխաները մեջքները պատին քսելով արտասանում էին.

…..

Ամպը գոռաց,

Մուկը ճռռաց,

Մայրամ խաթուն

Թախտը նստավ:

…..

Ամպը գոռաց,

Մուկը ճռռաց,

Նազ խաթունս

Վարտիքն առավ

Դուրս թռավ:

…..

Ամպը գոռաց,

Մուկը ճռռաց,

Հարս խաթունը

Դուռը մնաց: