«Հաջողության գրավականը». 20-ամյա երիտասարդ երաժիշտ, ում համար կիթառի հետ «հանդիպումը» ճակատագրական եղավ

Երաժշտական  հետաքրքիր հոդված կրթահամալիրի երիտասարդ դասավանդող, կիթառահար Դավիթ Աֆրիկյանի մասին  erit.am կայքում:

Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Շարք, որի շրջանակում խոսվում է այն հայ երիտասարդների մասին, ովքեր երիտասարդ տարիքում արդեն հաջողությունների են հասել: Այս անգամ ներկայացնում ենք 20-ամյա երաժիշտ Դավիթ Աֆրիկյանին:

Երաժշտության մեջ կլանվելը, կիթառի հետ առաջին ու ճակատագրական «հանդիպումը»…

Անկեղծ ասած, երբեք մասնագիտական առումով երգով չեմ զբաղվել: Դպրոցական տարիներին՝ մոտ 11 տարեկանից, երգում էի միջոցառումների ժամանակ, սակայն այդ ամենը միայն սիրողական մակարդակի վրա էր: Կիթառ սկսել եմ նվագել 15 տարեկանից. ինքնուս եմ: Ինչպես սիրում է ավագ սերունդն ասել՝ պատանեկան անցումային շրջանում էի, երբ իսկապես թե՛ աշխարհայացքումս, թե՛ երաժշտական ճաշակիս, թե՛ նախասիրություններիս հարցում սկսեցի այլ վերաբերմունք դրսեւորել: Ինչ խոսք, կարելի է ասել, 15 տարեկանից հասկացա, որ ես սիրում եմ երաժշտություն եւ, ավելին, ապրում եմ դրանով: Սկսեցի լսել բլյուզ եւ պարզապես սկսեցի սիրողական նվագել՝ ինքս ինձ համար: Շուտով սիրողական մակարդակը վերածվեց ապրելակերպի:

Ոգեշնչման աղբյուրները…

Էրիկ Կլեպտոն, Բի Բի Քին. կարող եմ ասել, որ նրանց լսելու շնորհիվ եմ ոգեշնչվել ու սկսել ինքս նվագել: Նրանք արտասովոր էներգիա ունեն: Նրանց նվագած ամեն նոտա զգում ես, ապրում: Ինչպես բոլոր երաժիշտները, այնպես էլ ես իմպրովիզներ շատ եմ անում, ընդ որում՝ ամեն անգամ տարբեր: Կարծում եմ, որ երաժիշտն իր ձեռագիրը ձեւավորում է՝ հենց իմպրովիզները յուրահատուկ մատուցելով: Ես կրկնօրինակումների կողմնակից չեմ, քանի որ այդպիսով չես կայանա: Պետք է պահել հիմնական մեղեդին, սակայն ներկայացնել յուրովի:

Ակումբային ելույթներն ու «Davit Afrikyan Blues band»-ը…

Ակումբային ելույթներս շատ պատահական մեկնարկեցին: Մոտ մեկ տարի առաջ էր, երբ կիթառահար ընկերս լսեց ինձ ու առաջարկեց համագործակցել: Եվ ծնվեց բենդով հանդես գալու գաղափարը: Կրկին փոքր քայլերից սկսեցի համագործակցային գործընթացը, ներգրավվեցի այդ գործընթացում ու, կարելի է ասել, ավելի կլանվեցի երաժշտության մեջ: Սկսեցի ելույթ ունենալ «Ուլիխանյան ակումբում»: Ներկա պահին մտադիր եմ ելույթներով հանդես գալ մեկ այլ բենդի հետ, որի հետ փորձեր են ընթանում:

Առանց կիթառի կիսատ եմ…

Ես ինձ չեմ պատկերացնում առանց կիթառի, քանի որ ես երաժշտությունը զգում եմ հենց կիթառի միջոցով: Առհասարակ բլյուզ ոճն այդպիսին է: Երաժիշտն ամբողջ մարմնով զգում է երաժշտությունը, մատներիդ օգնությամբ դու ստեղծում ես երաժշտական այն մթնոլորտը, հոգեվիճակը, որը քեզ է պետք, ու արդեն սկսում ես երգել: Կիթառն այլ աշխարհ է ինձ համար: Անգամ եթե չերգես, ապա, միեւնույնն է, դու կարողանում ես մեծ էներգիա հաղորդել: Այլ կերպ ասած, կիթառն իմ մի մասն է, առանց նրա կիսատ եմ:

Ներկա պահին աշխատում եմ նաեւ մի շարք ձայնագրություններ անելու ուղղությամբ, սակայն՝ իմ ստեղծագործությունները: Չեմ շտապում, քանի որ ցանկանում եմ յուրահատուկ աշխատանքներ ներկայացնել՝ համեմված հայկական տարրերով: Վերջնական արդյունքի համար, գիտեմ, շատ պետք է աշխատեմ, սակայն պատրաստ եմ:

Համագործակցություններ ու Կլեպտոնի հետ երգելու երազանք…

Ես ուրախ կլինեմ լավ երաժիշտների հետ համագործակցելու համար, քանի որ կարծում եմ, որ փորձի փոխանակումը կարեւոր է: Այդպիսով դու կրկին որեւէ նոր բան ես սովորում կամ բացահայտում քեզ համար: Համաշխարհային աստղերից կցանկանայի ելույթ ունենալ Էրիկ Կլեպտոնի հետ, քանի որ, ինչպես նշեցի, նրան լսելով եմ ոգեշնչվել ու սկսել նվագել, ստեղծագործել:

Քննադատություններ, խորհուրդներ, բարձունքը հաղթահարելու ձգտում…

Քննադատություններին նորմալ եմ մոտենում: Դրանք միշտ լինում են ու բոլոր ոլորտներում: Միեւնույնն է, լինի լավ, թե վատ՝ քննադատվելու ու քննարկվելու է: Ի վերջո, եթե ես այս ոլորտն եմ ընտրել, ուրեմն պետք է ընդունեմ նաեւ այս ոլորտում առկա օրենքներն ու կանոնները: Պետք է պատրաստ լինեմ լսել ցանկացած կարծիք, քանի որ դրանք իսկապես օգնում են հասկանալու պահը, իրավիճակը, ինչու չէ՝ ինքդ քեզ: Գիտե՞ք, երբեմն այդ քննադատություններն են քեզ օգնում ավելիին հասնել, դրանք շատ բան են սովորեցնում ու հասկացնում: Միայն դրականը լսելով չի լինում երբեք: Ես իսկապես երբեմն ավելի լավ եմ ինձ զգում, երբ լսում եմ պրոֆեսիոնալ մարդկանց տեսակետները, կարծիքները, նրանց խորհուրդները, առաջարկները:

Ես դեռ 20 տարեկան եմ ու չեմ կարծում, որ այս պահին ես լիարժեք դրսեւորել եմ ինձ: Ո՛չ… Ես դեռ չեմ բացահայտել ինձ ամբողջությամբ: Ես դեռ շատ երիտասարդ եմ, շատ բան ունեմ սովորելու, իսկ որպես երաժիշտ աճելու համար ճանապարհս, կարծում եմ, անսահման է: Ամեն բան, որ ես անում եմ, միշտ մտածում եմ, որ հաջորդիվ պետք է ավելին անեմ: Ի վերջո, չես կարող հասնել ինչ-որ կետի ու կանգնել: Դա կտանի լճացման: Բարձունքը, որին ձգտում է յուրաքանչյուրը, պարզապես ճանապարհ է, որը, ըստ իս, անհասանելի է, սակայն՝ դեպի երազանքը տանող:

Հաջողության գրավականը…

Թերեւս կառանձնացնեմ 2 կարեւոր կետ. աշխատասիրությունն ու աշխատանքի հանդեպ սերը: Դրանք անբաժան են: Չես կարող ուղղակի սիրել երաժշտությունը, սակայն չաշխատես զարգանալու, սովորելու, ստեղծագործելու համար: Եվ իհարկե չես կարող ուղղակի աշխատել՝ աշխատելու համար: Երաժշտությամբ զբաղվելն ինքնին պարտականություն չէ, դա արվեստ է, հոգեվիճակ, որում դու պետք է լինես ամբողջությամբ՝ մտքով, սրտով, հոգով:

Մինչեւ կիթառ նվագելս տարբեր մասնագիտությունների մասին էի մտածում, պլաններ կազմում, սակայն կիթառը փոխեց կյանքս: Հիմա ես վստահորեն կարող եմ ասել, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ես ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում: Ես երաժշտության մեջ եմ, ապրում եմ, շնչում երաժշտությամբ:

Կատարումներից՝  Blues band -Ain’t No Sunshine

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>