«Մշակութային վերածնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2014 թ. փետրվարին: Ծրագրի գաղափարը հղացել է 2013 թ. օգոստոսին: Նպատակն է աջակցել հայ մշակույթի, արվեստների տարբեր ճյուղերի, հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն է, որի շրջանակներում հայ իրականության մեջ առաջին անգամ ստեղծվում է ավանդական երգերի ոսկե հավաքածու:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակը հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտության վերծանումն ու վերաձայնագրումն է, դրանց պահպանումն ու փոխանցումը սերունդներին: Նախագծի խնդիրների և նպատակների շրջանակներում իրականացվել է մասնագետների կողմից նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերվող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրատարակում: Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, նաև՝ աշուղական երգեր: Երգացանկում ներառված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակներում համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվեն հայ հոգևոր երաժշտական մատյանները (Շարակնոցը, Ժամագիրքը):
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրն իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ:
Նախագծի մտահղացման հեղինակ՝ Արթուր Ջանիբեկյան
Նախագծի պրոդյուսեր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյան
Նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր՝ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյան
Նախագծի համակարգող՝ արտ-մենեջեր Մարինա Սուլթանյան
Հայկական ազգային երաժշտական գանձարանի կայքը
Գրել պատասխան