Հատված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի զրույցից: Մեկ դարից ավել է անցել, բայց կարծես ոչինչ չի փոխվել, խնդիրները նույնն են մնացել:
Զրույցը տեղի է ունեցել 1905թ. գարնանը, Թումանյանի Թիֆլիսի բնակարանում:
– Կոմիտաս ջան, ասել կուզի՝ եկել ես, որ Թիֆլիսը գրավես քո երգերով, չէ՞: Շատ լավ ես արել: Վաղուց էր պետք:
– Այդպիսի մի չար միտք ունեմ:
– Հիանալի միտք, – շեշտեց Թումանյանը: – Համա գիտե՞ս, որ մեր էսպես կոչված արիստոկրատ մեծատները համարյա օտարացել են, ռուսացել: Վաճառական դասն էլ հետևում է նրանց. ուզում է սիրամարգի պես նազանքով ճեմել, մոռանալով, որ ագռավը չի կարող սիրամարգի խելք ունենալ: Մնում են արհեստավորները, նրանք էլ շատ են աղքատ. օր ու գիշեր տանջվում, ջան են մաշում մի պատառ հացի համար: Էլ ո՛չ ժամանակ կա, ո՛չ սիրտ՝ հետաքրքրվելու երգով, նվագով, մանավանդ գրականությամբ: Օրինակ, իմ ընթերցողը բացառապես հայ աշակերտությունն է և գյուղերի տված ինտելիգենցիան: Գիտեմ, որ հատուկենտ հայ բուրժուաներ «հայրենասիրաբար» գնում են հայերեն գրքեր, բայց ինչպես չինացին չի կարդում այդ գրքերը, էնպես էլ նրանք:
– Ես իրազեկ եմ այդ տխուր երևույթին, բայց երաժշտությունը, որպես ինտերնացիոնալ արվեստ, ավելի բախտավոր է, – ասաց Կոմիտասը, – երաժշտություն, մանավանդ երգ հասկանալու համար անպայման չի պահանջվում իմանալ այն լեզուն, որով գրված է տվյալ երգը: Ճաշակով հորինված ու վարպետորեն կատարված երգի ազդեցությունը լսողի վրա մեծ է, երբեմն ուժեղ, եթե մարդը զուրկ չէ լսողությունից և առհասարակ զգացվելու հույզից:
– Այո, բայց մեր էսպես կոչված բարձր խավի լսողները ժողովրդական երգին վերաբերվում են քմծիծաղով և առանց ամաչելու ասում են, որ նրանից աթարի հոտ է գալիս:
– Ավելի վատ այդպես ասողների համար, որովհետև ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների բույրն է. նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած, նման «պիպու» կոչվող թռչունին, որը շուտ-շուտ փոխում է իր բույնը, կարծելով թե բույնը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է:
– Պա՜հ, ինչ լավ համեմատություն արիր, Կոմիտաս ջան:
– Է՜հ, Օհաննես, խոսքը մերը, տունը մերը, խոսենք անկեղծաբար, – ասաց Կոմիտասը թառանչով: – հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք. մենք քաշվում, մենք ամաչում ենք բացեբաց գնահատել, մանավանդ սիրել մեր արժեքները. լինի դա կուլտուրական նվաճում, թե կուլտուրական դեմք, անձնավորություն:
– Էդ դրուստ ես ասում, – վրա բերեց Թումանյանը:
– Կասեմ ավելին, – շարունակեց Կոմիտասը, – ստրկամիտ մարդուն հատուկ մոլությամբ փնտրելով մերը՝ մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբեմն նաև մերը, բայց այն, ինչն իրապես ո՛չ մի արժեք չունի:
– Էդ էլ ճիշտ դիտողություն է, Կոմիտաս, բայց դա ցեղային հատկանիշ չէ. դա հետևանք է այն բանի, որ կորցնելով մեր քաղաքական անկախությունը, ապրելով իրավազուրկ դրությու օտարների դաժան լծի տակ՝ դարեր շարունակ մենք մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար համակերպվել, հարմարվել ենք տեսակ-տեսակ բռնակալությունների, և դա իր անպիտան կնիքն է դրել մեր բնավորության վրա: Ուշագրավ փաստ է, որ այդ գիծն ավելի ցայտուն կերպով երևում է ո՛չ թե հասարակ ժողովրդի, այլ իմ ասած “բարձր խավերի” մեջ, որոնք ինչպես անցյալում, նույնպես ներկայումս, հանդիսանում են միջնորդ օղակ օտարների և ժողովրդական ճնշված մասսաների միջև:
Կոմիտասի դեմքին ծաղկեց մի տխուր ժպիտ: Նա իր արտահայտիչ աչքերի ջերմ հայացքով մի րոպե լուռ նայեց Թումանյանին, ապա ասաց.
– Օհաննես, ասածդ վշտացրեց ինձ. բնորոշելով մեզ, բնորոշելով մեր ժողովուրդը՝ դու փորձում ես քո պատմական տեսությամբ մեղմել իրողության ծանր տպավորությունը: Մենք կանգնած ենք այլասերման ճանապարհի վրա, եթե շարունակվի այն, ինչ գոյություն ունի:
– Ո՛չ, Կոմիտաս, այլասերվում է ո՛չ թե ժողովուրդը, այլ բուրժուական տարրը, – առարկեց Թումանյանը եռանդով: – Աշխատանքը կենսունակության աղբյուր է, աշխատանքի մարդը ամեն հասարակության առողջ կորիզն է, որ պայքարում է տվյալ հասարակության օրգանիզմը քայքայող բոլոր ախտերի դեմ: Եվ դարերի ստրկությունը չի կարողացել ոչնչացնել այդ հրաշալի կորիզը, նա ապրեցրել է մեր ժողովուրդը, կապրեցնի նաև այսուհետև:
Աղբյուրը՝ «Ես հայ եմ» ֆեյսբուքյան էջ
Գրել պատասխան