ԱՅՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Տիգրան Մանսուրյան

Մի քանի տասնամյակ առաջ կարծում էի, թե երաժշտությունը, որ հիմա իրենք են գրում, երբեք չի գրվելու մեզանում։ Երիտասարդ տարիքիս հավատում էի, որ ետվեբեռնյան շրջանի կոմպոզիտորական հնարների և Կոմիտասի՝ նվազագույն հնչյուններով ներկայացող հորինման միջոցների համադրմամբ է ստեղծվելու իմ և իմ սերնդակիցների երաժշտությունը՝ այս ձևով յուրացնելով արևմուտքի կոմպոզիտորական հնարների նորագույն համակարգը, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով կոմիտասյան ավանդույթին։ Մի խումբ երիտասարդ երաժիշտներով այս սկզբունքը կիրառելու կարծես թե հաջողված փորձերն էլ էինք արել… Սակայն որոշ ժամանակ հետո հասկացա, որ «մեծ երկրի» շքանշանակիր «մեր» ավագները, որոնք տիրապետում էին գեղագիտության և վարչարարության անառիկ ամրոցներին, այս խնդրի հետ կապված իրենց հարցերը վերջնականապես լուծել էին՝ անիմաստ դարձնելով թե մեր մտադրությունը, և թե այս սկզբունքով գրված մեր գործերի նշանակությունը։ Խոստովանեմ, որ այդ տարիներին ես ու ինձ նման մտածողները մեզ պարտված էինք զգում. մենք կարծես դադարել էինք այլևս մեր «ավագներին» մտահոգելուց… գլխահակ էինք ու մտամոլոր… թեև փոքր խմբով մենք մեր գործը շարունակում էինք հաստատորեն ապագա չխոստացող ամայության մեջ։

Ահա եկել են նոր երիտասարդներ, և երեկվա «պաշտոնական» գեղագիտությունը հանդարտորեն մոռացության դաշտ է մտնում։ Այս երիտասարդները պատրաստ են մասնակցելու նորագույն երաժշտության հոլովույթի համընդհանուր ընթացքին։ Նրանց սիրում եմ։

Սեղանիս է հայ երիտասարդ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների մի ժողովածու՝ հրատարակված Լոս Անջելեսի «Դրազարկ» հրատարակչատան կողմից, պատշաճորեն գեղեցիկ, ընտիր։ Ժողովածուի մեջ տեղ գտած դաշնամուրային գործերի կատարումներից գոյացել է նաև մի խտասալիկ՝ կատարողական վայելուչ որակով, նույնքան գեղեցիկ ու ընտիր։ Խտասալիկում ներառված գործերը նվագում է կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովը։ Նոտաների ժողովածուն ծանոթագրել, խմբագրել և մի վերլուծական առաջաբանով ներկայացրել է նույն Արթուր Ավանեսովը՝ այս անգամ իբրև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող-երաժշտության տեսաբան։ Այսպիսով Ավանեսովը (ծնվ. 1980թ.) ներկայացնում է իր տարեկից հայ հեղինակներին։

Երբ ձեռքդ ես առնում այս նոտաներն ու խտասալիկը, հիացումի և շնորհակալության զգացում ես ապրում Արթուր Ավանեսովի և «Դրազարկ» հրատարակչության տնօրեն Վաչե Պարսումյանի հանդեպ (վերջինիս ջանքերի շնորհիվ են հրատարակվել թե ժողովածուն, թե խտասալիկը)։

Ավանեսովը լավագույն ներկայացուցիչն է այս սերնդի։ Պատահական չէ, որ ինքն է այս ժողովածուն կազմողը, խմբագրողը և ստեղծագործությունները կատարողը։ Բավական է ասել, որ 2005-ին Փիեռ Բուլեզի կողմից կազմված ժամանակակից երաժշտության Laboratorium-ի անդամ է։ Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի (ատենախոսություն է պաշտպանել Ձեն բուդիզմի փիլիսոփայության և ժամանակակից երաժշտարվեստի առնչությունների վերաբերյալ)։

Ժողովածուի մեջ իրեն շրջապատող երաժիշտները չորսն են։ Ամենաերիտասարդը Վարդան Հարությունյանն է (ծնվ. 1987թ.), ամեաերեցը՝ Վաչե Շարաֆյանը (ծնվ. 1966թ.)։ Արթուր Աքշելյանն ու Արամ Հովհաննիսյանը 1984-ի ծնունդ են։ Այս երիտասարդները կոմպոզիտարական արվեստի միջազգային մրցույթներում քանիցս մրցանակ շահողներն են, իրենց սերունդը Հայաստանից դուրս առավել հաճախ ներկայացողները։

Ավանեսովը ժողովածուն կազմելիս, անշուշտ, ընտրել է երիտասարդների մեջ առավել աչքի ընկնողներին, օժտվածներին։ Հեղինակներից յուրաքանչյուրը իր ստեղծագործության մեջ ներկայանում է հետաքրքրությունների իր ուղղվածությամբ, ինչու չէ՝ նաև անհատականության իր որոշակի նկարագրով։ Այս երաժիշտները լավագույն ձևով են ներկայացնում իրենց սերունդը։ Ժողովածուի մեջ տեղ են գտել նաև իր՝ Ավանեսովի ստեղծագործությունները։

Անգլերենում, ֆրանսերենում (նաև ռուսերենում) երաժշտություն ներկայացնելիս «խաղում են» (հայերենում երաժշտական գործիք նվագելն ու խաղ խաղալը տարբեր բառերով են արտահայտվում, ոչ թե, օրինակ, ռուսերենի նման մեկ՝ «играть» կամ անգլերենի նման «play» բառով, այլ տարբեր բառերով են արտայայտվում)։ Այս ժողովածուում ներկայացված երիտասարդների գործերի մեջ հստակորեն երևում է, որ երաժշտություն գոյացնելիս նրանք թե նվագել են և թե միաժամանակ խաղացել։ Այստեղ ազատ խաղի մեջ գտնվող երիտասարդների դաշնամուրը (ավելի լավ է ասել դաշնամուրայնությունը), իհարկե, յուրացրել է նորագույն դաշնամուրային մտածողությունը ներկայացնող այսօրվա վարպետների փորձը, առնվազն՝ ծանոթ է այդ փորձին։ Եվ ահա այստեղ է, որ խաղը և գեղարվեստորեն հասուն արդյունք բերած խաղի ուրախությունը վերջնականապես հրաժեշտ են տվել երեկվա երաժշտագեղագիտական գաղափարախոսությանը, և այս ժողովածու-խտասալիկ փոքրիկ փունջը սրա վկայությունն է։

Այս երիտասարդների խելացի «խաղը» նվագ է, դաշնամուրային հնչողության խորքերը մտնելու, այնտեղ գունային հետաքրքիր շերտեր հայտնաբերելու և զգայնությունների ոլորտ կենդանացնելու կարողությամբ օժտված։ Ներկայացված խաղ-նվագը գիտի մի կողմից տրվել ազատ ներշնչաքին, մյուս կողմից՝ հարգել իր իսկ նախընտրած այդ խաղի կանոնները։ Գիտի հմայվել դաշնամուրի հնչյուններով, նաև այդ հնչյունները ենթարկել իր նախընտրած այս կամ այն կոմպոզիցիոն կառուցողական սկզբունքին։ Խաղ-նվագը առաջնորդող մտքի աշխույժը գիտի և «լուրջ լինել», և «սրամտել»։

Այլ հարց է, թե այս երաժշտությամբ հիշյալ ստեղծագործությունները ազգային պատկանելիության հիմքերի հետ կապվա՞ծ են, արդյոք։ Մեջբերելով Արթուր Ավանեսովի՝ նախաբանում դրած հարցը, մենք էլ հարցնենք. «Արդյո՞ք նրանք շարունակում են ավանդույթները՝ զարգացնելով և ընդլայնելով դրանք, թե՞ արմատապես հերքում որևէ ժառանգականություն»։ Ինչպես Ավանեսովի առաջաբանը, այնպես էլ ես պիտի հրաժարվեմ այս հարցի պատասխանն առաջարկելուց։ Մի անգամ էլ մեջբերելով երկու տող առաջաբանից՝ ասեմ. «Պատասխանը բերված է ստորև՝ երաժշտության տեսքով, և ամեն ոք կարող է այդ երաժշտությանը ծանոթանալուն պես հանգել ուրույն եզրակացությունների»։ Այսքանին ինձ մնում է ավելացնել, որ ավանդույթի նոր դրսևորումները երբեմն առաջին հայացքից անսովոր «օտարացման» ձևեր են առնում։ Սակայն, կարծում եմ, երաժշտությունից սպասվող գեղարվեստական հաճույք վայելելու բուն նյութը նաև այդ «օտարացման» շերտի տակ ավանդույթի նոր կյանքը հայտնաբերելն է (եթե այն իրոք գոյություն ունի), ինչքան էլ այն անսովոր ու տարօրինակ դրսևորում ունենա։ Կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս երիտասարդների հետ մենք ավանդույթի և «երաժշտական գենետիկ հիշողության» ներսում ենք՝ բացված մեզ շրջապատող երաժշտական անցուդարձի շարժերին։

2012 փետրվարի 09

Աղբյուրը՝ Եկատերինա Գրիգորյանի բլոգից

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>