Կրթահամալիրի դաշնամուրի դասավանդող՝ Լիլիթ Աթաքելյանի հոդվածը:
Դաշնամուր նվագել սովորել անհրաժեշտ է վաղ տարիքից: Հատկապես մինչև տաս տարեկան հասակը մարդկային ուղեղում սկսվում են ի հայտ գալ երաժշտական ընդունակություններ և ունակություններ, որոնք հասուն տարիքում ավելի դժվար է ձեռք բերվում: Հռչակավոր դաշնակահարներից շատերը դեռևս սկսել են սովորել նվագել փոքր տարիքից և դա զուգադիպություն չէ: Ս. Ռախմանինովը, ով հայտնի է ամբողջ աշխարհին որպես դիրիժոր, դաշնակահար և ստեղծագործող, սկսել է սիստեմատիկ պարապմունքները հինգ տարեկանից մայրիկի ղեկավարությամբ: Չնայած չարաճճի և կենսուրախ տղային ձանձրացնում էին միօրինակ գամմաները և վարժությունները ,այնուամենայնիվ մեծ հաճույքով և բարձր վարպետությամբ վերարտադրում էր մեծերի կատարումները:
Շվեդացի գիտնական և դաշնակահար Ուլլենի խոսքերով մանկությունը կյանքի լավագույն ժամանակահատվածն է ,երբ զարգանում են մարդկային ուղեղի սպիտակ զանգվածը և բրգաձև տրակտը, որոնք պատասխանատու են դաշնակահարի ուղեղի և մատների համար : Իսկ վոկալով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում: Շվեդ գիտնականը հետազոտելով ութ դաշնակահարի ,ովքեր վաղ տարիքում են սկսել նվագել,եկել են այն եզրահանգման, որ նրանց բրգաձև տրակտը ավելի զարգացած կառուցվածք ունի:
Սովորել նվագել կարելի է մեկ տարում, իսկ լավ նվագել և որոշ չափով տիրապետել գործիքին ՝ տարիներ են պետք: Ուզում եմ թվել բնավորության այն հիմնական գծերը,որը պետք է ունենա դաշնակահարը: Աշխատասիրություն,համբերություն,կամքի ուժ,երաժշտականություն, գիտելիքների մեծ պաշար արվեստի բնագավառում, փայլուն հիշողություն, համառություն և այլն: Լավ նվագելու համար ի հարկե առաջին հերթին լավ տեխնիկա է պահանջվում,հատկապես ձախ ձեռքի թերզարգացածությունը բերում է ավելի շատ ձախ ձեռքի համար գրված էտյուդների ընտրությանը:
Ամենապահանջված գործիքներից մեկն է աշխարհում,որը հնչում է ամենուրեք՝ դասական համերգներին,էստրադա,ջազ,ռոք, բալետի դասարաններում,թատրոններում,ռադիոյում,տներում, փողոցներում :
Դեռևս քսաներորդ դարի սկզբին հյուսիսային Ամերիկայում՝ կովբոյների գարեջրատներից մեկում մի ցուցանակ կար կախված,որի վրա գրված էր.՛՛Մի կրակեք դաշնակահարին,նա նվագում է այնպես, ինչպես կարողանում է՛՛: Բնականաբար քսաներորդ դարում կովբոյների երկրում դժվար թե լինեին թեկուզ դաշնամուր նվագել իմացողներ, բայց փաստը մնում է փաստ,որ հարգանքի էր արժանի գործիքը: Հայտնի դաշնակահար Ֆեռուչչո Բուզոնին կասեր .՛՛Ով կասկածում է, թող հիշի,թե ինչպես են իրենց իմաստուն խոսքերով գնահատել դաշնամուրը Բախը,Մոցարտը,Բեթհովենը, Լիստը՛՛:
Նրանք ովքեր ընտրել են այս մասնագիտությունը կանգնած են խնդրի առջև: Չէ որ մենք երբեք չենք դառնալու աշխարհահռչակ դաշնակահար ինչպիսիք են Հորովիցը,Գուլդը. երբեք չենք նվագի Կառնեգի հոլում, կամ աշխատում ես այնպիսի երեխաների հետ ,ովքեր չեն սիրում պարապել,կամ գալիս են ծնողների պահանջով: Հաճախ նույնիսկ հանդես ես գալիս որպես նվագակցող ,ինչը մեծ վտանգ է ներկայացնում մենակատար դաշնակահարի համար: Բայց այս գործիքը այնպիսինն է ,որ նվիրվում ես իմանալով որ չկան հեռանկարներ: Ես անձամբ սիրում եմ իմ մասնագիտությունը, դա կյանքի մի մաս է ,ես ինձ գտնում եմ հենց դաշնամուր նվագելիս:
Սովորելու ընթացքում մի շարք խնդիրներ են առաջանում և սովորողի համար, և դասավանդողի: Գրեթե բոլորը չեն սիրում պարապել, իսկ ծրագիրը գնալով բարդանում է ,դրա հետ մեկտեղ ավելանում է պարապելու ժամաքանակը: Հատկապես չորրորդ և հինգերորդ դասարաններում շատերն են հրաժարվում այդ պատասխանատվությունից,կամ չեն պարապում, կամ ընդհանրապես կիսատ են թողնում ուսումը: Հիմնականում դասավանդողը ծրագրային ընտրության սխալ է թույլ տալիս:Շատ կարևոր եմ համարում ծրագրի ճիշտ ընտրությունը,որը կարող է կամ հիասթափեցնել,կամ ոգևորել սովորողին: Դասը անց է կացվում այնպես ,որ սովորողը հասկանա տանը ինչի վրա պետք է աշխատի, կամ թողնել իմպրովիզացիաներ անի, հորինի սեփականը, կարճ ասած՝ չկոտրել նրա եսը,ցույց տալով քոնը: Ես սովորողներիս հետ միասին մասնակցում եմ համերգներին,ինչը նրանց ավելի է ոգևորում և շատ հաճախ անդրադառնում ենք հայ երաժշտությանը,որը տարածելու շատ մեծ խնդիր ունի:
Որևէ ստեղծագործություն կատարելիս շատ կարևոր է հասկանալ ստեղծագործողի միտքն ու գաղափարը: Բնականաբար կհանդիպեն տեխնիկական դժվարություններ,որը աստիճանաբար պետք է յուրացվի: Լավագույնը լսելն է,լսել տվյալ ստեղծագործության այն դաշնակահարի կատարումը, ով համարվում է հեղինակություն: Ցավոք ոչ բոլոր դասավանդողները կարող են հեղինակություն լինել իրենց սովորողի համար, սակայն գործն ավելի հեշտ է ,երբ գործ ունես տաղանդավոր երեխայի հետ: Նրան պետք չէ բացատրել կամ ցույց տալ ամեն ինչ, նա ինքնուրույն է գտնում երաժշտության միտքն ու գաղափարը:
Ահա դաշնամուրային նվագի հիմնական բնորոշ գծերը
- Տեխնիկական վարպետություն
Սա առաջնային կարևորագույն գծերից է: Հնարավոր չէ պատկերացնել լավ կատարում առանց մաքուր,արագ,ընդգծված և ճկուն տեխնիկայի: Մեծ ուշադրություն են դարձնում տեխնիկային,սակայն դա չարաշահել էլ պետք չէ,որը կարող է բերել մեխանիկական նվագի: Անտոն Գրիգորևիչն ասել է. ,, Դաշնամուր նվագելը դա մատների շարժումն է,իսկ կատարելը՝ հոգու: Մենք հաճախ լսում ենք առաջինը՞՞: Պետք չէ տարվել տեխնիկայով:
- Ճիշտ մեղեդային գիծ- ֆռազավորում
Մեղեդային գիծը ճիշտ հասկանալու համար պետք է ճիշտ վերարտադրել տեքստի մեջ գրված նշումները : Ցավոք ոչ բոլոր խմբագիրնեն են ճիշտ վերարտադրել հեղինակային նշումները:
- Տեմպի որոշումը
Եթե մեղեդային գծի կատարումը կախված է զգացմունքայնությունից,ապա տեմպի որոշումը կախված է երաժշտական ընդունակություններից: Սակայն ավելի ճշգրիտ տեմպը որոշելու համար հաճախ դիմում ենք մետրոնոմի օգնությանը, բայց ես ինքս դեմ եմ դրա չարաշահմանը և աշխատում եմ ինքս գտնել ճիշտ տեմպը:
- Կատարման ինքնատիպություն
Յուրաքանչյուր կատարող երաժշտությունը պետք է մեկնաբանի յուրովի,ինքնաարտահայտվելու հնարավոր բոլոր ձևերով: Կան կատարողներ ,ովքեր միշտ միանման են նվագում, որը կարելի է համեմատել մի ճաշատեսակի,որը մատուցում են ամենուրեք: Երբեք չես կարող կատարել Բախին այնպես ,ինչպես Մոցարտին,նրանք շատ տարբեր են:
- Պեդալի կարևորությունը
Ինչպես ասել է Անտոն Ռուբինշտեյնը. ՛՛Պեդալը համարվում է դաշնամուրի հոգին՛՛:Սխալ պեդալի դեպքում երաժշտությունը կարող է աղավաղվել: Սաֆոնովը Սկրյաբինի երկրպագուներին ասում էր. ՛՛Ինչ եք նայում նրա ձեռքերին,նայեք նրա ոտքերին՛՛: Պեդալից օգտվել սովորում են ամբողջ կյանքի ընթացքում, բավականին դժվար ճյուղ է դաշնամուրային կատարողականության մեջ:
- Երաժշտության իրական ընկալումը
Բազմաթիվ դասավանդողներ մեծ սխալ են թույլ տալիս բացատրելով սովորողին թե կոմպոզիտորը տվյալ ստեղծագործությունը գրելիս ոգեշնչվել է ինչ-որ բանաստեղծությամբ կամ պոեմով: Նույնիսկ ստեղծագործության անվանումն է սահմանափակում նրանց երևակայության զարգացմանը:
- Համերգը որպես ուսուցման ձև
Շատ կարևոր է ելույթի համար այնպիսի ստեղծագործություն ընտրել, որը երաժշտական դաստիարակչական և ուսուցողական նպատակի կծառայի հանդիստատեսի համար: Մի ծախսեք ձեր ժամանակը վատ երաժշտության վրա, կյանքը կարճ է:
- Ուղիղ կայծ
Պատկերացրեք երկու դաշնակահարի, ովքեր հիանալի տեխնիկա ունեն:Բայց նրանցից մեկի կատարումը ձանձրալի է ,անկենդան,իսկ մյուս դաշնակահարը կարողանում է հետաքրքրել և ոգեշնչել հանդիսատեսին:Ի հարկե ,հեղինակը ստեղծագործությունը հորինելու ընթացքում ոգեշնչված է եղել և կատարողը նույնպես պետք է նվագի այն նույն ոգեշնչմամբ ,ինչ հեղինակը: Իսկ հանդիսատեսը դա աստիճանաբար նկատում է և նույնիսկ ներում է սխալ նոտաները: Արթուր Ռուբինշտեյնը իր համերգներին բազմաթիվ սխալ նոտաներ էր թույլ տալիս, բայց հանդիսատեսը նրան սիրում էր: Այն հարցին,թե ինչու է այդքան սխալ նոտաներ թույլ տալիս, նա պատասխանել է . ՛՛ Ես նվագում եմ մեղեդին,այլ ոչ թե նոտաները՛՛: Սովորողը պետք է հասկանա ,որ նպատակը նա չէ, որ բոլոր նոտաները ճիշտ են,դա ընդամենը դեռ սկիզբն է: Ստեղծագործությունը պետք է քո մի մասնիկը դառնա:
Պատվիրաններ դաշնակահարներին
- Երբեք մի նվագիր անփույթ, նույնիսկ այն ժամանակ,երբ քեզ ոչ-ոք չի լսում
- Բախը կատարողականության հիմքն է , Լիստը՝ գագաթնակետը: Այս երկուսը ճանապարհ կբացեն դեպի Բեթհովեն:
- Հիշիր,որ դաշնամուրի վրա հնարավոր է ամեն բան, նույնիսկ այն,ինչն անհնարին է թվում- Բուզոնի
- Ցանկացած ստեղծագործություն սկզբում սովորեք աչքերով, հետո նոր գործիքի մոտ- Վալտեր Գիզեկինգ
- Կատարողից սպասում են,որ նա բացահայտի հեղինակին,կատարողը հեղինակի հայելին է- Ս. Ռիխտեր
- Աշխատեցեք դանդաղ,հետո շատ դանդաղ, իսկ հետո… ավելի դանդաղ- Սեն- Սանս
- Բաց մի թող ոչ մի օր առանց դաշնամուրի- Բուզոնի
Գրել պատասխան