Շարակնոցը շարականների ժողովածու է, բովանդակում է եկեղեցում աստվածապաշտության ժամանակ երգվող հոգևոր երգերը: Շարականները ստեղծվել են եկեղեցական տարբեր տոների առթիվ, Տերունական օրերին, սրբերի հիշատակին, պահքի օրերին երգելու համար: Շարական՝ շար-ական, այսինքն՝ թանկագին քարերի շարան, հոգևոր երգերի շարան: 12-րդ դարից հոգևոր երգերը կոչվեցին շարական, իսկ հավաքածուն՝ Շարակնոց, շարականագիրք: Հայ եկեղեցու հոգևոր երգերի հիմնական աղբյուրը հանդիսանում է Սուրբ Գիրքը, ինչպես նաև մատենագրությունը, պատմական դեպքերը, եկեղեցական պատմությունը, ավանդությունը, վարքապատումը:
Եկեղեցու հայրերն առաջին իսկ դարերից մեծ նշանակություն են տվել հոգևոր երգեցողությանը՝ կարևորելով նրա ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա: Սբ. Ներսես Լամբրոնացին գրում է. «Մարդկանց սրտում այն արթնացնում է շնորհի տենչանքը»:
Շարականագիտություն
Հայ եկեղեցում շարականագիտությունն սկսել է 5-րդ դարից և ճոխացվել, զարգացել ու շարունակվել է մինչև 15-րդ դարը: Շուրջ 1000 տարվա ընթացքում մեր շարականագիր հայրերի կողմից ստեղծվել և կանոնացվել է մոտ 2000 շարական: Մինչև 5-րդ դարը Հայ եկեղեցում հոգևոր երգերը երգում էին հունարեն և ասորերեն լեզուներով: 5-րդ դարից սկսյալ շարականները երգվեցին հայերեն լեզվով, ստեղծվեցին այլ հոգևոր երգեր, որոնց հեղինակները Սբ. Մեսրոպ Մաշտոցն ու Սբ. Սահակ Պարթևն էին, ապա՝ նրանց աշակերտները և ուրիշներ:
Հայ եկեղեցական երաժշտությունը երեք շրջաններ է ունեցել՝ սկզբնավորման, զարգացման, կատարելագործման: Սկզբնավորման շրջանը ընդգրկում է 5-րդ դարից մինչև 8-րդ դարը: Այս շրջանում շարականները հավանաբար դեռ ձայնագրված չէին, որովհետև խազերը գոյություն չունեին: Զարգացմանը շրջանը սկսել է 7-րդ դարի վերջից և հասել մինչև հայ ձայնագրության գյուտը (8-րդ դար): Հաջորդ դարերում երաժշտական նշանավոր կենտրոն դարձավ Տաթևի վանքը: Նշանավոր վարդապետներ էին՝ Հովհաննես Սարկավագ վարդապետ Սանահնեցին և Խաչատուր վարդապետ Տարոնացին: Խաչատուրը մեծ դեր է ունեցել խազերի մշակման գործում: Կիրակոս վարդապետը վկայում է, որ Խաչատուր Տարոնացին «Այր էր սուրբ եւ առաքինի եւ գիտութեամբ հռչակեալ, մանաւանդ երաժշտական արուեստիւ»: Խազերը Խաչատուր վարդապետն է Կիլիկիայից տարել Արևելք:
Շարականների հեղինակները
Շարակնոցում ընդգրկված հոգևոր երգերի հեղինակներն են.
5-րդ դար-Սբ. Սահակ, Սբ. Մեսրոպ, Սբ. Հովհան Մանդակունի, Սբ. Մովսես Խորենացի, Ստեփանոս Սյունեցի (առաջինն):
7-րդ դար-Կոմիտաս կաթողիկոս, Անանիա Շիրակացի, Բարսեղ Ճոն:
8-րդ դար-Սբ. Սահակ Ձորափորեցի, Սբ. Հովհան Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի (երկրորդն), Խոսրովիդուխտ Գողթնացի:
10-րդ դար-Ստեփանոս եպս. Ապարանեցի:
11-րդ դար-Պետրոս Գետադարձ, Գրիգոր Մագիստրոս, Հակոբ վարդապետ Սանահնեցի:
12-րդ դար-Գրիգոր Գ Պահլավունի (Փոքր Վկայասեր), Հովհաննես Սարկավագ վարդապետ, Սբ. Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Խաչատուր Տարոնացի:
13-րդ դար-Գրիգոր Սկևռացի, Վարդան վարդապետ Մեծն (Արևելցի), Հակոբ Ա Կլայեցի, Հովհաննես վարդապետ Պլուզ Երզնկացի:
14-րդ դար-Կիրակոս վարդապետ Երզնկացի:
Հայ եկեղեցու հոգևոր երգերը գրված են ութ ձայների և երկու ստեղիների վրա, որոնց հեղինակները համարվում են Սբ. Մեսրոպ Մաշտոցն ու Սբ. Սահակ Պարթևը:
Շարականների տեսակները
Շարականները բաժանվում են չորս տեսակի՝
1. Տերունական,
2. Սրբոց,
3. Պահոց,
4. Հանգստյան կամ Ննջեցելոց:
Այս չորս տեսակներում ընդգրկված են տարբեր տոների և օրերի հետ կապված բազմաթիվ շարականներ:
Շարակնոցի կարգավորումը
Առաջին անգամ Շարակնոցը կարգավորվել է 7-րդ դարում՝ ըստ եկեղեցու տոների, խմբագրությամբ Բարսեղ Ճոն վարդապետի: Նրա կողմից կազմված «Ճոնընտիր» ժողովածուն հիմք է ծառայել ապագա Շարակնոցի համար: Իսկ հետագայում խմբագրել են Գրիգոր Խուլ և Գևորգ Սկևռացի վարդապետները (կիլիկյան շրջան) և Սբ. Գրիգոր Տաթևացին: Հատկապես նշանակալից է Կիլիկյան Հայաստանի Սկևռայի դպրոցի ներկայացուցիչ Գրիգոր Խուլ երաժշտապետի իրագործածը (13-րդ դար): Շարականների վերջնական ընտրությունը կատարել է Սբ. Գրիգոր Տաթևացին (1346-1409թթ.), որն իր կողմից կազմված շարականների ցուցակը վերջացրել է հետևյալ նախադասությամբ. «Այսքան շարականս ընդունելի է յեկեղեցի, եւ ավելին քան զայս՝ խոտելի է եւ անպիտան» (Գիրք Հարցմանց):
Շարակնոցների ձևավորման գործում մեծ ավանդ է ունեցել Ստեփանոս Սյունեցին (8-րդ դար): Նա Բյուզանդական եկեղեցու հայր Սբ. Անդրեաս Կրետացուց վերցրեց և հայոց ծիսակարգ ներմուծեց ութ միավորներից բաղկացած շարականային կանոնը: Կանոնի ձևավորման համար հիմք են հանդիսացել Հին Կտակարանի 10 մարգարեական օրհնությունները: Այն նոր հնարավորություն ընձեռեց շարականագիրներին նոր որակ և աստիճան ստեղծել հոգևոր երգարվեստում: Դրանք են՝
1. Օրհնություն (Ելից 11:1)
2. Հարց (Դանիել 3:52)
3. Մեծացուսցէ (Ղուկաս 1:46-55)
4. Ողորմեա (Սաղմոս 50)
5. Տէր յերկնից (Սաղմոս 148-150)
6. Մանկունք (Սաղմոս 112)
7. Ճաշու (Սաղմոս 92)
8. Համբարձի (Սաղմոս 120):
Շարականներից յուրաքանչյուրի տեսակը ցույց տալու համար լուսանցքներում նշում են հետևյալ կրճատումներով՝
Ա. նշանակում է Օրհնություն
Հ. Հարց
Մ. Մեծացուսցէ
Ո. Ողորմեա
Տ. Տէր յերկնից
Մկ. Մանկունք
Ճշ. Ճաշու
Հբ. Համբարձի:
Շարականներից «Օրհնություն»-ը երգվում է գիշերային ժամերգության ժամանակ, Հարց, Մեծացուսցէ, Ողորմեա, Տէր յերկնից և Մանկունք՝ առավոտյան ժամերգության ժամանակ, Ճաշու երգվում է ճաշու ժամերգության ժամանակ, Համբարձին՝ երեկոյան ժամերգության ժամանակ:
Ստեփանոս Սյունեցին համալրել է Շարակնոցը իր հեղինակած երգերով՝ Ավագ օրհնություններով: Նա մարգարեական օրհնությունները շարականներով փոխարինելու հեղինակ է համարվում: Ստեփանոս Սյունեցին իր ժամանակ եղած շարականները բաժանեց վերոնշյալ միավորների վրա: Այդ աշխատանքը շարունակեց Սբ. Ներսես Շնորհալին (12-րդ դար), ում պատկանում է մեզ հասած Շարակնոցի երգերի մեկ երրորդը: Նա կատարել է լրացումներ, լրացրել է թերի կանոնները, հարստացրել Շարակնոցը սրբերին ձոնված երգերով, ներմուծել է նոր՝ «մանկունք» տիպի մեկական երգեր: Դրանցից են Տրդատ Գ թագավորին, Սահակ Ա Պարթևին, Հովհան Ոսկեբերանին, Բարսեղ Կեսարացուն, Գրիգոր Նազիանզանցուն, Վարդանանց նվիրված շարականները:
Շարական են կոչվում այն հոգևոր երգերը, որոնք պատկանում են շարականային կանոնի ութ բաղադրիչներից որևէ մեկին: Մնացած բոլոր հոգևոր երգերը՝ գանձերը, տաղերը, մեղեդիները չեն կարող կոչվել շարական:
Ներկայումս Հայ եկեղեցում գործածվում է 1888թ. Վաղարշապատում լույս տեսած Ձայնքաղ Շարակնոցը: Այն իր մեջ ունի խախտումներ, որովհետև ընդգրկում է այնպիսի հոգևոր երգեր, որոնք չեն պատկանում շարականային կանոնի ութ բաղադրիչներից որևէ մեկին: Այդպիսիք են՝ Արարչականի շարքը, Արևագալի երգերը և այլն:
Առաջին անգամ Շարակնոց տպագրվել է 1664-65 թթ-ին Ամստերդամում, Ոսկան Երևանցու ջանքերով: Այնուհետև հրատարակվել է նոր հայկական նոտագրությամբ 1875թ-ին՝ Վաղարշապատում, 1934թ-ին Կ. Պոլսում, իսկ 1954-76-ին՝ Վենետիկում:
Հնում շարականների մեղեդիները գրառվում էին յուրահատուկ ձայնանիշներով՝ խազերով: Այսօր պահպանվել են բազմաթիվ նկարազարդ Շարակնոցներ, որոնցից հնագույններն արտագրվել են 11-12 դարերում:
Արդի ժամանակներում Շարակնոցը հրատարակվել է ինչպես խազերով, այնպես էլ նոր հայկական և եվրոպական նոտագրությամբ:
Աղբյուրը` Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Զորավոր եկեղեցու կայք
Գրել պատասխան