Ա. Շահնազարյան. «Երաժշտությունը նախակրթարանում»

Ա. Շահնազարյան. «Երաժշտությունը նախակրթարանում»

Աղբյուրը` Մարինե Մկրտչյանի բլոգ

2005թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվում և փորձարկվում է
«Նախակրթարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի մշակում և փորձարկում»
հանրապետական ծրագիրը, նրա «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական
ուսուցում» բաղկացուցիչը։

ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Երաժշտությունը մանկապարտեզում
Մանկապարտեզի երաժշտության խնդիրները քննելիս անպայման պետք է հիմնվենք
մինչև այսօր արվածի, այսինքն՝ փորձի վրա: «Մինչև այսօր» ասելով՝ նկատի ունենք մեզ
մոտ կիրառված դաստիարակության՝ դարերի փորձը: Ելակետ պետք է ունենալ ազգային
դպրոցը, որովհետև չենք կարող արհամարհել այն, ինչը հարազատ է ժողովրդին, և չենք
կարող հիմնական տեղը տալ կասկածելի «նորմուծություններին»: Նորամուծություն
կատարվում է, երբ յուրացված է ավանդականը: Սակայն ամենամեծ ու ամենացանկալի
նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով
իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն
մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց
ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին,
որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած
պարզագույն միջոցներով: Հայոց մեջ երաժշտական կրթության ամենամեծ գիտակն ու
ուսուցիչը Կոմիտասն է, որից սովորելը իրենց առաջնային պարտքն են համարում մեր
երաժշտության երախտավորները, սակայն բոլորն էլ այդ օվկիանոսի մի չնչին մասն են
միայն յուրացրել կամ ճանաչել: Ժողովրդական դպրոցի շնորհիվ է, որ հունգարացիները
աշխարհը զարմացրին երաժշտական կրթության իրենց արդյունքներով: Այդ առումով
Կոմիտասն ասել է. «Ամբողջ մտատանջությունս է հասցնել աշակերտներ, որոնք
դպրոցներու մեջ տեղ գրավեն, նվիրվեն ազգային երաժշտության ուսումնասիրության,
տարածեն ժողովրդի մեջ հայ երաժշտության ոգին, որպեսզի ժողովրդին մեջ ազգային
երաժշտության խոսքը մարմնանա, և անոր ազդեցության տակ ժողովուրդը, թոթափելով
իր թույլ պատյանը, մտնե վերակենդանացման շավիղին մեջ: Ինչքան բաղձալի էր
ունենալ այս նպատակով առանձին վարժարան, որի միջոցով մեծ արդյունք կարելի
կըլլար ձեռք բերել»:
Եվ այսօր, երբ մենք փորձում ենք ուղղել մեր դպրոցներում և մանկապարտեզներում
ուսուցման կոպիտ սխալները և մեր կրթությունը աշխարհի առաջնակարգ դպրոցների
օրինակով փորձում մոտեցնել ժողովրդական դպրոցին, պիտի գիտակցենք ու սովորենք
տեսնել եղած լավագույնը, որովհետև, եթե մեկ դար առաջ մենք ունեցել ենք, այսօր
կորցրել ենք երգի տարածման ամենակարևոր ու պիտանի ձևն ու սկզբունքը:
Ժողովրդական երգերի տարածմանը մեծ զարկ տվին նախկին ծխական դպրոցների
երգեցողության ուսուցիչները, որոնք սնուցեցին մատաղ սրտերն ու մանուկ
զգացումները պարզ ու գողտրիկ, բուն գեղջուկ երգերով: Այդ դպրոցում սովորող անմեղ
մանուկները առան այդ երգերը և տարան, հնչեցրին օտարացած, խորթացած տան
շեմքից ներս, կրթված, բայց հայրենի սրտի զեղումներին կարոտ ընտանեկան հարկի
տակ: Մանկապարտեզում հատկապես ոչ մի զիջում չի կարելի կատարել: Երեխան բաց
աչքերով նայում է հրաշք աշխարհին, և թե ինչ կլսի ու կտեսնի՝ մեզանից է կախված:
Երեխայի բաց հոգու աչքերի մեջ ամենազորեղը առաջին տպավորությունն է, և դա
հետագայում սնում է նրա սիրտն ու հոգին, թևավորում նրա երևակայությունը, ուրեմն
նախ և առաջ նրան պետք է մատուցել ամենալավը և փորձվածը՝ ամենալավ երգերն ու
պարերը, ամենալավ խաղերն ու գույները, այսինքն՝ նյութի թե՜ ընտրության և թե՜
մատուցման ձևը պիտի լինի հնարավորին չափ միակը, լավագույնը: «Ուսուցիչ
պարոններ ու քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության
գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը,
որ ապագա ազգն է, սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը: Մանուկն ինչ
զգացումի տակ որ ըլլա, այդ զգացումը կարտահայտե որոշ երգերով: Երգը ներքին
հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձևն է, ուրեմն շարժում մըն է, և պարն էլ
ինքնին շարժում մը ըլլալով, երգը կզուգորդի պարին հետ: Զգացումներն ինչ
ուղղությամբ որ ընթանան, երգն ու պարն ալ նույն արտահայտությամբ երևան կուգան:
Արդ կրնա ըմբռնվիլ, թե որքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ
երգեցողությամբ ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը»:
Կոմիտաս
Սա է դեպի երգը տանող ուղին՝ բացականչություններ, սովորական ճիշտ խոսելաձև,
տրամաբանական շեշտով խոսք, արտասանության, ասմունքի արվեստ, բնական
խոսքում եղած հուզական երևույթների պահպանում, առերգություն (երգելու և խոսելու
միջին ձևը) և երգեցողություն: Ուրեմն, երաժշտության դասավանդումը սերտորեն
կապված է հայոց լեզվի և գրականության խնդիրների հետ: Օրինակ՝ մեզ հանդիպել է
նախադպրոցական տարիքի երեխան, որը Թումանյան արտասանելիս խոսքն
աստիճանաբար հասցնում էր մանկան այնպիսի միամիտ ու պարզ հուզականության, որ
վեր էր ածվում ասերգի, իսկ որոշ կտորներ էլ ինքնաբերաբար երգում էր: Ստացված
մեղեդին իր հիմքով հայկական էր, որովհետև ծնվել էր մայրենի լեզվի հարազատ
արտասանությունից, նույն բանաստեղծության չափ ու կշռից, հնչական ելևէջից, գույնից
ու բույրից: Հիշենք, որ ըստ Կոմիտասի մարդ որքան լավ խորհի, այնքան լավ կխոսի ու
կերգի, քանի որ երգն ու լեզուն նույնն են, և տարբերությունը չափի մեջ է. լեզվի չափը
արագ է, երգինը՝ դանդաղ, ուրեմն երեխան միայն և միայն իր մայրենի ժողովրդական
երգով կարող է համաչափ և բնական զարգանալ: Կոմիտաս. «Յուրաքանչյուր ազգի լեզվի
խոսակցական գույն և էջը բոլորովին այլ է և այլ կերպ է լինում, ուրեմն և, անշուշտ, երգն
էլ զանազան պետք է լինի, և կամ ընդհակառակը՝ երգը ճիշտ նույն պատկերն է տալու
երգական գույներով, ինչ որ խոսակցական գույներով լեզուն է արտահայտում:
Յուրաքանչյուր երաժշտություն իր ազգի հնչական ելևէջներն կծնի և կը ծավալի, հայ
լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապա տասխան երաժշտություն»:
Սկզբնական շրջանում ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնել մանկան
արտասանությանը: Արտասանության նախնական ձևը բացականչությունն է: Մանուկը
բացականչում է, արտահայտում է որոշ զգացումներ և նմանակում բնության ու
կենդանիների ձայները: Բացականչելը ինչ զգացում էլ արտահայտի, պետք է խրախուսել
և չպետք է արգելել: Մանկան ծանոթ ձայներին և բացականչություններին կարելի է
ավելացնել նորերը՝ առաջնորդվելով ուսուցման հնարամիտ ձևերով: Այսպես, պետք է
օգտվել գիտության ընձեռած միջոցներից և օգտագործել ձայնապնակներ, ուր
ձայնագրված են բնության և կենդանիների ձայներ:
Զանազան խաղերի միջոցով պետք է անել այնպես, որ երեխան անդրադարձնի այդ
ձայները: Օրինակ՝ ծիտը ծլվլում, ծվծվում, ճտվտում է, ձայնն է՝ «ծիվ-ծիվ»: Երեխան
ծիտիկի դերն է տանում և «լուսաբացին» ծվծվում է՝ ծիվ-ծիվ:
Մյուսը աքլորն է՝ թևերը թափահարում և ավետում է լուսաբացը՝ ծուղրուղո՛ւ:
Շունը քնաթաթախ մոռացնում և հաչում է աքլորի վրա՝ հա՜ֆ-հա՜ֆ:
Կատուն սոված մլավում է՝ միա՛ու-միա՛ու:
Նման պարզագույն խաղերը շատ են ոգևորում երեխաներին, եթե կան
համապատասխան գույներ, շորեր, ձևավորում: Եթե ձայնապնակով հաղորդում ենք
կենդանիների ձայները, ապա ցանկալի է, որ լուսանկարներով կամ այլ նկարներով
համապատասխանաբար ցույց տանք նրանց, որովհետև երբ գույնին զուգորդվում է
պատկերը, լսողությունը, տպավորությունն ավելի սուր է լինում:
Երեխաները բնության և կենդանիների՝ իրենց իմացած ու սովորած ձայները մեծ
հաճույքով ու ճոխությամբ կօգտագործեն իրենց խաղացած հեքիաթ-
ներկայացումներում: Ուսուցիչն ինքը պետք է իմանա և երեխաների հետ շփման
ժամանակ օգտագործի և բնականորեն ուսուցանի մարդկային զանազան
բացականչություններ: Օրինակ՝
ա՜յ – տե՜ս՝ ինչ ունեմ,
ա՜յ – սա է իմ նվերը,
ա՛խ – ի՛նչ լավ էր,
բա՜ – իհարկե,
բա՛ – որ ասո՛ւմ էի,
վա՛յ – ցավ, ահազանգ,
հե՛յ – կանչ, և այլն։
Կամ առանձին ձայնավորներով՝
է՛ – դու էլ բան ասացիր,
է՛ – հետո,
է՛ – դե՜, հանգիստ թող ինձ,
ա՛ – հասկացա,
ի՛ – ոնց թե:
Դրանց ելևէջները և հնչերանգը գոյություն ունեն մեր երգերում, ուստի հարուստ և
բազմազան բացականչությունների տիրապետող մարդը հաղթահարում է միօրինակ
երգեցողությունը: Չէ՞ որ այդ բացականչությունները արտահայտում են զանզան
զգացմունքներ, որոնք հարազատ են մայրենի լեզվին և ոգուն: Օրինակ՝ հաճույք
արտահայտող բացականչությունները՝ օխա՛յ, հո՛յ, թո՛յ, նա՛յ-նա՛յ, ա՛խ-ա՛խ, հո՜պ, լե-լե-
լե-լե և այլն: Դրանց միջոցով շատ արդյունավետ ու բնական է լինում երգին
նախապատրաստումը, զանազան խաղ-ոտանավորների արտասանությունը: Այդ
փոքրիկ ժողովրդական ոտանավորներն ունեն իրենց արտասանության հատուկ ձևերը,
որոնք գրեթե ասերգ են: Մեզանից շատերը գիտեն այն պահը, երբ մայրը գրկում է
երեխային, տանում, բերում կամ բռնում է նրա ձեռքերը և վեր ու վար անելով՝
արտասանում:
Խնոցի-հարոցի,
Խնոցի-հարոցի…
Նույն տեսակ արտասանություններից են «Արև՜, արև՜, դուրս արին», որն
ասերգվում է Լոռու շրջանում, երբ երեխաները լողանում են գետում և ջրից դուրս գալով՝
միաբերան խնդրում արևին, որ ամպի տակից դուրս գա, կամ Թումանյանի գրած
«Ալապիտիկը», որ երեխաներն ասում են, երբ իրենց պատրաստած տիկնիկներով շրջում
են տներում և կատարում անձրևաբերի ծեսը: Նույն նպատակով ասերգվում է «Նուրի-
նուրին», որի երգը նույնպես կա: Շատ բնական կլինի, եթե մանկանը սկզբից
սովորեցնենք «Նուրի-նուրի» ասերգը և այնուհետև նույնի երգը:
Ընդհանրապես ասերգվող կարճ ու պարզ ոտանավորները ժողովրդական
ստեղծագործության մեջ շատ են՝ «Ծուղրուղու, նարնջի», Թումանյանի մշակումներից
«Հուռին», «Փիսոն», «Խնոցին» և այլն:
Նայած երեխայի տարիքին՝ արտասանությունը ավելի ճոխանում է:
Արտասանությունից երգերին անցնելիս էլ պիտի ընտրել այնպիսի երգեր, որ
անցումը շատ կտրուկ չլինի: Այդ պատճառով էլ մանկանը նոր ավանդվող երգերի
վերաբերյալ Կոմիտասը գրում է. «.… Եղանակները պետք է կազմվեն առոգանության
օրենքներին խիստ հնազանդելով…» (ՉԱԳԹ, ԿՖ), այնպես որ երեխան ճանաչի եղանակի
հիմնաձայնը, շեշտը, վերջակետը:
Այսինքն՝ երեխան պիտի չզգա, թե ինչպես հանկարծ արտասանությունը
վերածվեց երգի: Սա է երգել սովորելու բնական և ճիշտ ճանապարհը:
Մանկապարտեզի ծրագրերը կազմելիս ամենակարևորն է յուրաքանչյուր
առարկան դիտել համագործակցության մեջ ամեն հնարավոր բանի հետ և
աստիճանական զարգացումն էլ կազմել բնական օրենքների համեմատ՝ շատ հստակ
պատկերացնելով ուսուցանվող նյութի մատուցման պարզագույն հաջորդականությունը:
Եթե երգը ուսուցանող ուսուցիչն իրեն միաժամանակ մանկան փոխարեն չպատկերացնի
և իր ասածները չլսի անգետի ընկալումով, կկորցնի կապը իր երգածի կամ ասածի ու
ընկալող մանկան միջև:
Պարը, խաղը, ասմունքը, երգն ու մարզանքը պետք է դիտել երգ-երաժշտության
դասավանդման համազոր ու հավասար միավորներ:
Կոմիտասի դիվանում մեզ հանդիպեց մանկապարտեզի համար արված սևագիր
ծրագիր, որը թեև սեղմ է, բայց շատ խորն է և ուսանելի բովանդակություն է
պարունակում։ Ահա հատվածներ այդ ծրագրից։
Մանկապարտեզ

Առաջին տարի
Առաջին կիսամյակ
Նվագի կամ (եթե նվագարան չկա) երգի առաջնորդությամբ՝
ա) քայլել
բ) խաղալ
Եթե մանուկն ինքնաբերաբար երգե, չպետք է արգելել:
Երկրորդ կիսամյակ
ա) քայլել
բ) խաղալ
գ) մարմնամարզել
Երգելն իբրև առարկա չէ, որ պետք է ավանդել, այլ՝ լսելով անդրադարձնել:
…. երգելն սկսել երկրորդ կիսամյակին:
…. երգի սկզբնավորության հիմքը կարելի է դնել պզտիկ մանկան խաղերով, օրինակ՝
ծիվ-ծիվ։
… Այսպիսի եղանակով՝
այսպիսի բաներ
ուրեմն եղանակները պետք է կազմվեն առոգանությամբ օրենքներին խիստ
հնազանդելով…
ա) քայլել
բ) խաղալ
գ) պարել
դ) ասել (ասել – Կոմիտասը նկատի ունի արտասանությունը կամ ասերգը, որը խոսելու և
երգելու միջին ձևն է)։
Հինգ տարեկան
Նվագի ընկերակցությամբ
1. Մարմնամարզել
2. Քայլել
3. Պարել
4. Խաղալ
5. Երգել
1. Միայնակ
2. Խմբով
Եղանակները շատ պարզ
… ձայնաշարի հիմնական ձայների դիրքը… շեղ, հապաղիկ կամ կանխիկ…
Երկրորդ տարի

Նախնականի շարունակությունը
Մանկական երգերը չպետք է ունենան բարոյախոսական, խրատական և
պատմական բովանդակություն, սոքա պետք է անցնեն այլ առարկաներով, գեղարվեստի
պատմության ընթացքին:
Երգերի… եղանակները հիմնվելու են … առոգանության օրենքներու վրա։
Ավանդել այսպես՝
ա) 1. Երգի նյութը ծանոթացնել.
2. Բառերն ուսուցանել.
3. Բառերն արտասանել տալ:
բ) 1. Երգի լոկ եղանակը նվագել.
2. Նվագել ու երգել
3. Նվագել ու երգել տալ։
գ) Եթե երգի բովանդակությունն է՝ որևէ գործողություն (քայլել, մարմնամարզել, խաղալ
կամ պարել), փոխ առ փոխ՝
1. Երգի եղանակը նվագել
2. Նվագել ու երգել
3. Նվագել ու երգել տալ:
Երգի նյութն առնել
1. Կենդանական աշխարհեն
2. Մանկական խաղալիքներեն
3. Մանկական խաղերեն
4. Մանկական կյանքեն:
Երգը պետք է կարճ, կտրուկ, հստակ, գեղեցիկ, ճոխ հանգավոր, պարզչափով ու կշռով
լինի:
Հետևելով ժողովրդական դպրոցին՝ մենք կողմնակից ենք մանկապարտեզում երգ-
երաժշտության ծիսականացմանը: Առօրյա կյանքում երգ-երաժշտությունը, ձուլվելով
անհրաժեշտ գործողություններին, բազմապատկում է արդյունքը թե՜ երաժշտության
ուսուցման, թե՜ այն գործողության, որին միացվել է երգ-երաժշտությունը: Երեխայի
տարրական պետքերն են՝ քնել, զարթնել և մարմնամարզել, հաց ուտել, խաղալ: Քնելուց
առաջ կարելի է միացնել որևէ ձայնագրված օրորոցային կամ որևէ համապատասխան
նվագ, և կամ դաստիարակն ինքը կարող օրոր երգել: Երեխաներին կարելի է արթնացնել
անտառի գունագեղ ձայներով (ձայնագրված) կամ զանգակների կանչով:
Մարմնամարզությունը պետք անել թմբուկի հայկական զարկերի ներքո, հաց ուտելուց
առաջ երեխաները կարող են մի շարք զվարթ կատակային երգ երգել, խաղերը պետք է
ուղեկցվեն համապատասխան երգ-նվագով և այլն: Ուրեմն շատ կարևոր է նախապես
ձեռք բերել համապատասխան ձայնագրությունը:
Առավոտյան մարզանքը։ Հայկական թմբուկի զարկերի ներքո պետք է կատարվի
ազգային ձևավորված շարժումներով: Այս շարժումները կարելի է վերցնել թե՜ պարերից,
թե՜ կենցաղային աշխատանքային ձևերից և թե՜ տվյալ ժողովրդին հատուկ
մարմնամնարզական խաղերից:
Միանգամայն անհարիր և անվայել ենք համարում այն ռիթմիկ մարմնամարզությունը,
որն ուղեկցում է օտար երաժշտությամբ, օտար շարժումներով, դա միայն խաթարում է
մանկան հոգին և հոգեբանությունը, մասնատում ամբողջությունը: Ինչո՞ւ պետք է
մանուկը խոսի մայրենի լեզվով և անի օտար շարժումներ, մի՞թե շարժումը չունի իր
լեզուն, և կամ մի՞թե մեր ժողովրդի երգը, լեզուն, շարժումը և այլ բաները միևնույն
ակունքն ու պատճառները չունեն։ Դրանցից մեկի փոխարինումը օտարով միշտ քանդում
է միասնությունը, խարխլում բնական տաճարի ոճը, երփեղկում երեխային, մասնատում
է նրա մտածողությունը, տատանում հաստատությունը: Ուրեմն օտար տարրը միայն
կարող է ավելանալ, գումարվել (չձուլվելով) և ոչ թե փոխարինել:
Նվագով մարմնամարզության շարժումները ընտրելիս պետք է ուղեցույց ունենալ
հայկական պարերի շարժումների բնավորությունը, որ դիպուկ բնութագրել է
Կոմիտասը. «Վստահ, ազատ, միամիտ, քնքուշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ,
վայելուչ: Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի և զգացմունքներն
արտահայտում է ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ
պարերգերի միջոցով», «….Ազգի մը քաղաքակրթությունն է կապված իր պարին
շարժումներու զարգացումը»:
Ուրեմն պարը նույնպես մարմնամարզություն է և ամենակատարյալ ոգեղեն
մարմնամարզությունը, զի ֆիզիկական շարժումներին ձուլվում են ոգևորությունը,
գերագույն ներշնչանքը, վեհացումն ու վերացումը, ինքնամոռացությունը, ազգային ոգին,
որոնք առավելագույն արդյունավետությամբ են կրթում մարմինը, սիրտն ու միտքը,
հոգին ու ոգին:
Կոմիտաս. «Այն մարդիկ, նստուկ կյանք ունին, թույլ են, ոչինչ կընեն, ոչ մե կերպով
կշարժին: Մի՞թե թուլամորթ մարդը կրնա արդեն սուր առնել, թուր առնել: Հոս տեղն է
հիշել «առողջ միտք՝ առողջ մարմնի մեջ» խոսքը, երգեցողությունն ու պարը
կառույգացնեն, կմարզեն մարմինը: Բոլոր գեղարվեստները շարժումին մեջ
կարտահայտվին։ Ուրեմն մանկան երգեցողությունն ինչքան կարևորություն ունի
ապագա քաղաքակրթության մեջ»:
Մանուկներին պետք է ուսուցանել մանկական ժողովրդական պարերը:
Հարկավոր է ձեռք բերել պարեղանակների ձայնագրություններ (զուռնայի և թմբուկի
կամ շվիի և թմբուկի կատարմամբ, կա՜մ պարերգ և սրինգ, կա՜մ միայն պարերգ, կա՜մ
պարերգ և թմբուկ և այլն): Եթե արդեն երեխաներն իրենք են յուրացրել, սովորել
պարերգը, ապա ավելի լավ է, որ պարելիս իրենք երգեն, և կամ պարերգը սովորեն պարի
հետ միաժամանակ: Կարելի է նաև երեխաներից թմբկահար ընտրել։ Այն դեպքում, որ
պարը կազմակերպված է, թմբկահար երեխան պիտի հարկ անի այդ պարի ռիթմերը
(թեկուզ և պարզ տեսակը)։ Եթե պարը պարզ է, այսինքն՝ երեխաները պարում են իրենք
իրենց, ազատ ձևերով, ուրեմն թմբկահարի գործը շատ հեշտ է, քանզի պիտի հարկ անի
ազատ, իր ցանկության և կարողության համաձայն:
Երեխաները պետք է ունենան իրենց պարի շորերը՝ տարազը: Ցանկալի է պարը
կազմակերպել բացօթյա տեղում՝ բնության մեջ: Իսկ պարասենյակը լինելու է ազատ
ընդարձակ, գուցե միայն պատեր և կա՜մ աթոռներ լինեն նստելու համար, կա՜մ գորգեր՝
գետնին նստելու ու հանգստանալու համար:
Պարը գեղեցիկ և բնական է, երբ պարում են տարբեր տարիքի երեխաները. երբ մեծերի
խումբը քիչ ու միչ սովորի, ապա նրանց պետք է միացնել համեմատաբար փոքրերի
խումբը, փոքրերը ոչ միայն դաստիարակից, այլև հատկապես իրենցից մեծ երեխաներին
նայելով և նրանց հետ են արագ և սիրով սովորում պարելը: Համեմատաբար փոքրերի
պարը պիտի լինի շատ պարզ՝ քայլել նվագի ուղեկցությամբ, միմյանց ձեռքից բռնած
շարժվել աջ ու ձախ, ձեռքերը շարժել, ծափ տալ, տեղում պտտվել և նման պարզ բաներ:
Ապա հարկավոր է աստիճանաբար հղկել, կոկել, նրբացնել ու մանրել շարժումները,
ոտքերի (ծունկի, ոտնաթաթի…) շարժումները պարային համակարգի բերել: Շատ
կարևոր են ազատ, ինքնաբուխ պարերը, երբ երեխային լրիվ ազատություն է տրվում,
նվագը լսելով՝ մանուկը իր ճաշակի համաձայն մենապարում է, շրջվում ու թռչկոտում
ըստ իր ցանկացած ձևերի: Կարելի նրան հուշել, որ նմանակի որևէ կենդանու և նրա
«պես պարի»: Շարժման ազատությունը նախադուռն է համակարգ ունեցող պարերի
ազատ ու անկաշկանդ պարելու: Շարժման ազատությունը գիտակցող, զգացող, դրանով
ապրող երեխան երբ սովորում է որևէ համակարգ ունեցող, ձևավորված պար, ապա
ազատ ու անկաշկանդ է պարում այդ պարը։ Գեղեցիկ է այն խմբապարը, որում թեև
խիստ կազմակերպված ու խստորեն օրենքի ու ոճի ենթարկված, դարերով ձևավորված
բյուրեղացած շարժումների շղթա կա, բայց ազատ ու անկաշկանդ են այդ նույն
շարժումները, և ազատ ճախրում է պարի կախարդող ոգին:
Հայկական խմբապարերի գլխավոր նպատակներից մեկն է այն, որ խումբը դառնա մեկ
մարմին, մեկ մարդ, որ հոսանքի պես փոխանցվի մեկի զգացմունքի շարժման ալիքը
մյուսին. դա ամենակատարյալ, արդյունավետ և բնական ձևն է մարդկանց մեջ
միասնության զգացումը դաստիարակելու:
Պարին կարող են նախապատրաստել զանազան խաղեր, ինչպես սանդ ծեծելը, խաղող
ճմռելը, ճլորթի խաղալը և այլն:
Երբ երեխան ցանկանա պարել, նրան չպետք է արգելել՝ ինչ ժամանակ ու հանգամանք էլ
ուզում է լինի:
Ասացինք, որ երբ մեծերը պարում են, փոքրերը երբեմն պետք է ներկա լինեն, և շատ լավ
կլիներ, որ մանկապարտեզը կապ ունենար ժողովրդական պարեր կատարող որևէ խմբի
կամ խմբերի հետ, որպեսզի երեխաները դիտեին նրանց ելույթները և նույնիսկ
մասնակցեին ընդհանուր ուրախության, մինչև անգամ անունով ճանաչեին և
մտերմանային պարողներին:
Կոմիտաս. «Շատ հետաքրքրական է երգի կամ պարի ժամանակ գյուղացի մանուկներին
տեսնել: Այս ու այն ծակից ներս են մտնում, պստլիկ տոտիկները ձախ ու ծուռ դնում,
երգողներին մտիկ տալի, նոցա հետ այս ու այն կողմ պտույտ գալի, մանրիկ բերանները
բաց ու խուփ անելով՝ երգում այնքան, որքան մանկան միտքը կբռնե և արտահայտելով
վստահություն կառնե:
Հենց որ խաղը վերջանում է, վազում են առանձին անկյուն բռնում, արծարծում ու
սերտում են մեծերից լսածը:
Նոցա դուր է գալիս երգի կարճ ու պարզ կրկնակը: Բառերի հետ ամենևին գլուխ չունին,
որովհետև բովանդակությունը նոցա համար անմարս է»:
Մեծ օգուտ կարելի է ստանալ, եթե ստեղծվի հատուկ ձևավորված երաժշտական սենյակ:
Սենյակում լինելու են զանազան տիպի նվագարաններ: Սենյակը հարկավոր է
հնարավորին չափ այնպես կահավորել, որպեսզի նվագարանները
ջարդելու ՙհնարավորություն՚ քիչ լինի: Սենյակի գույնները ճոխ են լինելու:
Նվագարանների մի մասը կարող է ամրացված լինել, մի մասը՝ ոչ, բայց բոլորը մի տեղ
չպետք է կիտել, այլ սենյակի բոլոր մասերում շաղ տալ, նույնիսկ կենտրոնում
առաստաղից որևէ առանձգական թելով կախված լինեն: Նվագարանները կարող են
լինել տարբեր չափերի և տիպերի թմբուկներ՝
– շրջանաձև միակողմանի թմբուկ-դափ կամ ղավալ,
– ծնծղաշար թմբուկ,
– անոթաձև միակողմանի թմբուկ,
– գլանաձև և թաղանթ թմբուկ,
– թմբուկ կոպալով,
այլ աղմկային նվագարաններ՝
– կարկաչա
– չխչխկան
– ճռիկ և այլն,
ղողանջող նվագարաններ՝
– ծնծղա
– քշոց
– կոչնակ
– զանգակներ
– զանգ և այլն,
փողայիններ՝
– շվի
– պարկապզուկ
– թռչնաձև շվիկ
– պկու
– պզուկ և այլն,
լարային կսմիթավորներ՝
– տավիղ,
– քնար,
– փանդուր,
– ջնար,
– չյոնգուր,
– սազ,
– վին,
– քանոն,
– թառ,
լարային աղեղնային՝
– ջութակ,
– քյամանչա,
– քեմանի և այլն,
լարային հարվածայիններ՝
– թամբուր,
– սանթուր,
– դաշնամուր և այլն։
Այս նվագարանները կարելի է պատրաստել նաև փոքր չափերի, նույնիսկ խանությում
վաճառվում են փոքրիկ դաշնամուրներ, քսիլոփոններ, տավիղներ, սուլիչներ ու
զանազան մանկական նվագարան-խաղալիքներ, որոնք կարելի է ազգային
նվագարաններին զուգահեռ օգտագործել: Սենյակում նվագարանների քանակը պետք է
հավասարակշռել այնպես, որ միաժամանակ հնչողության ժամանակ որևէ նվագարանի
հնչողությունը չգերազանցի մյուսին: Երեխաներին այդ երաժշտական սենյակում պետք է
ազատություն տալ: Նվագարանների թիվն անհրաժեշտության դեպքում կարելի
ավելացնել: Դաստիարակները չպետք է բողոքեն այն աղմուկից, որը դուր է գալիս
երեխաներին: Իսկ երաժշտության սենյակը պետք է այնպես կառուցվի, որպեսզի ձայնը
հնարավորին չափ սենյակից դուրս ուժգին չթափանցի (նման միջոցներ կան):
Վերադառնալով երգերի ու պարերի ծիսականացմանը՝ նախ անդրադառնանք
ժողովրդական դպրոցին: Կոմիտաս. «Ժողովուրդն արվեստական երգեցողություն ասած
բանը չգիտե: Յուրաքանչյուր երգ իր տեղում իր ժամանակին են ստեղծում կամ
սովորում: Գործի ժամին՝ գործի երգ, տանը՝ տանու երգ, ոչ մի գյուղացի տանը նստած՝
կալի երգ չի ասի, որովհետև կալերգի ստեղծվելու ասելու, ստեղծվելու տեղն է կալը.
ուստի շատ օտարոտ է երևում, թե ինչու են հետաքրքիր լինում մի երգով, երբ անտեղի ու
անհարմար ժամանակ է: Եվ՝ «Յուրաքանչյուր երգ կապված է գյուղական կյանքի մեկ
րոպեի հետ և տալիս է միայն այդ րոպեի հաշիվը: Ժողովուրդը ժամանակից ու տեղից
բաժան երգը չի ստեղծում, չի հասկանում և չի էլ գործածում»:
Ուրեմն, երգ-երաժշտության դասավանդումը կախում ունի այն բանից, թե ինչպես է
կազմակերպվում մանկան առօրյան, որովհետև երգն ու պարը պիտի ոչ թե լինեն
ինքնանպատակ, այլ միայն օգնեն, լրացնեն, գեղեցկացնեն, թեթևացնեն օրվա գործերին
ու աննկատ կատարեն իրենց գործը:
Երգը և նվագը կիրառել ամենուր: Այսպես. մանկապարտեզում երբ որ կազմակերպվում է
գարնան տոն, պիտի երգել վիճակի երգեր, երգեր գարնան, ծաղիկների, արևի մասին
(նայած ինչպես է կազմակերպվում), պարել ցանկացած պար, եթե տիկնիկային թատրոն
կա մանկապարտեզում, ապա ժողովրդական երգ ու պարով պետք է լինի ներկայացումը:
Այդ ամենը, իհարկե, պահանջում է բարձր ճաշակ, բայց և բոլոր դեպքերում, եթե
հնարավոր է երեխաների մասնակցությունը, ապա գերադասելի է այդ ձևը: Այսինքն՝
տիկնիկային ներկայացումը կարող է ուղեկցվել.
– ձայնագրված երգ ու նվագով,
– երեխաների կատարումով,
– երկուսը միասին լինեն՝ թե՜ ձայնագրություն և թե՜ երեխաների կատարում:
Երաժշտության ուսուցչի կամ դաստիարակի երգը կամ նվագը պիտի ընտրվի ճաշակով,
զուրկ ավելորդություններից, ժողովրդական երաժշտությունը հարկավոր է երգել ու
նվագել անպաճույճ ու պարզ, բնական տեսքով: Ավելի գերադասելի է , որ երաժշտության
ուսուցիչը կամ դաստիարակը մի պարզ մեղեդի նվագի շվիով կամ դաշնամուրով,
ժողովրդական եղանակները նվագելիս օգտագործի եվրոպական համահնչյուններ ու
ներդաշնակություն: Ցավոք, այսօր հիմնականում այդպես են անվանդում դասին:
Երաժշտության ծիսականացման շատ գեղեցիկ ու հուզիչ օրինակ կլինի արևի
ողջունումը: Առավոտյան, երբ ոտք են դնում մանկապարտեզ, շարվում են շարքով՝
երեսները դեպի արևը, և երգում արևին ձոնված մի երգ. առավել փոքրիկները միայն
լսում են երգեր, և կամ հետո արտասանում՝ «Արև, արև»: Որքան բան կարելի է ստեղծել
այդպիսի մանկական ծեսը կազմակերպելիս, կարելի է, օրինակ, մի երեխայի զարդարել,
կապել, հագցնել իբրև արև և պարել նրա շուրջը: Դրան կարող է հետևել
մարմնամարզությունը թմբուկի զարկերի ներքո. 2 տարեկանները կշարժվեն՝ ինչպես
կարող են և կցանկանան, 4-5 տարեկանները կկատարեն որոշ կազմակերպված
շարժումներ, իսկ 6-7 տարեկանները շարժումների միասնական համակարգին կարող են
տիրապետել: 4-7 տարեկանների համար կարելի է նաև տղաներին հատուկ և
աղջիկներին հատուկ շարժումներ տալ:
Կարելի է անցկացնել հետաքրքիր դասեր, որոնք օգնում են միաժամանակ լսել, տեսնել,
զգալ ու խորհել: Օրինակ՝ դասը (պայմանական ենք անվանում դաս) ուղեկցվում է.
– երգ-երաժշտության ուկնդրումով.
– միաժամանակ համապատասխան բացատրություններով ու պատմություններով.
– միաժամանակ համապատասխան լուսապատկերների ցուցադրումով.
– բարբառի բացատրություններով.
– ապա կարելի է խաղալ նմանատիպ խաղ և կամ մեկ քառյակ արտասանել սովորեցնել
(այդ նյութին առնչվող).
– տարիքով ավելի մեծերը կարող են համապատասխան մի երգ սովորել.
– այդ մասին բոլորը կնկարեն, որով նկարչության դասն էլ կձուլվի երգին:
Նման դասերը առանց ճիգի, պարզ ու մատչելի ձևերով կարող են մանկանը հաղորդել
ամենակարևոր տեղեկությունները՝
– մայրենի բնության ու աշխարհագրության,
– պատմության,
– ազգագրության ու բանահուսության,
– ավանդություններ, առասպելներ, հեքիաթներ և այլն,
– առածներ, հանելուկներ,
– հայկական ճարտարապերության, խորաքանդակի, մանրանկարչության, նկարչության
(կերպարվեստի առհասարակ),
– ասմունքի,
– լեզվի՝
1. բարբառներ,
2. արևմտահայերեն,
3. արևելահայերեն,
4. նույնիսկ լսել տալ գրաբար.
– խաղերի,
– հայ կենցաղում աշխատանքի,
– երգ- երգեցողություն և այլնի մասին:
Մենք կազմել ենք նման մի բան, որն ունի հետևյալ բովանդակությունը.
1. մանկական թռնոցի
2. ճլորթի
3. օրոր
4. կիթ
5. սրինգ
6. խնոցի
7. բուրդ գզել և թել մանել
8. թաղիք զարկել
9. էրիշտայի խմորը հունցել
10. սանդ
11. խաղողաքաղ և խաղող քամել
12. ծեսեր երաշտի և երկարատև անձրևների դեմ(ցանքսը պաշտպանելու համար) և այլն:
Եթե երեխան որևէ բարբառ կրող է, ապա պետք է խրախուսել այդ բանը, որովհետև
բարբառի արտասանության ելևէջները, հնչերանգները ավելի ճոխ ու գունագեղ են,
հարուստ են, քան գրական լեզվի արտասանությունը, բացի դրանից, ժողովրդական
բոլոր եղանակները հիմնված են որևէ բարբառի վրա, ուրեմն, բարբառ իմանալը
ամենամեծ առավելությունն է ժողովրդական երգեր սովորելու համար: Երգերի
ընտրությունը կատարելիս պետք է հիշել հետևյալը. «Պետք է տխուր երգ չտալ երբեք, այլ
ամեն ինչ աշխույժ, եռանդ պիտի ներմուծի անոնց հոգիներեն ներս»: Կոմիտաս
Մենք առաջարկում ենք հետևյալ երգերը.
1. Արև, արև եկ, եկ
2. Արև, արև, արի դուրս (մեր գրառած տարբերակ- ասերգն է)
3. Նուրին, նուրին (ասերգով)
4. Փայտե ձիուկ
5. Տամբուրե
6. Հոպ, թռի
7. Բասեն բարի
8. Հանիկ նինար
9. Եկեք ծեծենք սոխն ու սխտոր (պարզ տարբերակ)
10. Վիճակի երգ և այլն:
Ընդհանրապես բարձր տարիքի (6-7 տարեկան) երեխաներն ընդունակ են երգելու ավելի
բարդ երգեր (այս երգի մի մասը տես իմ կազմած մանկապատանեկան երգարանում):
Պարերից առաջարկում ենք.
1. Հայկական քայլերգ-պար
2. Նիներ, նիներ, նիներ, նա
3. Գուզե, գա
4. Եկեք ծեծենք (պարզ տարբերակ)։
Կոմիտաս. «Ինչ է կրթության, դպրոցին նպատակը: Մանուկը բարոյական կյանքի
փիլիսոփայությունը, կյանքին հասկացողությունը չունի: Պետք է անոր հոգեկան
զգացումներուն հավասարակշիռ դաստիարակություն մը տալ»:
Կոմիտաս. «Մեր մեջ փոքրիկ մանուկներու կսկսեն սովորեցնել
բարոյախոսախրատական, փիլիսոփայական երգեր, որոնց իմաստն ան չի հասկանար,
ու չազդվիր այնպես, ինչպես պետք էր»:
Մենք մանուկներու հոգեկան պահանջներուն հարմարեցված դասագրքեր չունինք. մեր
դասագրքերը լեցուն են փիլիսոփայական, բայց ոչ ճիշտ մանկական նյութերով: Մանուկը
չըսեր «Հակոբ», այլ՝ «Ակո»: Ով ձեր մեջեն ուզած է կրլլել կամ կլլած է քարեր, բայց նույնն
ըրած եք մանուկներու համար: Անոնց, որ տակավին կյանքի հասկացողություն չունեն,
դուք տված եք կյանքի փիլիսոփայության դասեր. ասիկա իր մտավոր ստամոքսը չի
կրնար մարսել, ծուռ, ծուռ դաստիարակություն է»:

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>