Հին և նոր ժամանակների երգեր Երևանի մասին

 Երևանին նվիրված գովքեր են գրել աշուղները, գուսանները, երգահանները, ինքնուս ստեղծագործողները: Ուսումնասիրելով հին և նոր ժամանակների բազմաթիվ երգարաններ, հայկական երգ-երաժշտությանը նվիրված գրքեր ու ձեռնարկներ, նորօրյա ձայնագրություններ` հանդիպեցինք հարյուրից ավելի երգերի, որոնք նվիրված են Երևանին, և կամ որոնցում Երևանը հիշատակված է որպես բնակավայր, որպես քաղաք, որպես գիտելիքի կենտրոն և այլն:

Ամենավաղ հիշատակումը հանդիպում է դեռ 14-րդ դարում. Երևանը հիշատակվում է Գրիգոր Ծերենցի տաղում, որը գրվել է 1388 թվականին՝ Լենկ թեմուրի արշավանքի և դրա տխուր հետևանքների առնչությամբ.

Եւ յԵրևան մեծ աւանին`
Արս հինգ հարիւր կոտորեցին:

Երևանի մասին ողբ է գրվել նաև 16-րդ դարում` Մուստաֆա Լալա փաշայի կողմից քաղաքի գրավման, ավերման, բնակչության գերեվարման և թալանի հոգեցունց նկարագրությամբ: Ողբի հեղինակը այդ դեպքերի ժամանակակից և ականատես Հովհաննես տաղասացն է: Ողբը գրված է աքրոստիկոսի ձևով. տների գլխատառերը (բացի առաջին քառատողից) կազմում են իր անունը` Յովանեսա:

Թիւն հազար քսան և ութին
Հավուր աշնան մոտ ձմեռին,
Հրոտից ամսուն տասնուերկուսին
Սև լուսացավ երկուշաբթին…
Վա՛յ տանք երկրին Արարատեան,
Մայրաքաղաքն ի յԵրևան,
Եւ գերեզման ամենեքեան,
Ձեռն այլազգե ացգերի անկան…
Երևանայ քաղքեն տարան
Շատ սարկաւագ սաղմոսաձայն.
Ոմանք պաշտեն ըզչարական,
Եւ քահանայք զաւետարան…

Ավարտելով ողբը` հեղինակը խնդրում է երգը կատարողներին, որ որևէ տուն կամ տող չավելացնեն իր գրածին:

Պատմագրական տեսակետից մեծ արժեք ներկայացնող ծավալուն ողբ է գրել Հովհաննես Մակվեցի տաղասացը: Այստեղ ասվում է, որ «հայոց հազար հիսուներեք թվին, նավասարդ ամսին մոտ» (այսինքն` 1604 թվականի օգոստոսին) պարսից զորքը Շահ Աբասի հրամանատարությամբ պաշարել և յոթ ամիս ու յոթ օր հրանոթներով բերդի պարիսպները քանդելուց հետո գրավել է այն: Այնուհետև հեղինակը մեծ ցավով պատմում է մեր ժողովրդի գլխին եկած դժբախտությունների, արհավիրքների ու բռնագաղթի մասին.

Գլուխ զորաց Ապազ Խուտաբանդ որդին,
Հազարապետք ընդ նմայ ՅԵրևան քաղաք եկին…:

Երևանին նվիրված առաջին երգիծական երգը 17-րդ դարի հայ նկարիչ, բանաստեղծ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանի «Գովասանութիւն Երևանա քաղաքին» երգիծական երգն է.

Կամիք գովել` դուք Երևան…
Մարդիքն զուլում կերևան,
Թուրքերն կու քաշեն բերան
Մարդո գլխի կոտրեն գերան…
Սափոր և կուժ` ամենն ծակ,
Քանի ջուր, կածես` թե դատարկ,
Ոչ աղբյուր կա և ոչ վտակ,
Թուրքի յահեն դռներըն փակ:

Անշուշտ, քաղաքի թերությունները երգիծական բանաստեղծության մեջ խիստ չափազանցված են, սակայն զգացվում է ժամանակի շունչը, կարելի է գաղափար ունենալ երևանյան շուկայի, ապրանքի թանկու-թյան, մարդկանց նիստուկացի, ամռան տապի ու անառողջ ջրի մասին.

Հավեն վնաս որպես ըզհուր,
Ջերմ և կանաչ աղտեղի ջուր…

Կուզեն ելնեն ամենն քոչ,
Լի է մոծակ, մժիկ, բղոչ,
Ալիշ-վերիշն է խիստ փոչ,
Տալո նամարդ, առնելո ղոչ:

Այնուհանդերձ, երգից երևում է, որ Նաղաշ Հովնաթանը զարմացած ու հիացած է սառույցով, որ կարելի էր ամռանը գտնել Երևանում.

Նաղաշն Երևան շատ կացավ,
Ջիկարն այրեց, հիւանդացավ,
Սպիտակ սառույցին զարմացավ,
Խմեց` սրտիկն հովացավ:

Աշուղական գրականության մեջ հեղինակները շատ հաճախ անդրադարձել են իրենց ժամանակներում ապրած նշանավոր դեպքերին. երկրաշարժ, հեղեղ, մորեխ, պատերազմ, սով և այլն: Հայտնի է, որ Երևանում շատ բնական աղետներ են տեղի ունեցել: Սրանցից ահավորը 1679 թվականի երկրաշարժն էր, որն ընդհատումներով տևել է չորս ամիս: Սկզբնական ցնցումներն այնքան ուժեղ էին, որ քանդվել են բոլոր կառույցները, նույնիսկ գետերը փոխել են հունը: Այս ամենը արտացոլվել է Սաֆար-Օղլու «Երեւանա շարժը» երգում: Երգն սկսվում է երկրաշարժի նկարագրությամբ.

Յերկինքը մութն առավ — գետինը թնդաց,
Անդունդիցը բղխեց ջուրն Երեւանա,
Յերկիրը շարժ ելավ, սար ու քար դողաց,
Քանդվեցավ պատն ու դուռն Երեւանա:

Այնուհետև դրան հետևում են երկրաշարժի ավերածությունների մասին տողերը.

Պլավ բազազխանեն, խանգարվավ շուկան,
Ավերվան տուն ու տեղ, քյոշք, սարա, դուքան,
Քանդվեցին վանքեր ու տաճար, որքան կան,
Աստվածանից եկավ սուրն Երեւանա:

Երգի հաջորդ հինգ քառատողերում աշուղը ողբում է երկրաշարժի զոհերին և այդ աղետը որակում որպես երկնային պատուհաս:

1826–1827 թթ. ռուս-պարսկական իրադարձությունների շուրջ, ինչպես վկայում է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, ստեղծվել են բազմաթիվ երգեր. «Հարիր տեսակ խաղ հայերեն, թուրքերեն Երևանու բաղերն ու ձորերը լսում էին ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր ուրախ վախտը ձեռը բերնին ա դնում ու ասում»: Սակայն այդ բազմաթիվ երգերից մեզ են հասել միայն երկուսը` «Հայ աշուղ Սեֆի-Յուսուֆի ասած երգը Երևանի առման մասին» և «Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան»: Այստեղ հիշատակվում են այդ իրադարձությունների մանրամասները, նշվում պատմական դեմքեր, անուններ` Նիկոլայ Պավլովիչ ցար, Ներսես հայրապետ, Պասկևիչ, Կրասովսկի, Բեկենդորֆ, Եփրեմ կաթողիկոս, Մադաթով, Երևանի սարդար Հուսեին-խանի եղբայր Հասան-խանը և այլք:

Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներից հետո ինչպես Թուրքմենչայի, այնպես էլ Ադրիանապոլսի պայմանագրերում նախատեսվեցին հոդվածներ, որոնցով թույլատրվում էր հայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան և Անդրկովկաս: Այս գաղթը կատարվեց ծանր պայմաններում: Գաղթականները չունեին տեղափոխությանն անհրաժեշտ միջոցներ, բավարար սնունդ ու հագուստ: Ընդ որում, նրանք մեծ զրկանքներ կրեցին ոչ միայն տեղափոխության ընթացքում, այլև դրանից հետո, արդեն նոր բնակավայրերում հաստատվելուց հետո: «Գաղթականություն ի ամի 1828» երգում գուսան Կարապետը ոչ միայն ներկայացնում է գաղթականների թշվառությունն ու կրած տառապանքները, այլև ափսոսում, որ քանդվել է «այվան օթաղը»` Երևանի բերդի սարդարի հայելազարդ դահլիճը: Շատ գեղեցիկ է նկարագրել 19-րդ դարի 30-ական թվականների Երևանը Միսկին-Բուրջին «Յերևան» երգում.

Ամեն ինչդ լի ու առատ, Յերևան,
Պտուղդ ու բարիքդ շատ, Յերևան,
Միջիդ մարդն է բազմաշխատ, Յերևան,
Շուրջ բոլորդ լեն ու ազատ, Յերևան:
Չնաշխարհիկ, շեն ու ապադ, Յերևան:
Միսկին-Բուրջին ասավ-հաջողակ, բարի
Գործ ու առուտուրդ ամենայն տարի,
Հաց ես տալիս հազարավոր օտարի,
Մայրաքաղաք Արարատյան աշխարհի,
Դու, պատմական ու հարազատ Յերևան:

Մինչև 19-րդ դարի 60-ական թվականները Երևանը երգերում հիշատակվում է որպես բնակավայր («Բախտս ղարա էր»), որպես հուսալի բանտ ունեցող քաղաք («Դութսաղների խաղը»), նահանգի կենտրոն (Աշուղ Օհան «Հեքիմ»): 20-րդ դարասկզբի` նախախորհրդային ժամանակաշրջանի Երևանին հանդիպում ենք «Մազմանով գրեց Քյամալ-բեկ փաշին», «Ալակազի երգ», իսկ ավելի ուշ` «Պուլեմյոտներ կրակեցին բրանևիկից», «Երևանից վազեվազ» երգերում: Երևանին նվիրված երգերի շարք է ստեղծվել 20-րդ դարի 30-ական թվականներին: Դա մի ժամանակաշրջան էր, որ չէր հանդուրժում երգիծանքը քաղաքի կամ քաղաքական գործիչների նկատմամբ (դա հանդիպում էր կենցաղում կամ ընկերական հարաբերություններում), և երգերը գովաբանում էին «Սովետը», նոր կարգերը և նոր Երևանը: Ըստ գուսան Աթայի «Յերևանու խաղի»`

Հառջի Յերևանն էլ չկար,
Որտեղ նայի, — արձան, նկար…
Վոնչ մե հիվանդ, վոնչ մե տկար,
Ել չկա ցավ, տիֆ ու խոլեր:
Դրոշկ, ֆայտոն ենքան չկա,
Տրամվայը կերթա, կըգա,
Ել առաջվա պես չի հիմա,
Քուչեք ֆառշ ա, եմալ պոլեր:

Նույն ժամանակաշրջանի Երևանին ձոնված ամենանշանակալի երգերից է աշուղ Հրկեզի «Յերևանը», որտեղ գովերգում են մայրաքաղաքի ազատությունը, երևանցիների բարեկեցիկ կյանքը, քաղաքի շենքերը, աղբյուրներն ու վտակները, հաստատ ու ամուր կամուրջները, պտղաբեր այգիները, ցորենի գեղեցիկ ու գեր հասկերը և քաղաքի հուսալի ապագան: Այս ամենին հեղինակն ավելացնում է.

Իհարկե շատերից շատ ունես հիմա
Սավառնակ, տրակտոր, ավտո, տրամվա
Քո կաուչուկիցդ ոչ մի տեղ չկա,
Հրաշալի քաղաք, ազատ Յերևան:

Ոգեշնչված ամենայն հայության մայրաքաղաքի հաջողություններով` սփյուռքում երգում էին. «Երևան բաղ եմ առել, Ջան արև, արև աղբերս…»:

Խորհրդային տարիներին, կապված քաղաքամայր Երևանի տնտեսության, մշակույթի, քաղաքաշինության զարգացման հետ, ստեղծվեցին բազմաթիվ գեղեցիկ երգեր` նվիրված մայրաքաղաքին, և գուսանական երգերին հաջորդեցին դասականները: Երգերի մի անուշաբույր փունջ կազմվեց Երևանի հիմնադրման 2750–ամյակի առթիվ: Ծնունդ առավ նաև Երևանի հիմնը` «Էրեբունի-Երևանը» (խոսք` Պարույր Սևակի, երաժշտություն` Էդվարդ Հովհաննիսյանի):

Հետագա տարիներին էլ, նաև անկախացումից հետո, Երևանը շարունակեց մնալ հայկական էստրադային երգի ամենաակտուալ թեմաներից մեկը:

Հոդվածը՝ Հերմինե Սարգսյանի, Լենա Գևորգյանի

Աղբյուրը՝ evnmag.com

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>