Չլինել պատի մի աղյուսը

 Կարեն Խաչատրյանի հոդվածը «Դպիր» էլեկտրոնային ամսագրում

«Երաժշտական լաբորատորիա» ակումբ

Մի անգամ Ջոն Քեյջի ուսուցիչ Շոնբերգը ասաց նրան, որ երաժշտություն գրելու համար պետք է ունենալ ներդաշնակության զգացում: Ի պատասխան սրան Քեյջը բացատրեց նրան, որ երբեք չի ունեցել այդ զգացողությունը: «Ուրեմն դու միշտ կհանդիպես դիմադրության»,- պատասխանեց նրան Շոնբերգը: «Այդ դեպքում ես իմ ամբողջ կյանքը կփորձեմ գլխով կոտրել այդ պատը»,-ասաց Քեյջը:

Ժամանակակից երաժշտական ուղղությունների հիմքում հենց պատեր քանդելն է։ Գիտեք, որ պատերն անդրադարձնում են ձայնը, իսկ պատերի բացակայությունը թույլ է տալիս, որպեսզի ձայնը տատանվի ամբողջ տարածքով մինչև նրա վերջնական մարելը: 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Նոր Օռլեանի գինետներից մեկում սևամորթ հարվածային գործիքներ նվագողը ռիթմից շեղվեց, որի հետևանքով ստեղծվեց ջազը։ Մի պատ էր, որ պետք է քանդվեր և քանդվեց։ Սա առիթ դարձավ նաև երաժշտությունը աշխարհագրական սահմաններով չբաժանելու. չէ՞ որ ջազը աֆրոամերիկյան և եվրոպական մշակույթների բախման հետևանք է։ 60- ականների վերջում «Բլեք Սաբաթ» խմբի կիթառահար Թոնի Այովին մետաղաձուլական գործարանում աշխատանքի ժամանակ անզգուշաբար կորցրեց իր երկու մատների ծայրերը։ Որպեսզի շարունակեր իր սիրելի զբաղմունքը, նա ստիպված էր երկաթե մատնոց կրել։ Այստեղից էլ առաջացավ «ծանր ռոքը» (heavy metal)։ Սա ևս մի պատ էր, որը պետք էր քանդել։

Իսկ մեր «Երաժշտական լաբորատորիա» ակումբը 2013 թվականին ստեղծվել է մի միջավայրում, որտեղ բացակայում են պատերը. այն ազատ հարթակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ակումբի ամենամեծ շարժիչ ուժը ազատ ստեղծագործելն է։ Ակումբի սովորողները հիմնականում երաժշտական կրթություն կամ գոնե մեծ հետաքրքրություն ունեն երաժշտության նկատմամբ: Նրանք ավագ դպրոցի սովորողներ են, որոնց այնպես է միավորում անչափ մեծ սերը երաժշտության նկատմամբ, որ անգամ դպրոցն ավարտելը և բուհում սովորելը, ինչրես Էլիզա Բաղդիյանի դեպքում, հետ չի պահում ակումբում միասին հանդես գալուց:

Իմ կարծիքով ակումբը հնարավորություն է տալիս սովորողին ինքնաարտահայտվելու, ստեղծագործելու: Նրանք ազատ ընտրում են իրենց ստեղծագործական ոճը, լեզուն։ Իմ՝ որպես կազմակերպչի, միջամտությունը նրանց գործունեությանը հասցված է մինիմալի։ Մենք ընդամենը զրուցում ենք երաժշտության մասին և ունկնդրում ենք երաժշտություն։ Դա դառնում է գործունեության կողմնորոշիչ։ Մի օր ժամանակակից ու որակով հայալեզու երաժշտություն լսելիս հանդիպեցինք «Բամբիռ» խմբին։ Դա ոգևորեց ակումբականներին. Լուսինեն, Աստղիկը և Էլիզան որոշեցին ստեղծել իրենց խումբը: Այսօր նրանց «Տիեզերք» խումբն արդեն մեկ տարեկան է: Նրանք հայկական ժողովրդական երգերի գործիքավորմամբ և մշակմամբ են զբաղվում: Բավականին փոքրիկ ժամանակահատվածում կարողացել են սիրվել շատերի կողմից: Ի միջայլոց հետաքրքիր զուգադիպությամբ «Տիեզերք» խումբը «Բամբիռի» հետ միասին է մեկնում ճանապարհորդության. ապրիլի 2-ին Լոս Անջելոսում տեղի կունենա հայկական նորարար տեխնոլոգիաների փառատոն, որտեղ Հայաստանը ներկայացնող երեք երաժշտական խմբերից մեկը մեր «Տիեզերքն» է: Տեսեք` ինչ պատ է քանդվել:

«Երաժշտական լաբորատորիա» ակումբում ազատ մրցակցություն կա։ Ակումբի էլեկտրոնային կիթառ նվագող չորս սովորողները պայքարում են ռոք խմբի առաջին կիթառը լինելու համար (ռոք խմբում առաջին կիթառ լինել նշանակում է ստեղծագործության հիմնական հարմոնիան և բարդ սոլոները նվագել։ Իսկ դա հեշտ գործ չէ, պետք է համառ աշխատել մատների արագության վրա, զարգացնել տեխնիկան և այլն)։ Ես երաժշտություն քիչ չեմ լսել, բայց դա չի խանգարում ինձ զարմանալ մեր սովորողների հասունացած տեխնիկայի վրա։

Երբ Արբի Ավետիսյանը (11-րդ դասարան) նետեց մի կողմ հարվածային գործիքների փայտիկները, վերցրեց ձեռքը կիթառը, սկսեց երգել իր ստեղծագործությունները, սա ևս պատ էր, որը քանդվեց։

Դե, իսկ այն, որ կրթական հաստատությունում ստեղծվում է «ծանր ռոք» նվագող խումբ, որպիսին սովորաբար ու միշտ ստեղծվում է լուսանցքներում, արդեն իսկ պատ քանդել է, և այնպես, որ ոգևորում է մեծին ու փոքրին: Այս գարնանը նրանց առաջին համերգը տանիքում իսկական տոն դարձավ «ռոքեր» սովորողների համար:

Չնայած ներքին պայքարին, ակումբականներին միավորում է սերը երաժշտական գործունեության և ինքնարատահայտման հնարավորության հանդեպ: Քանի որ ակումբում մի քանի խմբեր են գործում, մենք փորձերը միաժամանակ տարբեր տեղերում ենք կազմակերպում: Խմբերը պայքարում են ձայնագրման ստուդիայում փորձի համար: Մի անգամ ռոք խմբի փորձի ժամանակ մյուս խումբը բողոքեց և պահանջեց, որ իրենց փորձը ձայնագրման ստուդիա տեղափոխվի: Նպատակին չհասնելով՝ դուրս եկան փորձատեղից, իմ բոլոր ջանքերը նրանց ներս բերելու ապարդյուն անցան: Ես որոշեցի խորամանկել. միացրեցի իրենց սիրած երաժշտական գործը, և մի քանի վայրկյան հետո նրանք արդեն ստուդիայում էին: Իսկ համերգների, ներկայանալու ժամանակ նրանք միասնական են, ամեն կերպ օգնում-ոգևորում են իրար:

Ակումբի մանիֆեստը

Աղմուկը երաժշտություն է,
Ձայնային տվյալներ չունենալ՝ չի նշանակում չկարողանալ երգել,
Երաժշտական գործիքի չտիրապետել՝ չի նշանակում երաժիշտ չլինել,
Լռությունը երաժշտություն է,
Բոլոր տեսակի տատանումները երաժշտություն են,
Պատուհանի մոտ եղունգները խարտող աղջիկը իմ սիրած կոմպոզիտորն է։

«Տիզերքի» համերգից:

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>