Ազգային խաղերն ու խաղերգերը որպես հանրակրթություն

 Կրթահամալիրի երաժշտության դասավանդող Մարիամ Մնացականյանի հոդվածը՝ «Դպիր»  էլեկտրոնային ամսագրում:

Որն է հանրակրթության մեջ ազգային խաղերի ու խաղերգերի ներառման անհրաժեշտությունը։ Նախ՝ ծանոթանանք նպատակին․

  • ազգային մշակույթի յուրացում
  • Խաղի միջոցով երգի ուսուցում
  • Խաղի միջոցով երաժշտական ընդունակությունների ձևավորում
  • Խաղերգի միջոցով ռիթմիկ պատկերների ձևավորում
  • խաղի և երգի միաժամանակյա կատարման ունակությունների ձևավորում
  • բնական, ինքնաշեն  կամ տարատեսակ նվագարանների միջոցով երգին  նվագակցելու կարողությունների ձևավորում
  • ընդհանուր երաժշտական կարողությունների ընդլայնում։

Հանրակրթության մեջ ազգայի խաղը, խաղերգը կազմակերպելը և ուսուցանելը բավականին մեծ աշխատանք է, քանի որ խմբում պետք է ընդգրկվեն դասարանի բոլոր սովորողները, այլ ոչ միայն երաժշտական լավ ընդունակություններ ունեցողները: Այս աշխատանքում կարող է դասավանդողը ներառել տարբեր տարիքային խմբերի՝ 2-4, 5-6 տարեկաններ, 1-5-րդ, 6-12-րդ դասարանների սովորողներ՝ կախված խաղի, խաղերգի երաժշտության, շարժումների բարդությունից:

Սովորողի մոտ զարգանում  են իրավիճակն ըմբռնելու կարողությունը, մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, մկանների լարումը, ինքնուրույն և խմբով աշխատելու, վերլուծելու, համադրելու, շոշափելու, ուսումնասիրելու, իր դիտողությունները հաղորդելու, ճիշտ կողմնորոշվելու, շարժումներին տիրապետելու կարողությունները, հարստացնում է բառապաշարը և այլն:

Երեխային ամենավաղ տարիքում բնորոշ է շարժունակությունը, խաղալը, թռչկոտելը, վազվզելը, ուսումնասիրելը, աղմկելը և այլն: Խաղը երեխայի կյանքում գրավում է առաջին տեղը: Երեխան խաղի միջոցով է ճանաչում է իրեն, շրջապատող միջավայրը և մարդկանց:

Ըստ իս՝ դաստիարակը, դասավանդողը ինքը պետք է լինի ազգային խաղի կրողը, տարածողը: Երբ դաստիարակը խաղում է երեխայի հետ, դա արդեն երեխայի համար ուսուցում է՝ կենդանի խաղ, այլ ոչ բեմականացում: Ցավոք սրտի, մեր օրերում ավելի շատ գործածվում է այլ տարբերակ: Ես դեմ չեմ նորամուծություններին, բայց միայն այն դեպքում, երբ այն արվում է ազգայինի հիմքի վրա, երբ արդեն յուրացված է ազգայինը, ժողովրդականը: Եթե նորամուծությունը ունի թույլ, անհասկանալի, անմատչելի հիմք, ապա այն կարող է վտանգավոր ուսուցում լինել սովորողների համար՝ հակաազգային:

Մեջբերում եմ ազգիս ուսուցչի՝ Կոմիտաս վարդապետի խոսքերը՝

«Ուսուցի՛չ, պարոններ և քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին, խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ազգն է, սխալ ուղղությամբ ազգ մը կը խորտակեք վերջը: Մանուկն ինչ զգացումի տակ որ ըլլա, այդ զգացումը կարտահայտե որոշ երգերով: Երգը ներքին հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձևն է, ուրեմն շարժումն է, և պարն էլ, ինքնին շարժումն ըլլալով, երգը կզուգորդի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ որ ընթանան, երգն ու պարն ալ նույն արտահայտությամբ երևան կուգան: Արդ կըրնա ըմբռնվիլ, թե որքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ երգեցողությամբ ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը»:

Մանուկը ստեղծել է այնպիսի խաղեր, որտեղ օգտագործել և ցուցադրել է իր մտավոր և ֆիզիկական կարողությունները, ստեղծագործական երևակայությունը: Դա պարզ երևում է նրանց խաղերն ուսումնասիրելիս: Խաղը չի կարող նախակրթարանում լինել ժամանցային։ Այն պետք է լուծի այն խնդիրները, որոնք դրված են նրա՝ հատկապես զարգացման ընթացքի վրա․ սաները ծանոթանում են ազգային խաղերին, սովորում են նոր խաղեր և նպաստում դրանց տարածմանը:

2-4 տարեկանների խմբում աշխատելիս մենք հանդիպում ենք այնպիսի հետաքրքիր խաղային ընթացքի, հենց սանի կողմից այդ ընթացքում առաջացած խնդիրների լուծման, որ եթե ինքներս փորձեինք այդքան պարզ լուծում և ընթացք գտնել, հավատացած եմ, այդքան հեշտ  չէինք կարողանա: Մանուկը ստեղծում և թելադրում է իր խաղը՝ իր խոսքի, իր կարողությունների հնարավորության սահմաններում: Երբ երգի բառերը կամ խաղի շարժումները նա չի կարողանում արտահայտել այնպես, ինչպես դաստիարակն է սովորեցնում, այլ անում է այնպես, ինչպես ինքն է կարողանում, այս դեպքում  իհարկե չպետք է ուղղելլ նրան: Այս գործընթացում կարևորվում է սանի ոգևորությունը, ակտիվ մասնակցությունը, մեծ ցանկությունը։ Նա կարող է այլ ձևով արտահայտել իր խաղի իր ընկալումը, փոխել, այլ բան մտածել այն կատարելու համար և այլն:

Մանկական խաղերգերից  են ՝

Սանը այս խաղերգերի միջոցով է ծանոթանում ազգային ավանդույթներին, ծեսերին, գործիքներին,  գործողություններին:
Օրինակ՝  «Խնոցի հարելու» խաղերգը։
Տեսանյութերում պարզ տեսնում ենք՝ ինչպես սաները կաթից  մածուն են ստանում, մածունը լցնում են խնոցու մեջ ու խաղով, երգով այն հարում են։ Ապա ջուր են լցնում, էլի խաղի միջոցով այն հարում են։ Վերջում էլ ստացված թանը հանում, խմում են։ Սա է կոչվում ազգային մշակույթի սերմանում, որի լայն հնարավորությունները մեր շատ սիրելի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շռայլորեն տալիս է մեզ

Հույս ունեմ, որ կգա մի ժամանակ երբ ազգային խաղը, երգը, խաղերգը կդառնան  հանրակրթության հիմքը նաև այլ ուսումնական հաստատություններում:

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>