Արթուր Շահնազարյան. «Օրորոցայինը ամենաառաջին հոգևոր կերակուրն է, որ ստանում է մանուկը, և դրա ճիշտ ընտրությունը շատ կարևոր է»

Artur-Shahnazaryan

Օրոր, օրորոցային, հայրուր, լուրիկ, դանդան, նեննի, նանի… ինչպես էլ կոչենք օրորոցային երգերը, դրանք մոր քաղցր ձայնով հնչած առաջին երգերն են, որ ըմբոշխնում է ամեն մանուկ: Թվում է, թե այդ երգերը միայն երեխային քնեցնելու համար են, մինչդեռ այնտեղ հաճախ մոր գորովանքն ու սերն է արտահայտվում: Սակայն օրորոցայինները շատ ավելի կարևոր նշանակություն ունեն: Դրանք մանկիկին մատուցած առաջին  հոգևոր սնունդն են, որոնք խոր ազդեցություն են թողնում նրա հետագա կյանքի վրա: Ի՞նչ են երգում այսօր հայ մայրերն իրենց փոքրիկների համար, որտե՞ղ են մեր ազգային օրորոցային երգերը, ի՞նչ երգեր են ուսուցանվում մանկապարտեզներում և դպրոցներում. այս ամենի շուրջ զրուցեցինք երաժշտագետ, կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի հետ:

«Մեր մշակույթի մեջ կան բաներ, որոնց մասին քիչ է խոսվում, սակայն խորքային առումով դրանք շատ կարևոր նշանակություն ունեն: Դրանցիցից են հայկական ռիթմերը, թմբուկի ռիթմերը: Վասպուրականցի թմբկահար Խաչիկը պահպանել էր հայկական բնիկ ռիթմերը: Այդ մարդը տեղով թանգարան էր. նա ամբարել էր մեր արյան ու գեների շարժումը: Իսկ մարդիկ տեղյակ չեն նրա ու նրա պահպանած ժառանգության մասին: Օրորոցայինը այս խորքային ու կարևոր երևույթներից է: Մեր մեծերից շատերն են հասկացել, որ իրենց լսած օրորոցայինի շնորհիվ են նաև դարձել մեծ արվեստագետ: Մոր գորովն ու երգած օրորոցայինն է նրանց համար բացել ճանապարհ դեպի տիեզերք: Այդ մարդկանցից էր Արամ Խաչատրյանը, ով միշտ հիշում էր մոր երգած օրորոցայինն ու ասում, որ դա իր համար եղել է ակունք. «Օրորոցի մոտ երգվող երգի մեջ հացի նման մի բան կար»,- ասում էր Խաչատրյանը: Նա մոր նկարը միշտ իր դաշնամուրի վրա էր դնում, որ այդ զգացողությունը պահպանվի: Հայկական օրորոցայիններ լսելով են մեծացել նաև Սիամանթոն ու Դանիել Վարուժանը: Սիամանթոյի մայրը երգել է  «Ակնա օրորը», քանի որ Սիամանթոն Ակնցի էր, իսկ «Ակնա օրորը» պահպանվել է Կոմիտասի գրառման շնորհիվ: Օրորոցայինը ամենաառաջին հոգևոր կերակուրն է, որ ստանում է մանուկը, և դրա ճիշտ ընտրությունը շատ կարևոր է: Դա առաջին ազգային ելևէջն է, որ մանուկը լսում է մինչև խոսելը: Այն արմատն է ու հիմքը, ուստի օրորոցայինը մեր ժողովրդի մեջ չէր կարող սովորական նշանակություն ունենալ: Հայկական բոլոր օրորոցայիններում Արևի մայրը երգում է Արև մանուկի համար, մանուկն արևն է, և մայրն իր երեխային Արև է կոչում: Ավանդույթի համաձայն` հայ մայրերն այդ օրորոցայինը սովորել են Արևի մորից: Արևը մանուկ է, որ, ցերեկը, առյուծի վրա նստած, սլանում է երկնակամարով, և երեկոյան մայր է մտնում, գնում է մոր մոտ, որպեսզի հանգստանա ու հաջորդ օրը կրկին լույս տա աշխարհին: Մայրը գրկում է նրան, կուրծք տալիս ու օրորոցային  երգում: Այսօր նման երգեր, ցավոք, քիչ են երգվում: Չնայած, ես նկատել եմ, մեր մայրերը բնազդաբար երգում են` ով ինչ կարող է` նանա, օրոր, ջան-ջան, եվրոպական եղանակներով, գյուղերում երբեմն որևէ աշուղական երգով, որովհետև, չնայած մեր օրորոցայինները նոտագրված ու ձայնագրված կան, բայց ժողովրդի մեջ մոռացվել են: Մենք ցանկանում ենք նորից վերադարձնել դրանք ժողովրդին: Հիմա գիտությունն այնքան է զարգացել, որ ֆինանսական խնդիր էլ չկա. համացանցից կարելի է լսել ու սովորել: «Կոմիտաս» կայքում մենք կտեղադրենք  օրորոցայինները` տարբեր երգիչների կատարմամբ. և՛ երեխաները կլսեն, և՛ մայրերն իրենք կլսեն ու կսովորեն: Ես նկատել եմ, որ մեր մայրերը շատ պատրասատակամ են և ցանկանում են երգեր սովորել ու երգել իրենց փոքրիկների համար: Առաջարկում էի, որ մանկական երգերն ունենայինք ձայնասկավառակի տեսքով և ծննդատներում նվիրեինք մայրերին.  շատերին դիմեցինք, ոչ ոք չհովանավորեց այդ գործը,- ցավով արձանագրում է Արթուր Շանազարյանը: Հետո մասնագետն անդրադառնում է «ժողովրդական երգեր» երևույթին ու դրանց քարոզման խնդրին:

«Շատ կարևոր են ժողովրդական մանկական երգերը, որովհետև ժողովրդական երգերի մեջ կա բնական մի բջիջ, որով մանուկը անմիջապես տարվում է ու ոգևորվում: Դա բնությունն է: Այն ստեղծված երգ չէ: Թող ինձնից չնեղանան մեր կոմպոզիտորները, ովքեր մանկական երգեր են գրել: Շատ լավ երգեր կան, բայց նրանց մեջ բացակայում է տիեզերական բնական բջիջը. այդ գաղտնիքը ոչ մի կերպ չի բացատրվում: Ես խորացել եմ, ուսումնասիրել, ոչ մի բացատրություն: Կոմիտասն էլ է քանդել այդ երգերը, նոտագրել կմախքը, մեջը համաչափություն ու օրինաչափություն է փնտրել, բայց այդպես էլ ժողովրդական երգերի բնականության գաղտնիքն անհասկանալի ու անբացատրելի է մնացել: Ինչու պիտի այդ մի քանի` իրար հետևից շարված նոտաները հավերժ ապրեն ու անցնեն սերնդեսերունդ: Բայց դրանց կողքին Կոմիտասն ինքն էլ էր ստեղծում, իր աշակերտներին էլ հորդորում էր ստեղծել մանկական երգեր, որովհետև այն ժամանակ էլ, Պոլսի մակապարտեզներում մանկական երգի խնդիր կար: Ազգագրագետ Չիթունու հետ Կոմիտասն աշխատում էր նաև ժողովրդական մանկական երգերի վրա: Ժողովրդական երգերը նաև խաղեր են պարունակում իրենց մեջ. ամեն երգի մեջ մի բեմադրություն, մի խաղ կա: Ցավոք, սրանց մեծ մասը կորավ 1915 թվականին: Բայց մեր ժողովուրդը մի լավ բան ունի, ամեն ինչ հնարավորինս պահպանում է, և այսօր բավական նյութ ունենք: Եղեռնից հետո, երբ արևմտահայերը գաղթեցին Արևելյան Հայաստան, անմիջապես մասնագիտական խմբերը շրջեցին գյուղերով, որպեսզի ձայնագրեն նրանց երգն ու զրույցը և փրկեն: Այսօր այդ նմուշները պահպանվում են ակադեմիայում: Այս ժառանգության հիման վրա  ես 1990-ին հրատարակեցի «Խնկի ծառ» մանկական երգերի ժողովածուն  / 55 երգ/:

Մի քանի տարի առաջ Մշակույթի նախարարությունը վերահրատարակեց այդ երգարանը, իսկ Կրթության և գիտության նախարարությունը և «Մխիթար Սեբաստացի» կրթօջախը հրատարակեցին իմ կազմած մանկական երգերի ժողովածուն` 101 երգով: Պետությունը գումար հատկացրեց, շրջաններից եկան ուսուցիչներ և վերապատրաստման փուլ անցան: Լույս տեսավ նաև «Կաքավիկ» լազերային սկավառակը, որն իր մեջ ուներ երգարան: Ովքեր ունեն այդ ձայնագրությունները, ասում են. «Մեր երեխան դրանցից բացի այլ երգ չի ուզում երգել»: Ցավն այն է, որ մեր երգերը չեն քարոզվում, ԶԼՄ-ները ոչինչ չեն անում դրանց տարածման համար: Բայց դրա կողքին ուրախալի մի փաստ ասեմ.  վերջերս գնացել էի Արմավիրի մարզի գյուղերը. ցանկացա դպրոցներում երեխաներին ժողովրդական երգ սովորեցնել, և պարզվեց` շատերն արդեն գիտեն:

Բայց ցավն այն է, որ դպրոցների մի մասում երգ-երաժշտության դասաժամին ոչինչ չեն անում, իսկ մյուս մասում էլ դասավանդում են էժանագին, անկյանք, օտարալեզու երգեր: Իրենց խելքով` զարգացման խնդիր է, երեխան պիտի անգլերեն երգի:

Ես դիմել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր մարզում հովանավորեն մեկ խմբավարի: Մանավանդ որ ամեն մարզում էլ կան կոնսերվատորիա ավարտած, գործ չունեցող մասնագետներ: Նրանք անընդհատ խումբ կհավաքեն`  ժողովրդական, կոմիտասյան երգ ուսուցանելու համար: Հետո կնկարահանեն կատարված աշխատանքն ու կուղարկեն մեզ, որպեսզի հավաստիանանք, որ գործն արվել է: Սրա միջոցով մեծ տարածում կգտնի ժողովրդական երգը: Կոմիտասը համոզված էր, որ եթե մի երեխային երգ սովորացնես, նա կգնա ու տնեցիներին էլ կսովորեցնի: Ազգային ու ժողովրդական երգը քարոզելու ու տարածելու գործում մեծ դեր ունեն, իհարկե, հեռուստատեսությունը, լրատվամիջոցները: Կարելի է օրը 20 րոպեում երգ սովորեցնել եթերով. կհնչի երգը, իսկ տիտրերով կգրվեն բառերը, և մարդիկ կսովորեն: Առաջարկել եմ, բոլորը ողջունում են այդ միտքը, համաձայնում, բայց տեղաշարժ չկա:

 

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>