«Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է»

ZXmoVMHgatOIXrciTm0E8w28WV

«Khatchaturianconscious». այս նորաբանությունը պատկանում է ամերիկացի մի քննադատի և նշանակում է «խաչատրյանագիտակից», «խաչատրյանընկալունակ»։ Ըստ այդ քննադատի, անհրաժեշտ էր 30 տարի, որ ամերիկացի երաժշտասերները դառնային «խաչատրյանագիտակից»։
Հարց է ծագում. քանի՞ տարի է հարկավոր, որ մենք, ներկայիս սերունդը դառնանք «կոմիտասագիտակից»։
Ոմանք կարող են տարակուսել, վկայակոչելով Կոմիտասին նվիրված բազում փառատոներ, համերգներ, որոնց մեծ մասն ավանդական միջոցառումներից այն կողմ չի անցնում։
Ավելի պարզ լինելու համար բերենք մի ծիծաղաշարժ համեմատություն։ Հարց. «Ի՞նչ տարբերություն ֆուտբոլի և շախմատի միջև»։ Պատասխան. «Ֆուտբոլը բոլորն են հասկանում, բայց քչերն են խաղում, իսկ շախմատը՝ հակառակը»։
Տեղին է նաև Գեորգ Հենդելի հետևյալ խոստովանությունը. «Եթե իմանամ, որ իմ երաժշտությունը միայն հաճույք է պատճառում, ես կդադարեմ ստեղծագործելուց։ Իմ նպատակը մարդուն կատարելագործելն է»։ Կոմիտասն էլ իր վրդովմունքն էր հայտնում այն դպրապետներից, ովքեր օտարամուտ երգեր էին ներմուծում եկեղեցի, չէին գիտակցում երաժշտության ազգապահպան նշանակությունը։ 1910 թ. հունվարի 12-ի նամակում Վարդապետը կաթողիկոս Մատթէոս Իզմիրլյանին գրել է. «Բուն ազգային եղանակները՝ հոգեշունչ, պարզ ու վսեմ շարականի երաժշտութիւնը, որ մեր նախնեաց նախանձելի հոգու պատկերն ու հայելին են… դատապարտել են արհամարհանքի, կորստի» (Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Ե., 2009, էջ 180)։
Այնուհետև Կոմիտասը խնդրում է կտրուկ միջոցներ ձեռք առնել այդ «վերքը բուժելու», այլապես «մեր կեանքի գոյութեան վառարանը կհանգչի»։ Ավելի հստակ է դառնում, թե ինչ է նկատի ունեցել երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը, որ ասել է.«Մեծ ուժ է արվեստը, մեծ ուժ է երաժշտությունը, եթե մարդկության ղեկավարները խորապես ընկալեին և սիրեին այն, մեր ճակատագիրն էլ ուրիշ կլիներ»։ ՈՒրեմն Կոմիտասի երաժշտությունը կատարելը հարցի մի կողմն է։
Ֆյոդոր Դոստոևսկու, Լև Տոլստոյի երկերում հաճախ ենք հանդիպում հետևյալ բառակապակցությանը. «понять и принять», ասել է՝ ըմբռնել և ընդունել։ ՈՒստի հաղորդվել Կոմիտասի արվեստին կնշանակի ոչ միայն գեղագիտական բերկրանք ապրել, այլև հոգևորապես կատարելագործվել։
Մարդուն հեղաշրջող, դարձի բերող երաժշտության զորությունը վաղուց է հայտնի։ Բերենք մի քանի օրինակ քաղաքակրթության տարբեր բևեռներից ու շրջափուլերից։
Կոնֆուցիոսը գրել է. «Հոգ տանել այն երաժշտության մասին, որ բարեհնչուն լինելով, միաժամանակ վեհացնող է…
Չեն արքայատոհմի երաժշտությունը արգելել… այն խռովություն է սերմանում» (Կոնֆուցիոս, Զրույցներ, Ե., 1991, էջ 123)։ Նման մոտեցում ուներ նաև Պլատոնը, ում համոզմամբ ոչինչ այնքան չի այլասերում պետությունը, հասարակությունը, որքան հրաժարումը համեստ, պատկառելի երաժշտությունից։ ՈՒստի «պետության լավագույն պաշտպանությունը վսեմ, ներդաշնակ և առնական երաժշտությունն է, այլ ոչ թե վայրաբարո ու խառնածինը»։
«Այսօր մեր երեխաները սիրում են սատանայական երգեր և պարեր,- 1700 տարի առաջ գրել է Հովհան Ոսկեբերանն ու շարունակել,- ոչ մեկը գեթ մեկ սաղմոս չգիտե… Սա է ամբողջ չարիքը. ինչպիսի հողի վրա աճում է ծառը, այնպիսի պտուղ էլ տալիս է» (անդ, էջ 28)։ Այնուհետև Ոսկեբերանը նշում է, որ «սաղմոսերգու Դավիթը, դիմելով մեզ հոգևոր, երկնային մեղեդիով, մեզ դարձնում է հոգևոր, քանզի նա երգում է ոչ թե մեր լսելիքին հաճոյանալու համար, այլ ցանկանում է կատարելագործել մեր հոգին։ Մինչդեռ սովորական, աշխարհիկ երգերը, գրգռելով մեր ականջը և խաբելով մեր գիտակցությունը, հեռացնում են մեզ բարուց» (անդ, էջ 115)։
Քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ, պետություն բաղկացած է անհատներից, ուստի երաժշտության թիրախը նախ և առաջ առանձին մարդն է։ Հայտնի օրինակ է Սավուղ թագավորը, որը չարությունից պարբերաբար մթագնում էր, իսկ սաղմոսերգու Դավիթն իր քնարի հնչյուններով դուրս էր մղում չար ոգուն, և Սավուղը հանդարտվում էր։
Նման զորություն ունեն նաև Գրիգոր Նարեկացու պոեզիան և երաժշտությունը, որոնց մասին Առաքել Սյունեցին գրել է.
Չարին յաղթեմք քոյին երգով,
Եվ զնա ուժգին խոցոտելով,
Զըսպիս մեղաց մեզ մաքրելով,
Քաղցրանուագ այսու դեղով…
Իսկ Ներսես Շնորհալին հատուկ հորինել էր «Յիշեսցուք ի գիշերի» և «Զարթի՛ք, փառք իմ» երգերն ու հասցեագրել դրանք Հռոմկլա բերդի պահապան զինվորներին, որ նրանք էլ չերգեն օտարամուտ, անբարո, «վայրապար» երգերը։
Եվ մինչ օրս այս երգերը ոչ միայն չեն կորցրել իրենց զորությունը, այլև Կոմիտասի բազմաձայնած տարբերակով ավելի ազդեցիկ են դարձել։
Հայ երաժշտության ազդեցությունն այնքան զորեղ է, որ այն տարածվել է Հայաստանի սահմաններից դուրս և սփռվել աշխարհով մեկ։
1925 թ. Փարիզում կարդացած իր դասախոսության մեջ ակադեմիկոս Նիկողայոս Մառը նշել է. «Հարևան ու մինչև անգամ հեռու գտնվող ազգերից ո՞րն է, որ չի ազդվել հայոց կուլտուրական բարեմասնություններից, վիպասաններից եկող… երգերից» (Հ. Մառ, Հայկական մշակույթը, Ե., 1988, էջ 25)։ Սա հաստատում են նաև այլազգի երաժշտագետներ Թամարա Լիվանովան, Վալենտինա Կոնենը և այլք։ Վերջինս գրել է. «Գրիգորյան խորալը, որը կաթոլիկ եղեկեցու պաշտոներգության և դրանով հանդերձ հիշյալ ժամանակի եվրոպական մասնագիտացված երաժշտության հիմքն է, գոյացել է հայկական Պատարագի ուղղակի ազդեցությամբ»։ Մինչդեռ Կոմիտասի ժամանակակից թուրք և որոշ հայ գործիչներ, նույնիսկ հոգևորականներ, պնդում էին, թե «հայկական երաժշտութիւն ըսուած բան մ’ը գոյութիւն չունի, բառին գիտական առումով… Եղածն ալ Ասորա-Բիւզանդական կամ Հնդկա-Պարսկական ազդեցութիւնը կկրեն» (Կոմիտաս Վարդապետ, ՈՒսումնասիրութիւններ եւ յոդուածներ, գիրք Բ, Ե., 2007, էջ 85)։
Սակայն «Հայը ունի իր ինքնուրույն երաժշտութիւնը» հոդվածում Կոմիտասը հերքեց այդ վայ-գիտնականներին։ Եվ «Միջազգային երաժշտական ընկերության» համաժողովներում, համերգներում՝ Բեռլինում, թե Փարիզում, Վարդապետը գիտականորեն և գործնականում ապացուցեց, որ հայ երաժշտությունը «այնքան հարազատ է ու ազգային եւ այնքան ինքնուրույն է ու ինքնատիպ, որքան իր լեզուն ու գրկանությունը, որովհետեւ իւրաքանչիւր ազգի երաժշտութիւնն իր ազգի հնչական ելևէջներէն կծնի ու կծաւալուի։ Հայ լեզուն ունի իր յստակ հնչողութիւնը, ուրեմն եւ համապատասխան երաժշտութիւնը» (անդ, էջ 87-88)։ (Պատկերավոր ասած, երաժշտությունը բխում է լեզվից, ինչպես Վեներան ծովի փրփուրից)։
Երաժշտության մաքրության, բնիկության խնդիրները Կոմիտասը արծարծել էր նաև կաթողիկոս Մատթէոս Իզմիրլյանին ուղղված նամակում (1909 թ. դեկտեմբերի 11-ին)։
Ըստ Կոմիտասի, ազգային երաժշտությունը բխում է մայրենի լեզվի չորս անբաժան հատկություններից՝ ամանակ, ելևէջ, հնչյուն և ոգի։ Առանց դրանց իմացության հնարավոր չէ որևէ երգի կատարյալ բազմաձայնում, ներդաշնակում։ Փարիզյան համաժողովից հետո «Հայ երաժշտութեան յաղթանակը» վերնագրով հարցազրույցում Կոմիտասը այսպես է բնութագրել այն. «Հայ երաժշտութիւնը համակ ուժ է եւ կենդանութիւն ու իր մէջ կսնուցանէ փիլիսոփայութիւնն իսկ իրենց ցեղին, որովհետեւ երաժշտութիւնը ամենէն մաքուր հայելին է ցեղին… կենդանի, որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ, որքան ուժեղ է իրեն ծնունդ տուող ժողովուրդը» (անդ, էջ 195)։
Այնուհետև Կոմիտասը հարցազրույցում նշում է, որ համաժողովի մասնակից հայտնի վարպետները բարձր են գնահատել հայ երաժշտության «ուժն ու քնքշությունը» ու բնորոշել այն որպես «աստուածային»։
Տարիներ անց Վազգեն վեհափառ հայրապետը հայ հոգևոր երգը պիտի բնորոշեր որպես «Սուրբ Հոգով շաղախված»։ Այդպիսին է հենց «Տիրամայրն» տաղը, այդպիսին էր և Կոմիտասի կատարումը Փարիզում և այլուր.
Տիրամայրն հանդէպ որդւոյն
Ի Խաչին կայր տըրտմագին,
Ես լսելով ըզծարաւին՝
Յառաչմամբ լայր ցաւագին,
Ի փուշ պըսակ դիտելով՝
Ողբ, կոծ, վայ տայր իւր անձին.
«Աչացս լո՛յս, որդեա՛կ իմ, Յիսո՛ւս,
Եւ ընդ Քեզ մեռանիմ»։
1906 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած Կոմիտասի համերգը պարզապես ցնցել էր երաժշտական Փարիզը։ Մամուլը ողողված էր հիացական հոդվածներով։ Արձագանքել էր նաև անվանի երաժշտագետ, Սորբոնի համալսարանի և կոնսերվատորիայի պրոֆեսոր, Փարիզի «Գրանդ օպերայի» գլխավոր քարտուղար Լուի Լալուան։ Նրա բացառիկ խորաթափանց հոդվածը, իր իսկ «Մերկյուր Մուզիկալ» թերթում, մի ներբող է Կոմիտասին, Հայաստանի բնությունն արտացոլող գեղջկական երգերին և հատկապես, «Կոմիտաս Վարդապետը, որ քաջություն ունեցավ գալ խմբերգը ղեկավարելու և ինքն իսկ մեներգեր երգելու, «Տիրամայրն» տաղի մեջ բարձրացավ հուզմունքի այնպիսի ներուժության մը, որ գրեթե արցունք բերելու աստիճան կհասներ և որուն համար հասարակությունը «օվացիոն» մի ըրաւ իրեն» (Խաչիկ Սամվելյան, Կոմիտասի կյանքի և գործունեության համառոտ տարեգրություն», Սովետական արվեստ, 1970, N 3, էջ 50)։ Այնուհետև Լալուան նկարագրում է, թե ինչպես է Կոմիտասը կրկին մոտեցել «Մյուսթել» երգեհոնին և կրկնել տաղի վերջին տունը, երգելով այն գրեթե շշուկով, «մեծ վիշտերու գաղտնիքին մեջ, երկրամած կարեկցության ու ամփոփված խոկման շեշտելով, որ աստվածային ներկայությունը զգալի կընեն» (անդ)։


Մնում է ավելացնել, որ «Տիրամայրն» տաղը ստեղծվել է 11-12-րդ դարերում, Անիում։ Այս նույն բովանդակությամբ երգասացությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցում կոչվում է «Stabat Mater», որը Եվրոպայում ստեղծվել է ավելի ուշ՝ 13-րդ դարի 2-րդ կեսին և հետագայում կյանքի կոչել Պալեստրինայի, Պերգոլեզիի, Հայդնի, Շուբերտի և այլոց համանուն բազմաձայն գլուխգործոցները։ Դառնալով Կոմիտասին, նշենք, որ, բացի «Տիրամայրն» տաղից, Վարդապետն իր երգահանդեսներում կատարել է բազում այլ երգեր, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Հաւուն, հաւուն» տաղը, շարականներ, մեծ հնչեղություն ստացած «Անտունին», «Ալագյազ բարձր սարին», «Հով արեք, սարեր ջան» և այլն։ Սրանք հանճարեղ երգեր են՝ «տարբերանշաններ», որոնք լավագույնս պատկերացում են տալիս հայ ժողովրդի հոգեկերտվածքի, հայի տեսակի մասին։ Դա զգում էին նաև այլազգի ունկնդիրները։ Կոմիտասն ինքը իր հոդվածում այսպես է գնահատել Ռիխարդ Վագների ավանդը. «Վագներ Գերմանիային ազգային երաժշտություն տուաւ, իսկ օտարներին դաս» (Կոմիտաս Վարդապետ… էջ 312)։ Նույնը Վագները կարող էր ասել Կոմիտասի վերաբերյալ։ Ահա թե ինչ է գրել Կոմիտասի համերգի մասին Լոզանի մամուլը. «Ինչպիսի՛ դաս մ’է մեր երաժիշտներու համար, գործն այս արվեստագետի՝ զոր կրնանք անանուն կոչել, որովհետև ավելի իր երկրին արվեստի համար աշխատած է, քան իրեն, քանի որ ամբողջ ժողովուրդ մը ինքզինք կը բացատռե իր ձայնով։ Բայց մանավանդ, ինչպիսի՛ դաս գեղեցկության» (Ռուբեն Թերլեմեզյան, Կոմիտաս, Ե., 1992, էջ 43)։ Հիրավի, Կոմիտասն այնքան է միաձուլվել իր ժողովրդին, որ շվեյցարացի քննադատը նրան անվանում է «անանուն»։
Ըստ Ալբերտ Էյնշտեյնի, «Մարդու ճշմարիտ գնահատականն այն է, թե որքան և ինչ իմաստով է նա կարողացել ազատագրվել իր «ես»-ից»:
Նժդեհը կասեր՝ Կոմիտասը ինքն իրեն «եսաթափ» է արել։ Սրա վկայությունն այն է, որ Վարդապետը, անավարտ թողնելով իր օպերային էսքիզները և բազում այլ մտահղացումներ, իր կյանքը նվիրեց ժողովրդական երգարվեստի, հոգևոր երաժշտության փրկության ու շենացման գործին։ Այլ կերպ թուրք եղեռնագործներին կհաջողվեր ոչնչացնել նաև հայոց դարավոր մշակույթի այս փառահեղ հատվածը ևս՝ հայոց բանավոր հայրենիքը։ Եվ Կոմիտասը ոչ միայն փրկեց բազում երգեր, պարեղանակներ, այլև մշակեց, բյուրեղացրեց ու բազմաձայնեց դրանք ու փոխանցեց գալիքին։ Այդքան տարածված «մշակել» բառը չի կարող լիովին պատկերացում տալ այն ահռելի աշխատանքի մասին, որը Կոմիտասը կատարել է յուրաքանչյուր երգի վրա։ Այդ գործընթացը Կոմիտասն էլ շատ սեղմ է ներկայացնում, պատրաստի երգերի նոտաների տակ նշելով. «Գրի առավ և դաշնակեց Կոմիտաս վարդապետ»։
Նա նախ գրի էր առնում երգերը, համեմատում այլ տարբերակների հետ, ընտրում լավագույնը։ Հետո մաքրում էր օտարամուտ ազդեցություններից, բյուրեղացնում։ Ինչպես Միքելանջելոն էր ասում, թե հարկ է մարմարի զանգվածից ավելորդը հանել, և արդյունքում կմնա իսկական պատկերը։ Անհրաժեշտության դեպքում Կոմիտասը հղկում էր նաև երգի խոսքերը։ Երբեմն էլ մի քանի երգ համակցում էր ու ստանում մեկ օրգանական միաձույլ։ Օրինակ, «Ծիրանի ծառ» երգում Կոմիտասը միավորել է բուն «Ծիրանի ծառը», «Հա տվեք, ետ տվեք» և «Հով, հով, հովն ընկավ» առանձին երգերը։ Իսկ «Քելեր, ցոլեր» երգին գումարել է «Սարի սովոր» երգը։ Եվ այդ երգերը միաձուլողը, հիմնականում իր հորինած, զարդագոտու պես պարուրող նվագակցությունն է։ Իսկ խմբերգերում՝ նույնպես ներդաշնակումը, ձայների պոլիֆոնիկ հյուսվածքը, ինտոնացիոն կապերը և այլ տարրեր։ Երբեմն էլ Կոմիտասը միջամտում էր, կատարելագործում երգի մեղեդին, ինչպես «Գարուն ա» երգի մեղեդու 5-րդ տակտի «սոլ» հնչյունը, որով Վարդապետը փոխարինել է բնօրինակի «Ֆա» բազմիցս կրկնվող հնչյունը։
Դառնալով պոլիֆոնիային, նշենք, որ, ինչպես արևի «մրագույն» թվացող լույսն անցնելով բյուրեղյա պրիզմայով, բեկբեկվում է ու վերածվում ծիածանի գույների, այնպես էլ միաձայն երգը՝ մոնոդիան, անցնելով Կոմիտասի բյուրեղյա սրտի միջով, վերածվում էր բազմաձայն երգի։ Բազմաձայնություն, որը Կոմիտասը բնորոշել է որպես «սքանչելեաց սքանչելիք»։ Այդպիսիք են հենց Վարդապետի խմբերգերը, «Պատարագը» և այլ երկեր։ Եվ այսպես, Կոմիտասը դրեց հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմքը։ Վարդապետի անձնական օրինակը, նրա արվեստը, նրա մշակած, բյուրեղացրած երգերի սրբալույս մյուռոնի մերանի պես, խմորեցին, կյանքի կոչեցին ապագա կոմպոզիտորների ազգաշունչ ստեղծագործությունները։
Բավական է նշել Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, որտեղ մեծ դեր են խաղում «Քելե, քելե» երգի մեղեդին, և «Պարային սյուիտը», որում շողշողում է «Չեմ կրնա խաղա» երգի մեղեդին, Էդվարդ Միրզոյանի կվարտետում հնչող «Գարուն ա» և «Անտունի» երգերի հնչերանգները, «Կռունկը» Ջիվան Տեր-Թադևոսյանի 1-ին սիմֆոնիայում, Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը, Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», 14 երգերի հիման վրա ստեղծված Սարգիս Ասլամազյանի կվարտետային պիեսները և այլն։ Եվ ամենուր արևաշող Հայաստանն է։ Ինչպես Կոմիտասն էր ասում, «ժողովրդական երգերը բնության երևույթների եւ պատկերների անվերջ բառարանն են» (Կոմիտաս Վարդապետ… էջ 219)։ Ավելացնենք նաև, որ այդ երգերը հայի հոգու, նրա հոգեշարժումների անվերջ «բառարանն» են։ Դիպուկ է ասել Սողոմոն Տարոնցին.
Կոմիտա՛ս, իմ ժողովրդի հնօրյա,
հնավանդ ծառից
Մորմոքի ու հույսի համար
կտրած դու չքնաղ սրինգ…
Մի ամբողջ հին ժողովուրդ է խտացրել
Իր հոգին քո մեջ…
Ահա թե ինչու առանց կոմիտասյան երգերի անհնարին են հայապահպանությունը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը։ Անհնարին է իրականացնել հայակերտման ճակատագրորեն դժվարին առաքելությունը։
Դժվարին, քանզի ինչպես Կոստան Զարյանն է ասել. «Հայ լինելը պահանջում է մեծ ճիգ, հոգեկան կենտրոնացում, զոհաբերության ոգի, խոր հավատք և առաքելական մոլեռանդություն» (Կոստան Զարյան, Նավատոմար, Ե., 1999, էջ 225)։ Հայ լինելը դժվար է, քանզի այս ԱՆՍԵՐ աշխարհում «Սուրբ սերն է նշան ճշմարիտ հայուն», ինչպես ասվում է Կոմիտասի «Հայրենյաց սիրով» երգում։ Ըստ Կոմիտասի, հայակերտման առաջին քայլերն անհրաժեշտ է սկսել մանկության վաղ շրջանից։ «Մանկիկ Վահագնին» խրատում, «Մանկապարտեզ», «Պարն ու մանուկը» հատվածներում կոչ է անում «հետևել բնութեան դպրոցին», երգի ու պարի միջոցով կրթել ու ձևավորել հայորդիներին։ «Մի՞թե թուլամորթ մարդը կրնայ արդեն սուր առնել, թուր առնել,- հարցնում է Կոմիտասը։- Հոս տեղին է հիշել «Առողջ միտք՝ առողջ մարմնի մէջ» խոսքը։ Երգեցողութիւնն ու պարը կ’առուգացնեն, կը մարզեն մարմինը։ ՈՒրեմն մանկական երգեցողութիւնն ինչքա՛ն կարևորութիւն ունի ապագա քաղաքակրթութեան մէջ» (անդ, էջ 77)։ Կոմիտասի նախանձախնդրությունն այս հարցում ոչ թե նեղ ազգային դրսևորում էր, այլ հոգու ինքնապահպանման բնական մղում։ Բացի այդ, հայոց մշակույթը նա ընկալում էր որպես համամարդկայինի անբաժան մաս, քաղաքակրթության «ծիածանի մի գույնը»։ Այլ կերպ Վարդապետն այդքան ջանասիրաբար չէր ուսումնասիրի այլ ժողովուրդների մշակույթը, չէր կատարի ասորական, քրդական, պարսկական, տաճկական և այլ երգեր, Բեռլինի կոնսերվատորիայի ավարտական իր թեզը չէր նվիրի քրդական ժողովրդական երգարվեստին, նյութական սուղ պայմաններում ուսանող Կոմիտասը չէր գնի թանկարժեք գրքեր, այդ թվում՝ Կ. Վալենտինիի «Շվեդական ժողովրդական երգերի» ժողովածուն և այլն։
Հատկանշական է, որ Կոմիտասը հորդորել էր իր աշակերտ Սպիրիդոն Մելիքյանին, որը մեկնում էր Գերմանիա ուսանելու, իր հետ տանել հայ ժողովրդական երգերի նմուշներ, «գերմանական ազդեցություններով չտարվելու համար» (Սովետական արվեստ, Ե., 1969, N 12, էջ 62)։ Եվ Մելիքյանը Կոմիտասի ժողովածուից արտագրել ու հետը տարել է 255 երգ։
Ըստ Հայնրիխ Հայնեի, փիլիսոփա Յոհան Հերդերն ամբողջ մարդկությունը համեմատում էր մի վիթխարի տավիղի հետ, որը հնչեցնում էր մեծագույն վարպետը, այսինքն՝ Արարիչը։ Այդ հսկա տավիղում յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի լարված մի լար է, իսկ փիլիսոփան «ընկալում էր այդ տավիղի տարբեր հնչյունների համապարփակ հարմոնիան»։ Եվ ահա պատմության բեմահարթակում հայտնվեց Կոմիտասը, լսեց այդ համամարդկային տավիղը ու տեսավ, որ «մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարը» կտրել են։ Եվ Կոմիտասն իր սրտի հաղթական լարը հանեց, տեղադրեց այդ տավիղում, լարեց ու ներդաշնակեց մյուս ազգերի լարերի հետ և Արարատյան գույնով ու հնչմամբ զարդարեց այդ տավիղի տիեզերական համանվագը։
Իսկ թե ինչպես է հնչում հայոց լարն այդ համամարդկային սիմֆոնիայում, թող ուրիշներն ասեն։
Ըստ Նադեժդա Մանդելշտամի, հայոց լեզուն երջանկացրել էր Օսիպ Մանդելշտամին։ Հայաստանից վերադառնալով Մոսկվա, նա Աննա Ախմատովայի անունը դարձրել էր Անուշ, և մինչև իր կյանքի վերջը բանաստեղծուհին իր նամակները ստորագրում էր Անուշ անվամբ։ Մադելշտամը հաճախ վերհիշում էր Կոմիտասի երգերը, իսկ ժողովրդական «Ճախարակ» երգի մասին Նադեժդան գրել է, «Հայկական ճախարակը մեզ հետ ապրում էր Շուբերտի «Ճախարակի» հետ»։ Եվ սրանք, ասես, արձագանքվում էին Հերդերի համամարդկային «տավիղում»։
Իսկ հիմա թող խոսի վերջերս Հայաստան այցելած իտալացի անվանի արվեստագետ Տոնինո Գուեռան. «Հայաստանը միակ վայրն է, որն ինձ վերափոխեց, ես կասեի, ամբողջությամբ։ Անշուշտ, ես տեսել եմ և՛ հրաշալիքներ, և՛ արվեստի կոթողներ աշխարհի տարբեր ծագերում, և այդ ամենն ինձ հիացմունք էր պատճառում։ Բայց վերափոխել է ինձ հենց Հայաստանը»։ Այստեղ ընդմիջենք Գուեռային, և հիշենք Հենդելի ասածը հաճույքի և կատարելագործման մասին։ Շարունակենք լսել Տոնինո Գուերրայի սիրո խոստովանությունը. «Ի՞նչն է ինձ հատկապես հիացրել։ Ինձ հիացրել է թուլության ուժը։ Այն վանքերը, որոնք կառուցվել են վանականների ձեռքով, ովքեր իրենց աղոթքներով կարողացել են հալեցնել և փափուկ դարձնել ժայռերը»։ Մի հանգրվան էլ այստեղ անենք, քանզի Տոնինոն, կամա, թե ակամա, այս անգամ էլ հիշեցրեց ճապոնացի պոետին, որ գրել է. «Ինձ ասում են՝ դուք թույլ եք։ Այո՛, բայց բոլոր ուժերս ու կյանքս կտամ, որ պաշտպանեմ ու պահպանեմ այդ թուլությունը»։ Մտաբերենք նաև Փարիզում նշված հայ երաժշտության «ուժն ու քնքշանքը»։ Մինչդեռ Գուեռան շարունակում է ի խորոց սրտի խոսքն առ Հայաստան. «Անշուշտ, ես երբեք չեմ մոռանա այդ շղարշը՝ ճերմակ շղարշ Արարատը, որը միշտ հայերի աչքերի առջև է։ Յուրաքանչյուր եվրոպացի, յուրաքանչյուր մարդ պիտի գեթ մեկ օրով գա Հայաստան, որպեսզի ցողվի, սրբագործվի նրա ոգեկանության ամպերով… Եվ ով այցելում է Հայաստան, թեպետ մի քիչ, բայց անպայման հայ է դառնում։ Ես զգում եմ, որ իմ ճամփորդությունը Հայաստան՝ իմ ուղղաձիգ, դեպի վեր ճամփորդության սկիզբն է»։
Գուցե նույն զգացմունքներով էր ալեկոծված Նիկողայոս Մառը, երբ ասել էր. «Ծագումով հայ լինելու պատիվը չունիմ» (Ն. Մառ, Հայկական մշակույթը… էջ 3)։ Այդպիսին է Կոմիտասի Հայաստանը, ահա սա է Արարատյան դաշտի «մագնիսական դաշտը»։
Ըստ Յոհաննես Բրամսի, իր կյանքում տեղի է ունեցել երկու կարևորագույն իրադարձություն. մեկը Գերմանիայի միավորումն էր, մյուսը՝ Սեբաստիան Բախի ստեղծագործությունների հրատարակությունը։ Այսինքն՝ խոսքը Գերմանիայի «մարմնի» և «հոգու» մասին էր։
Հայաստանում նման իրադարձություն արդեն տեղի է ունեցել. հրատարակվել են Կոմիտասի երկերը, մնացել է Հայաստանի միավորումը։ Ֆրանսիացի անվանի երաժշտագետ Պիեռ Օբրիի հետ հանդիպմանը Կոմիտասը մարգարեացել էր. «Որքան ապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը» (Կոմիտասական, Ե., 1969, հ. 1, էջ 259)։
Իսկ դա նշանակում է, որ Հայաստան աշխարհը կհարատևի։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Աղբյուրը՝ www.irates.am

 

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>