Մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկն էլ պարն է: Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը:
Պարն ամբողջովին ենթակա է շեշտի, հանգի և եղանակի օրենքներին: Բայց պարի ոգին` շեշտ, հանգ և եղանակ, ազգային և ինքնուրույն կերպարանք է ստանում խառնվածքի և քաղաքակրթության աստիճանի համեմատ:
Շեշտը պարի եռանդն է: Պարողներին դրդողն ու ոգևորություն ներշնչողն է. ամեն անգամ, երբ հնչում է շեշտի հարվածը, խաղն ավելի է տաքանում և պարողներին աշխուժի բերում` թարմացնում:
Հանգը բաժանվում է շեշտական զարկերի համաչափ կամ համանման մասերի կամ ոտքերի, ուր շեշտերն իրար հաջորդում են զանազան աստիճանավորումներով` ելևէջով, պարի բովանդակության համաձայն և պարողների շարժումներին համապատասխան:
Եղանակ, որի արտահայտիչներն են նվագ կամ մարդկային ձայն, միացած կամ զատ, շեշտը` պարի բուռն եռանդի և զգացումների հայելին է:
Պարի ներքին բովանդակության անփոփոխ այս երեք տարրերը` շեշտ, հանգ և եղանակ, բոլոր ազգերն էլ ունին, բայց արտահայտության աստիճանը կախում ունի ազգային խառնվածքից և քաղաքակրթությունից. իսկ այդ երկուսը` ժողովրդի ամբողջ ներքին և արտաքին վիճակից: Ուրեմն ազգային պարերի հատկությունը սահմանելու համար պետք է քննել արտաքին պայմանները: Օրինակ` արևելյան ազգերն առհասարակ սիրում են ծափ տալով արտահայտել շեշտը: Հրավիրված հասարակությունը մեկին հանում է մեջտեղ, մնացածները` մեծ ու պստիկ, միասին և համաչափ ծափ են տալիս, թեև հաճախ լինում է և նվագածությունը, բայց ծափն անբաժան է: Ծափի ընթացքում երբեմն այս ու այն կողմից ուղղում են պարողի հասցեին բացականչություններ` իբրև հավանության և խրախույսի նշան: Միօրինակ և տաղտկալի ծափահարության ժամանակ բացականչությունները թարմություն են բերում, դիտողներին զվարթացնում, իսկ պարողին աշխույժ ներշնչում, ոգևորում:
Հայ գեղջուկ պարի ինքնուրույնությունը բնորոշելու համար պետք է ամենատեսակ զգացումներ արտահայտող շարժումներն առանձին-առանձին քննել:
Ա. Շարժումների տեսակները` զարնել, խփել, քայլել, սահել, շորորել, ծածանել, ճոճել, շրջանել, կեռանալ և թռնել.
Բ. Շարժումների ուղղությունները` առաջ, ետ, վեր, վար, աջ, ձախ, թեք, տեղն ու տեղը.
Գ. Շարժումների չափը` ծանր, չափավոր, զվարթ, դանդաղելով, շտապելով.
Դ. Շարժումների բնավորությունը` վստահ, ազատ, միամիտ, քնքույշ, նուրբ, վեհ, եռանդուն, լուրջ, համեստ, վայելուչ:
Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի, և զգացումներն արտահայտում են մարմնի ոչ թե մեղկ, մոլի, կատաղի հրապուրիչ և այլն շարժումներով, այլ պարերգերի միջոցավ: Պարերգերի սովորական բովանդակությունն է կարոտ և գովք, ծաղր ու զավեշտ` սիրո շուրջ` բնական գողտրիկ համեմատություններով համեմված:
Պարի շարժումներն այսպիսով կարելի է դասավորել.
Ա. Ազդրի և ոտքի շարժումներ.
Բ. Բազկի և դաստակի շարժումներ.
Գ. Իրանի շարժումներ.
Դ. Գլխի շարժումներ:
Ա.
Ազդրի և ոտքի շարժումները` զարնել, քայլել, սահել, ծածանել և թռնել, կատարվում են` ա. ներբանով, բ. կրնկով, գ. ոտնածայրով:
ա. Ներբանի շարժումներ: Սոքա ամենից պարզն են: Ոտքը բռնում է կամ իր բնական դիրքը, կամ երբեմն էլ կրունկը դեպի մյուս ոտքի կողմը քիչ թեք: Այդ դիրքով` 1) քայլել` աջ, ձախ, ետ կամ առաջ, և 2) զարնել` տեղն ու տեղը, առաջ, աջ կամ ձախ:
բ. Կրնկի շարժումներ: Ոտնածայրը քիչ բարձրացնել և կրնկի վերա ազատ հենվել: Այդ դիրքով` 1) զարնել տեղն ու տեղը, առաջ, աջ կամ ձախ, և 2) ծածանել` շրջանաձև:
գ. Ոտնածայրի շարժումներ: Աջ` ոտի վրա հենվելով ձախի կրունկն այնքան բարձրացնել, որ ոտնածայրը հանգիստ կանգնե ծունկը շնորհալի կերպով, երբեմն փոքր-ինչ աջ կամ ձախ թեքել: Մի քիչ դեպի առաջ կամ դուրս ծալել, ապա և ըստ այնմ ոտքը ձախ կամ աջ թեքել, կես քայլ առաջ տանել և թեթևակի` 1) զարնել տեղն ու տեղը, ուղղակի առաջը, աջ, ձախ կամ աջ կողմից ուղղակի աջ ոտքի առաջը. 2) քայլել` ձախ ոտքը խաչաձև բերելով աջի վրայով կամ ետևով դեպի աջ, հակընթաց, այսինքն` նախ ձախ և ապա աջ ոտքը շարժելով (հակընթաց շարժումների ժամանակ, ոտների փոխադարձ դիրքը զուգահեռական է). 3) սահել` կրունկը բարձր և ոտնածայրով նախ` առաջ և ապա` աջից ձախ, շրջանաձև` ձախ ոտով: Շրջանաձև շարժումն սկսվում է անմիջապես, սահեցման կից և օդի մեջ. 4) թռնել` միշտ դեպի աջ, ոտքերը թույլ թողած, ազատորեն, մի առանձին փափուկ թափով դեպի ետ ծալել և միշտ շրջանաձև ընթանալ: Իսկ աջ ոտքով` ընդհակառակը. այսինքն` անշարժ է մնում ձախը, որի վերա հենում է աջը և վարում է իրեն համապատասխան շարժումները:
Կան և խառն շարժումներ, երբ ներբանի, կրնկի և ոտնածայրի շարժումներն ի միասին կամ զույգ-զույգ են գործում. օրինակ` կրունկն ու ոտնածայրը միանում են փոխեփոխ` զարնելիս, կամ օդային և թռնելու շարժումները միանում են, մանավանդ թռնոցի պարերի ժամանակ:
Բ
Բազկի և դաստակի շարժումներն են` ծածանել և շորորալ: Շարժումների ժամանակ բազուկն ունի 1) հորիզոնական դիրք, երբ տարածում են աջ ձեռքը դեպի աջ և ձախը` ձախ կողմը. 2) բարձր դիրք, երբ բազուկը վեր է բարձրացած, մի քիչ առաջ թեքած և դեպի ներս ծալած` հորիզոնական մակարդակի վրա և 3) կախ դիրք, որ բազուկի բնական դիրքն է: Նույն երեք դիրքն ունի դաստակը: Թե բազուկը և թե դաստակը ծածանում ու շորորում են`
ա. Վեր և վար, գրեթե իրանի շարժումներին կից և նկարում են պարերգի մանր ամանակները:
բ. Ծափ տալով, այսպես`
1. Յուրաքանչյուր պարող իր աջ և ձախ ձեռք ձեռքով ծափ է տալիս` ամանակի միության արագությամբ:
2. Յուրաքանչյուրը դառնում է դեպի իր աջ կամ ձախ կողմի պարողին և փոխադարձաբար, աջ ձեռքով խփում են իրար աջին և ձախով՝ ձախին, նույնպես ամանակի միության արագության չափով:
Գ.
Իրանի շարժումներն են` ծածանել և շորորալ: Այս երկու շարժումն էլ պիտի կատարել մի առանձին շնորհալի և քնքույշ թեթևությամբ ու նրբությամբ մի կողմից` շարունակ և մանր մանր, վեր ու վար և աջ ու ձախ երերել, մյուս կողմից` ծանր ու աննկատ շրջանաձև պտույտ գալ` աջ, ձախ, ետ կամ առաջ: Կա և հանկարծական և ամբողջական շրջումն` աջ, ձախ, ետևով կամ առջևով: (Առանձնահատուկ է վերջինս Վանա ծովի շրջակա երկրների հայ գեղջուկներին):
Դ.
Գլխի շարժումն: Հայ գեղջուկ պարի ժամանակ գլուխն իր մի անգամ բռնած դիրքն անփոփոխ է պահում. սովորաբար մի քիչ թեք դեպի աջ կամ ձախ և կամ ուղիղ. իսկ շարժվելիս էլ միայն ավելի առաջ և սակավիկ մի ետ` աննշմարելի կերպով: Աշխույժ գլուխ թափահարել, եռանդուն ցնցել և այլն- չկա:
Հայ պարերի արագությունը սկզբից մինչև վերջ միևնույնը չէ մնում. սկսում է ծանր, կամաց-կամաց անցնում է դեպի չափավորը և ապա դեպի զվարթը, սկսում է կրկին հետզհետե ծանրանալ` զվարթից չափավորին անցնելով և չափավորից ծանրը: Արագության համապատասխան պարի եռանդն է աճում կամ նվազում:
Պար նշանակում է շրջան, կոլոր, պտույտ, բոլորակ: Տեղ տեղ` կլոր պար ասելով ավելի պարզ են սահմանում բառիս նշանակությունը: Պարն ունի և մի այլ ընդհանրացած անուն` յայլի, որ թերևս թուրքերեն յայ բառիցն է առաջ եկել. նշանակում է աղեղ, բոլորակ. համանիշ է հայերեն պար բառին. լի ածանցական մասնիկն էլ հավասար է հայերեն ավոր կամ վոր-ին, որ բառի վերջին կցվելով՝ ունեցող, ձև, եղանակ, կերպ և այլն է նշանակում. ուստի յայլի նշանակում է շրջանաձև, աղեղնավոր և այլն պար. գրեթե նույնիմաստ է հայերեն կլոր պար անվան: Բառիս (յայլի) երկրորդ նշանակությունն է զսպանակ, որից էլ զսպանակավոր. այս էլ ունի ճոճման և երերման գործողության գաղափարը. ուրեմն դարձյալ համապատասխան պարի իմաստին: Եվ երրորդ նշանակությունն է ամառ (յայ-յազ), բայց այս հազիվ թե պար իմաստն արտահայտե:
Հայոց ազգային պարերը խմբական են: Խմբապարը շատ խորունկ արմատ է ձգել հայ գեղջուկի մեջ, որ հինը պահում է և նորը հորինում: Պարը բոլորում են կամ բռնում այսպես: Պարողներից մեկին ընտրում են պարագլուխ, որ, սովորաբար, իրենց շրջանի անվանի ձայնեղն ու պարողն է լինում: Խումբը կարող է լինել և միասեռ, և երկսեռ: Պարագլուխը կանգնում է շրջանի սկզբին. շրջան բոլորողները շարքով կանգնում են նորա աջ կամ ձախ կողմից` պարի պահանջին համեմատ այսպես.
ա. Ձեռքերի հորիզոնական, բարձր կամ կախ դիրքով, ձեռք ձեռքի բռնած (յուրաքանչյուրն աջ ձեռքով աջ կողմինի ձախ ձեռքը, իսկ ձախով` ձախ կողմինի աջ ձեռքը).
բ. Հորիզոնական, բարձր կամ կախ դիրքով, ճկոյթ մատներն իրար հյուսած.
գ. Կախ դիրքով, ձեռքերը խաչաձև հյուսած (յուրաքանչյուր կենտ համար յուր աջ և ձախ կողմինի թևերի տակով, իսկ զույգերը` վրայով).
դ. Կախ, բայց ձեռքերն ամենևին չհյուսել, չբռնել, այլ քիպ, թև թևին տալ, կցել և իբրև մի ամբողջություն պարել.
ե. Հորիզոնական` յուրաքանչյուրն աջ և ձախ ձեռքը աջ և ձախ կողմինի ձախ և աջ ուսին է դնում. և
զ. Հորիզոնական դիրքով, յուրաքանչյուր մեկին գրկում է յուր աջ կողմինը ձախ ձեռքով և ձախ կողմինը` աջով.
Պարողներն իրենց հայացքները դարձնում են կամ ուղղակի դեմուդեմը, կամ քովըդի` զուգահեռական և կամ զույգ-զույգ, քովիններն իրարու: Ուսերը բռնած կամ մեջքերը գրկած պարելիս, շատ անգամ միանում են պարագլխին և մի կլոր շրջան կապում: Պարելու գործողությանն ասում է հայ գեղջուկը պար կամ կլոր պար բռնել:
Պարագլխի աջ կամ ձախ ձեռքին (ըստ պահանջման պարի և նայելով, թե խումբը նորա որ կողմիցն է շարվել) լինում է մի թաշկինակ, որի մի ծայրից բռնում է նա յուր բութ, միջնակ և ցուցամատովն ի միասին և կախ թողնում: Թաշկինակը վեր ու վար ծածանելով պարողների քայլերի չափն ու արագությունն է ուղղում և հաճախակի բացականչություններով ոգևորում:
Հայ գեղջուկ պարերի ժամանակ, սովորաբար, նվագարաններ չեն մասնակցում (նվագարանների գործածությունը թեև մտել է, բայց օտար է. նվագարաններով պարելը տարածված է քաղաքներում և կամ առավելն սորա մերձակա գյուղերում, որոնք քիչ թե շատ շփումն ունեն օտարներին). հայ ժողովուրդը պարում է երգելով: Մեր հին նախնիքը երգելով պարելուն ասում են գեղոն:
Երբ պարողները կազմ ու պատրաստ են, պարագլուխն սկսում է երգել մի պարերգ (գրեթե յուրաքանչյուր պարերգ ունի իր համապատասխան պարը). պարագլխի սկսածը պարերգի նախերգանքն է, որ զարթնեցնում է պարողների հիշողության մեջ երգի եղանակը, բառերը և պարը. նույնը կրկնում է խումբը, և ապա այսպես փոխ-փոխ երգում են մինչև վերջը: Սովորաբար երգածները փոխանակելիս այնպես են անում, որ մեկի երգած երաժշտական նախադասության վերջին մեկ կամ երկու բառիցն առնելով է միանում մյուսը և ապա կրկնում նույն նախադասությունը և ընդհակառակը:
Այսպես երգելով պարելու հարմարությունն այն է, որ պարողները երգելով պարելիս միշտ հանգիստ են առնում այնքան, որքան երգեցին, ուստի և պարում են շատ երկար, առանց ձանձրանալու և հոգնելու: Միևնույն ժամանակ երգերի եղանակները ամենևին ընդհատում չեն ունենում, այլ` միաձույլ, սերտ միություն:
Պարերգերի նախադասություններն ընդհանրապես բովանդակում են ութն հատած կամ ոտք. սակայն քիչ չեն և պակասն ու ավելին: Ընդարձակներն ունին այսպիսի կազմություն` (8 8), (8 8 8), (8 4), (8 2), (8 8 2), (4 2), (5 3 3 3), (5 3 3 4) և այլն: Կարճերն ունին հետևյալ ձևերը` 4=(2 2), 6=(3 3) կամ 5=(3 2) կամ (2 3), 7=(4 3) կամ (3 4) և այլն:
Երաժշտական նախադասությանց մեկից մյուսին անցնելը շատ զգալի է լինում, և որ գլխավորն է՝ նոքա իրար հաջորդում են համապատասխան, համանման ու համաչափ բովանդակությամբ և կազմությամբ: Հետնորդ նախադասությունները պարզում ու լրացնում են նախորդների միտքը և մի անբաժան միություն են պատկերացնում:
Գործածական հատածները կամ ոտքերն են 2/2, 3/4 և սոցա տեսակ-տեսակ կանոնավոր և անկանոն (բայց համաչափ) բարդությունները` 4/4=(2/2 2/2), 6/4=(2/2 2/2 2/2), 6/8=(3/8 3/8), 7/8=(3/8 2/8 2/8) կամ (2/8 2/8 3/8) և կամ (2/8 3/8 2/8), և կամ (3/8 2/8 3/8), և այլն և այլն:
Հայ գեղջուկ պարերն ընդհանրանում են շատ արագ: Արագ տարածման նպաստում են գլխավորաբար ուխտատեղերը և զանազան ծիսական տոներ (հարսանիք, վիճակ և այլն): Այդպիսի հանդեսներին յուրաքանչյուր գյուղացի աշխատում է փայլել տեղական երգով ու պարով: Ուխտատեղերից տուն դառնալով՝ իբր նորություն հայտնում ու հաղորդում են իրենց շրջանին տեսածն ու լսածը` պարերն ու պարերգերը` վերան դրոշմելով տեղական կնիք: Տարածման շատ են նպաստում գյուղական հարսանիքները, ուր զանազան տեղերից հրավիրվածները աշխատում են իրանց կողմերի պարերն ու պարերգերը փայլեցնել. մանավանդ գեղջկուհիները, որոնք ամբողջ գիշերն անքուն են անց կացնում և երգով ու պարով մանկական անհոգ կյանքի զանազան րոպեները մի առ մի հիշում ու հիշեցնում են պսակվող ընկերուհուն: Իսկ տարվան չորս եղանակները ստեղծել են տալիս այլ և այլ տեսակ երգեր: Գարունը զարթնեցնում է գեղջուկի զգացումները և շարժում սրտի լարերը. ամառն ամենքին դաշտ է հանում, մեծ ու պզտիկ բանում են. և որպեսզի գործի ծանրությունը, արևի տապը թեթևացնեն` երգում են աշնան, երբ նա իր քրտնքի վաստակն է հավաքում, ուրախության ու վայելության չափ չկա. վերջապես ձմեռվան ընթացքումն էլ վայելում է արդար աշխատանքը երգով ու պարով: Իսկ երբ բնության արհավիրքները քանդում ու ավերում են գեղջուկի անդուլ աշխատանքը, ուրախ երգերին փոխանակում են տխուրները:
Գյուղական շրջանում ընդունված է սովորաբար, որ պարում են աղջիկներն ու տղաները, որպես և նորապսակները, իսկ հասակավորները` միայն հարսանիքներին: Քաղաքներում, ուր գեղջուկ երգերն ու պարերն անցյալ ԺԹ դարու վաթսունական թվականներիցն են մուտք գործել (մանավանդ Կովկասում), պարում են մեծ ու պզտիկ, ամուսնացածն ու ամուրին, ծերն ու պառավը, մի խոսքով` ամենքը. բայց արդեն գյուղական անմեղ ու բնական պարի բանաստեղծական բովանդակությունը դառնում է արվեստական ու զվարճական:
Հայերը, առավելապես քաղաքացիները պարում են նույնպես և օտար-կովկասյան պարեր նվագարաններով. որովհետև այս պարերը պարերգեր չեն, այլ լոկ պարեղանակներ` հարմարեցրած մենապարի և զուգապարի, որոնք հայկական չեն: Եվրոպական պարերը տարածված են միայն քաղաքներում և այն /էլ/ քիչ թե շատ ունևոր շրջաններում:
Գեղջուկ պարերն անթիվ տեսակներ ունեն, որպես և անուններ: Շատ հետաքրքրական է յուրաքանչյուր տեսակ պարի ինքնուրույն կազմության նկարագիր տալ, բայց մեծաքանակ ծախսի պատճառով թողնում ենք ավելի հարմար ժամանակ:
1901 թ. Կոմիտաս
Գրել պատասխան