Ջիվանի: Հնչել է երեկ, հնչում է այսօր, կհնչի վաղը

  Ջիվանին մանկությունիցս եկող երգիչ է: Հայրս անուշ ձայն ուներ, սիրում էր Ջիվանուն: Լսեցի հորս ձայնը.

Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը՝ մարդուն,
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն։

Կյանքդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,
Այնպես է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացնե աստիճանը միշտ վերը մարդուն։

Խաղաղ էր երգում, մեղմ, ծորուն: Երգում էր կրծքային ձայնով, սրտանց: Հուզում էր երգը, որովհետև… Չգիտեմ՝ ինչո՞ւ էր հուզում, բայց հուզում էր: Կարոտեցի հորս ու իր հնչեցրած Ջիվանուն:
Խոստովանանք լինի: Երբ տիար Բլեյանն ասաց, որ ընդհանուր ընթերցանության համար Ջիվանի ընտրեմ, ներքին դժգոհություն առաջացավ. աշուղին կարդալը ո՞րն է… Չարե՞նց է, Տերյա՞ն է, Թումանյա՞ն է… Բա գեղարվեստականութո՞ւնը… Թույլ գործը ո՞նց ընդհանուր ընթերցման առաջարկես… Աշուղ է, էլի, ի՞նչ կարդաս, լավ չէ՞՝ երգես, որ բառ ու բանի կաղն ու թույլը երաժշտության ու փոխանցվող ոգեղենության մեջ կորչի, չերևա: Մտածեցի, բայց խոսքի չտվեցի: Տնօրեն է, ասում է, արա, երևի  մի բան գիտի էլի, որ ասում է: Սկսեցի Ջիվանի կարդալ: Եվ կարծես  ի պատասխան  իմ թերահավատ վերբերմունքին՝ Ջիվանին առջևս դրեց իր «Աշուղը» բանաստեղծությունը.

Անթև թռչնակ է աշուղը —
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ.
Դարձող ճախրիկ է աշուղը,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ։

Մի տեսակ լուսատըտիկ է,
Լուր տարածող մունետիկ է.
Հողմից հալածված ամպիկ է,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

 

Այո, լավ է գրել: Իսկ երաժշտությունը չհետաքրքրեց էլ: Որպես բանաստեղծություն էլ սիրուն է, պատկերները տեսանելի են, գտնված ու անսպասելի՝ դարձող ճախրիկ է աշուղը, մի տեսակ լուսատտիկ է, լուր տարածող մունետիկ է… Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ… Կարդացի Ջիվանի ու առանձին հատվածների վրա զարմացա, կարդացի ու հիացա ասելիքով, փիլիսոփայությամբ, աշխարհայացքով.

Բոլոր ծաղկոցները բացվին, գեղեցիկ վարդարան դառնան.
Ազատ երգեն սոխակները, ծառերը երգարան դառնան.
Խոպան այգիները ծաղկեն, նորոգված տեսարան դառնան.
Ցամաքած ձորերը կրկին ջրերու ավազան դառնան.
Հարազատ տերերը իրենց հողերուն պահապան դառնան,
Սարերն ու դաշտերը մեկ-մեկ հացի շտեմարան դառնան։

Արի, խաղաղության հոգի, կռիվները վերանան թող,
Իրանց գործած սխալները մարդիկ զարթնին, իմանան թող,
Տկարները մեծ ուժ կազմեն, իրարու հետ միանան թող,
Ուղիղ ճամփով դեպի առաջ շարունակեն ու գնան թող,
Լուսամիտ մարդասեր մարդիկ օրըստօրե զորանան թող,
Նոցա խոսք ու քարոզները տարածվեն, պատվիրան դառնան։

Ինչքան դրական լիցքեր փոխանցեց Ջիվանի կարդալը ինձ: Շնորհակալ եմ:

Սա էլ կարդում-երգում են  Սամցխե-Ջավախք կրթամշակութային արշավի օրերին Ջիվանու գյուղ՝ Կարզախ հասած սեբաստացիները՝ Աշոտ Բլեյանն ու ընկերները…

 

 

 Աղբյուրը ՝ Մարիետ Սիմոնյանի բլոգ

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>