Դաշնակահար-երգահան Արթուր Ահարոնյան

Կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ահարոնյանը ծնվել է 1962թ. Երևանում։ 1986թ. ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։ Միաժամանակ սովորել է նույն կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում՝ Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև Տիգրան Մանսուրյանի դասարաններում։ Կոմպոզիտորական բաժինը ավարտել է 1987թ. և երկու տարի անց ավարտել է նույն բաժնի ասպիրանտուրան։

1993թ. հաստատվել է Փարիզում և 2002 թվականից Փարիզի Դարյուս Միյոի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ 1987թ. և Ֆրանսիական Հեղինակների և Կոմպոզիտորների Միության (SACEM) անդամ 2002թ., զուգահեռաբար ծավալում է կատարողական գործունեություն։ Իբրև դաշնակահար ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Եվրոպայի բազմաթիվ երկրներում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

1996թ. արժանացավ Պիեռ Լանտյեի անվան կամերային միջազգային մրցույթի առաջին մրցանակին, համագործակցելով ջութակահար Հայկ Դավթյանի հետ։ 2006թ. իբրև կոմպոզիտոր, հաղթող ճանաչվեց Անտիբի Համաշխարհային Փառատոնում։ 2007թ. արժանացավ «Golden star halo award and Emerald award for Contribution to the entertainment industry and the performing arts Southern California Motion Picture Council à Hollywood» մրցանակին։

Նրա կատարողական և ստեղծագործական գործունեությունը ծնունդ է տվել շուրջ մեկ տասնյակ ձայնասկավառակների, որոնցից վերջինում Արթուր Ահարոնյանը հանդես է գալիս իբրև դաշնակահր՝ Կոմիտասի պարերի և յոթ երգերի կատարմամբ, այն թողարկել է «Megadisc classics» 2015 թ.։

2010 թվականից Արթուր Ահարոնյանը մի շարք ֆրանսիական քաղաքների ( Բրեստ 2009-2010թթ., Կամպեր 2011-2013թթ., Ալանսոն և Էքս-ան-Պրովանս 2014-2015թթ.) կոնսերվատորիաներում հրավիրված կոմպոզիտոր է, ուր ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենում միջոցառումներ նվիրված կոմպոզիտորի ստեղծագործությանը, այդ թվում Արթուր Ահարոնյանը կարդում է հայ երաժշտությանը նվիրված դասախոսություններ։

Նրա ստեղծագործությանը բնորոշ է բազմաժանրությունը։ Ստեղծագործական ցանկը ընդգրկում է դաշնամուրային գողտրիկ պիեսներից և գործիքային տարբեր կազմի ստեղծագործություններից միջև սիմֆոնիկ և կոնցերտային մեծ կտավի ստեղծագործություններ։ Չմոռանալով նրա վոկալ և երգչախմբային երաժշտությունը, այդ թվում `«Գրազ» կամերային օպերան, որի առաջին կատարումը տեղի ունեցավ 1991թ. Երևանի Կամերային Երաժշտության տանը, փոքրիկ թատերականացմամբ։ Նշենք նաև որ նա գրել է երաժշտություն թատերական ներկայացումների համար և կինոերաժշություն, որոնցից է՝ «Անցյալ դարի մի գործ» լայնածավալ պատմավավերագրական ֆիլմի երաժշտությունը 2006թ., Հայ Բարեգոեծական Միության պատվերով, նվիրված այդ կազմակերպության 100-ամյակին։

Արթուր Ահարոնյանի հիմնական ստեղծագործություններից կարելի է նշել.

«Ջոնաթանի Բալլադը» սիմֆոնիկ պոեմը, ըստ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» պատմվածքի, որի համաշխարհային պրեմիերան իրականացվեց 2004թ. Փարիզի «Մոգադոր» թատրոնում, Ֆրանսիայի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Ջորջ Փեհլիվանյանի ղեկավարությամբ։ Ստեղծագործության Հայաստանյան պրեմիերան իրականացվեց տաս տարի անց՝ 2014թ., Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի կատարմամբ, Սերգեյ Սմբաթյանի ղեկավարությամբ։

«Գեղջկական Պատկերներ» գրված 2006թ.«Հայաստանի Փոքրիկ երգիչների» համար, Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններով, որը բազմիցս հնչել է այդ երգչախմբի կատարմամբ, Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ։

«Ջութակի առաջին կոնցերտ» նվիրված Սերգեյ Խաչատրյանին, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2007թ. Կաննում, Կաննի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, Ֆիլիպ Բենդերի ղեկավարությամբ, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։

«Կոնցերտ Տրիպտիկ» սաքսոֆոնի, մարիմբաֆոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ գրված 2008-2015թթ., բաղկացած երեք մասերից՝ «Դիվերտիսմենտ», «Բալլադ» և «Գեղջկական Սկերցո», որոնք բազմիցս հնչել են ֆրանսիական տարբեր քաղաքներում։

«Ջութակի երկրորդ կոնցերտ» Մայրիկիս՝Հասմիկ Ահարոնյանին ի հիշատակ, ջութակի, լարային նվագախմբի և մեկ հարվածայինի համար։ Այս կոնցերտը գրվել է Սերգեյ Խաչատրյանի առաջարկով և «Ամստերդամ Սինֆոնիետտա» նվագախմբի պատվերով, որի համաշխարհային պրեմիերան իրականացվեց 2011թ. Ամստերդամի «Մյուզիկգբաու» սրահում, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։

«Ռուսական հեքիաթներ» 2010-2015թթ. շարքը փողային հնգյակի համար, որի առաջին կատարումը տեղի ունեցավ, 2015թ. Էքս-ան-Պրովանսի միջազգային փառատոնում, Մարսելի կվինտետի կատարմամբ։

«Ֆրեսկա» լարային նվագախմբի համար նվիրվում է կնոջս` Կարինե Ահարոնյանին, առաջին կատարումը 2009թ. ԴանիելՍորանո թատրոնում, Նաիրի նվագախմբի կատարմամբ, Հայկ Դավթյանի ղեկավարությամբ, ստեղծագործության երևանյան պրեմիերան տեղի է ունեցել 2012թ. Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի կատարմամբ, Հայկ Դավթյանի ղեկավարությամբ։

«Աղոթք» 2008թ. Երեկոյան աղոթք ճրագ վառելիս, կանանց երգչախմբի համար, խոսք՝ժողովրդական, որը բազմիցս կատարել է «Գեղարդ» երգչախումբը՝ Մհեր Նավոյանի ղեկավարությամբ։

«Օլիմպի ճիչը» 2015թ., նվիրում եմ թոռնիկներիս` Միլանին և Նոյ-Արթուրին, մանկական երաժշտական հեքիաթ երգչախմբի և գործիքային անսամբլի համար։ Բեմադրվել է 2015թ., Վանվ քաղաքի նոր կոնսերվատորիայի բացման արարողության կապակցությամբ։

«Անագե զինվորիկը և պարուհին» դաշնամուրի, փողային կվինտետի և պատմողի համար, ըստ Ք.Անդերսենի համանուն հեքիաթի։ Ստեղծագործության պատվիրատուն է Փարիզի քաղաքապետարանը, համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2017թ. մայիսին։

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>