4, 5 -րդ դասարաններ
Երգ՝ Գողթան մանկտիք
Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:
Գիտե՞ք, ո՞յք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:
Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:
Միասին
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:
ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:
Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:
Զորակոչ՝ ռազմական քայլերգ
Ինձ պետք են, պետք են
Հազար հինգ հազար համար
Նորելուկ մանուկ,
Ինձ պետք են, պետք են
Հազար հինգ հազար համար
Անբեղ-անմորուս զինվոր,
Ինձ պետք են, պետք են
Հազար հինգ հազար համար
Էն մոր մինուճար զինվոր, ախ,
Էն մոր մինուճար զինվոր:
Ինձ պետք են, պետք են
Հազար հինգ հազար համար
Թխամազ միրուսով զինվոր,
Ինձ պետք են, պետք են
Հազար հինգ հազար համար
Սիպտակ միրուսով զինվոր:
Ինձ պետք են, պետք են
Հազար հինգ հազար համար
Կարմիր միրուսով զինվոր,
Ինձ պետք են, պետք են
Հազար հինգ հազար համար
Կարմիր միրուսով զինվոր, ախ,
Կարմիր միրուսով զինվոր:
Միասին
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:
— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:
Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:
Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:
Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:
Երգ՝ Մուշանի, հայ մուշանի
Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
- Վերինթավլեն սալուկ էր,
Հանըրա, նինա, հանինա.
Խըմըր թային նալուկ էր,
Ջանըրա, նինա, հանինա:
- Խըմըրթային հեծել եմ,
Հանըրա, նինա, հանինա.
Արազա մոտեցել եմ,
Ջանըրա, նինա, հանինա:
- Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին……..
Միասին
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՛նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:
Երգ՝ Եղնիկ
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
-Ասիս-Մասիս սարն եմ արծել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:
-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:
-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:
-Հայոց Անի սարն եմ քնել:
-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
-Ծառ խընկենի ծառն եմ քերվել:
Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին……
Պարերգ՝ Հոյ , Նարե
Հ՜ոյ, Նարե ,
Անձրևն էկավ շաղալեն,
Ջ՜ան, Նարե,
Թուփ ու տերև դողալեն:
Հո՜յ, Նարե,
Հըրեն էկավ իմ ախպեր,
Ջա՜ն, Նարե,
Ալ ձին տակեն խաղալեն:
Հո՜յ, Նարե
Կայնել ես վարդի հովին
Ջա՜ն, Նարե,
Քամին տա ծոցիդ մովին,
Հո՜յ, Նարե,
Երեսիդ շողին մեռնեմ,
Ջա՜ն, Նարե,
Աչքերիդ՝ կապույտ ծովին:
Հ՜ոյ, Նարե ,
Ջաղացըս՝ պատիկ-պատիկ
Ջա՜ն, Նարե,
Աչքերըդ նռան հատիկ,
Հ՜ոյ, Նարե ,
Ամեն քեզի տեսնելուց
Ջա՜ն, Նարե,
Հ՝ամ համբարձում, համ զատիկ:
Հ՜ոյ, Նարե:
Միասին
Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:
Երգ՝ Բաղը քաղինք
Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:
Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:
Դե՛. Ճառթի, հա, դե՛. Ճառթի, հա,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, փըռռա, խաղա
Տըրընգի, տըրընգի:
Ու հանգչում է Թըմուկ բերդը…….
Միասին
Է՛յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի:
Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին:
Վե՛ր կացեք, վե՛ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՛յ, զարթնեցե՛ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի:
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ……
Երգ՝ Թմկաբերդը բլիլ է
Թմկաբերդը բլիլ է, յաման յար,
Յարս տակին քնիլ է, յաման յար:
Սարերը կանաչ հոտով, յաման յար,
Սիրտս լիքն է կարոտով, յաման յար:
Յարս ընձնից բեզարած, յաման յար,
Տուն կուգա հանդի մոտով, յաման յար:
Թմկաբերդը բլիլ է, յաման յար,
Յարս տակին քնիլ է, յաման յար:
Միասին
Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին….
Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՜ւր ինձ, մատնիչ սևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
******
— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
Երգ՝ Քելեր, ցոլեր
Քելեր, ցոլեր իմ յարը,
Արևի տակին
Քելեր, ցոլեր իմ յարը:
Սարի սովոր,
Մեն-մենավոր,
Շեկ տղա,
Շող արեգակ,
Թո՛ղ արեգակ,
Ե՛կ, տղա:
Քելեր, ցոլեր իմ յարը:
Միասին
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։
Գրել պատասխան