Հայտնի հայերը՝ համաշխարհային ռոք արվեստում

Կոմիտասի անունը հայտնի է լավ երաժշտության յուրաքանչյուր սիրահարի, սակայն հայերն իրենց լավագույնս դրսևորում են ոչ միայն դասական ժանրերում։ Այստեղ ներկայացված են ամբողջ աշխարհի ամենահայտնի հայ ռոք երաժիշտների  անունները:

1. ՅԱՇԱՐ ՔՈՒՐԹ

Բնիկ ստամբուլցի, «Beyaz Yunus» (Սպիտակ դելֆին) ալտերնատիվ խմբի հիմնադիր ու բազմաթիվ ալբոմների հեղինակ, որոնցից առավել կարեւոր «Anne»-ն թողարկվել է 2003 թվականին։ Նույն տարում Յաշար Քուրթը հիմնադրել է Թուրքիայում ամենահայտնի ռոք-իրադարձություններից մեկը՝ «Barışarock» փառատոնը։ Բացահայտելով իր հայկական արմատները՝ նա Արտո Թունջբոյաջյանի հետ իրականացրեց «ՅաշԱր» նախագիծը:

Yaşar Kurt & Arto Tunçboyacıyan Nefrete Kine Karşı

2. ՏԱՐՈՆ ՄԱԼԱՔՅԱՆ

Երգիչ ու երգերի հեղինակ, ձայնային պրոդյուսեր, որը տիրապետում է մի քանի երաժշտական գործիքի։ Մալաքյանը հայտնի դարձավ «System of a Down» խմբի կազմում, ինչպես նաեւ որպես մեներգիչ, կիթառահար եւ «Scars on Broadway» խմբի երգերի հեղինակ։ Բոլոր ժամանակների 100 մեծագույն հեվի-մեթալ կիթառահարների շարքում նա 30-րդն է՝ ըստ «Guitar World» ամսագրի։

Im Nazelis “Armenian Song” SOAD 2015

3. ԲԱՄԲԻՌ

Գյումրիում ձեւավորված ռոք-խումբը չորս տասնամյակում ավելի քան հիսուն երաժիշտների է ներգրավել: 1970-ականներին Ջագ (Գագիկ) Բարսեղյանի կողմից հիմնադրված խումբը հեղինակային կատարումներով, ավանդական հայկական երգերով, ինչպես նաեւ Կոմիտասի ու միջնադարյան երաժշտության ժամանակակից մեկնաբանություններով է հանդես գալիս։ Հիմա հայրերի գործը որդիներն են շարունակում։

Bambir – Msho gorani / Բամբիռ – Մշո Գորանի

4. ԴԵՐԵԿ ՇԵՐԻՆՅԱՆ

ԱՄՆ-ում ծնված Շերինյանը որպես ստեղնահար աշխատել է այնպիսի մեգաաստղերի հետ, ինչպիսիք են՝ Էլիս Քուփերն ու Բիլլի Այդոլը։ Երաժիշտը տարբերվում է ստեղների վրա նվագելու իր ագրեսիվ «կիթառային» մոտեցմամբ: Նա հաճախ է հայտնվել մասնագիտացված ամսագրերի շապիկներին, այդ թվում՝ «Keyboard» ամսագրի, որը նրան անվանել է «նոր սերնդի հերոս»։

Derek Sherinian Keyboard Solo

 

5. ДЕТИ ПИКАССО (ՊԻԿԱՍՈՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ)

Բուդապեշտում գործունեություն ծավալող այս խումբն արտասովոր երաժշտություն է նվագում՝ խորաթափանց, հիպնոտիկ էներգիայով, էթնիկական հստակ երանգավորմամբ։ Հին հայկական երգերի յուրօրինակ ներկայացումը եւ Գայա Հարությունյանի արտահայտիչ վոկալն ավելի մեղմ են դառնում տավիղի ու կիթառի նուրբ հնչողությամբ։

Дети Пикассо – .Ай, Нина

6. MT. HELIUM (ՀԵԼԻՈՒՄ ՍԱՐԸ)

Փաուեր-մետալ եռյակը՝ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքից, նախկինում հայտնի է եղել «The Apex Theory» անվամբ։ Խումբը կազմավորվել է Լոս Անջելեսում 1999 թվականին ամերիկահայ երաժիշտներ Անդրանիկ (Էնդի) Խաչատուրյանի, Արտ Քարամյանի եւ Դավիթ Հակոբյանի կողմից։ 2004 թվականին խումբը «inthatskyissomethingwatching» պարզունակ անունով մի սկավառակ է ձայնագրել, որից անմիջապես հետո փոխել է անվանումը եւ այժմ կոչվում է «Mt. Helium»։

Mt. Helium – Where

 

7. КРЕМАТОРИЙ (ԴԻԱԿԻԶԱՐԱՆ)

Ռուսաստանյան ռոք-բեմի լավագույն խմբերից մեկը, որը հայտնի է վիրտուոզ կատարումներով ու հեգնական տեքստերով։ Հիմնադրվել է 1983թ. Մոսկվայում, սակայն նույնիսկ 30 տարի անց շարունակում է փայլուն համերգներով հանդես գալ նախկին Խորհրդային Միության տարածքում, Հոլանդիայում, Իսրայելում ու ԱՄՆ-ում։ Խմբի առաջատար վոկալիստն ու գլխավոր երգահանն Արմեն Գրիգորյանն է։

Крематорий. Мусорный ветер

8. VIZA

Ամերիկյան ռոք խումբ, որն իր յուրահատուկ հնչողությամբ պարտական է լարային ուդի եւ պերկուսիաների համարձակ օգտագործմանը, որոնք միախառնված են ավելի ավանդական ռոքային գործիքներին՝ կիթառին, բաս կիթառին ու հարվածային գործիքներին։ Թիմն անդադար փորձարկումներ է անում՝ համատեղելով հայկական ու հունական ոճերը ժամանակակից ագրեսիվ ռոքի ու ժողովրդական երաժշտության տարրերի հետ։

Viza – Poor Pete (fan video)

9. ՀԱՅԿՈ ՋԵՓՔԻՆ

Թուրք երաժիշտն Ստամբուլի հայկական Կեդրոնական ճեմարանի շրջանավարտ է, որտեղ շատ հայտնի հայեր են ուսանել, այդ թվում՝ Միսաք Մեծարենցը, Հրաչյա Աճառյանը եւ Արա Գյուլերը։ Հայկոյի ստեղծագործությունները տարբեր մշակույթների միախառնման արդյունք են. ռոքն իր մեկնությամբ ստանում է արեւելյան ոգի եւ երանգավորում, որը հարստացվում է արեւմտյան էներգետիկայով։

 

10. RED SNOW (ԿԱՐՄԻՐ ՁՅՈՒՆ)

Խմբի անդամներին դժվար թե հանդիպեք որեւէ հասարակական միջոցառման ընթացքում, սակայն այս համեմատաբար երիտասարդ հոլիվուդյան խումբն արդեն հասցրել է ձեռք բերել հավատարիմ երկրպագուների մի մեծ բանակ։ Համացանցի միջոցով՝ «Red Snow» խումբը տարածում է անզիջում հարդքոր մետալի ձայնն ամբողջ Լոս Անջելեսով մեկ, իսկ ծրագրերում ողջ աշխարհն է։

 

11. ԴԵՆՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայ-ամերիկյան դաշնակահար, ստեղնահար, կոմպոզիտոր ու երգիչ, որը եղել է «George Clinton and Parliament Funkadelic» (հայտնի նաեւ՝ «P-Funk» անվամբ) խմբի հիմնական ստեղնահարը, որը ռոք-ն-ռոլի փառքի սրահում ներկայացված է 2003 թվականից։ 2015թ. Պետրոսյանը կազմակերպեց իր կողմից ստեղծված «Հայկական երաժշտական անսամբլի» առաջին բեմելը։ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգը դարձավ երկժամյա գլուխգործոց, որն ընդգրկեց հայոց պատմության 3400 տարին եւ որի ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ հենց ինքը՝ Պետրոսյանը։

 

12. ՍՏԱՍ ՆԱՄԻՆ

Ռուսաստանաբնակ հայ երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսոր, «Цветы» (ծաղիկներ) ռոք-խմբի հիմնադիր ու ղեկավար: Ստաս Նամինն ամբողջ աշխարհում հայտնի է, առաջին հերթին, որպես «Парк Горького» (Գորկու այգի) ռոք-խմբի պրոդյուսեր։

Stas Namin & The Flowers. Russian Easter Song

13. STRYFE

Հայ-ամերիկյան մետալ-խումբ Լոս Անջելեսից: Հայտնի է պրոգրեսիվ ու դասական հարդ-ռոքի եւ մետալի համադրությամբ։

 

14. THE BEAUTIFIED PROJECT

Անգլերենով մելանխոլիկ այլընտրանքային ռոք նվագող այս խումբը 2005 թվականին Լոնդոնում հավաքել է Անդրե Սիմոնյանը։ Սա Հայաստանում ժամանակակից ամենահայտնի խմբերից մեկն է՝ հատկապես դեռահաս աղջիկների շրջանում։

The Beautified Project ☞ Kilikia (official)

15. ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ

Ամենահայտնի հայ ռոք-երաժիշտը, ծնունդով Լիբանանից է: Մեծ ճանաչում ունի հատկապես որպես «System of a Down» խմբի մենակատար, երգերի հեղինակ, ստեղնահար ու ռիթմ-կիթառահար։ Իր բուռն երաժշտական գործունեության ընթացքում Թանկյանը ձայնագրել է հինգ սկավառակ «System of a Down»-ի կազմում, մեկ ալբոմ՝ Արտո Թունջբոյաջյանի հետ, ինչպես նաեւ՝ հինգ սոլո-սկավառակներ։

Serj Tankian – Artsakh

 

Աղբյուրը`  Մենք մեր մասին մշակութային կայք

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>