2017թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազտագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:
Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը` Սուրեն Շահիջանյանը (Ֆրանսիա): Ռեժիսորն է Արմեն Փիրի Մասիհին, խորեոգրաֆը՝ Արսեն Մեհրաբյանը (Շվեդիա), խմբավարը՝ Սոնա Հովհաննիսյանը:
Դաշնակահար-կոնցերտմայստերներն են Զարուհի Թափչյանն ու Լյուդմիլա Խորոզյանը, անիմացիայի ռեժիսորները՝ Սերժ Գաբյանն ու Արմեն Փիրի Մասիհի:
Արտիստների ոճով և գրիմով զբաղվում է Սվետլանա Խոմուտովան:
Բեմում լինելու են Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու բալետային խումբը, Հայաստանի պետական «Հովեր» կամերային երգչախումբը:
Մեներգիչներն են
Դավիթ՝ Մկրտիչ Բաբաջանյան (Գերմանիա)
Մսրա Մելիք՝ Հայկ Տիգրանյան
Քեռի Թորոս՝ Հովհաննես Անդրեասյան
Ձենով Օհան՝ Հովհաննես Ներսեսյան
Վերգո՝ Պերճ Քարազյան
«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը՝ ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի:
«Սասունցի Դավիթ» հերոսական օպերան, իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլն է նշանավորում: Արցախում «Սասունցի Դավիթ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային կարևորագույն իրադարձություն է:
Աղբյուրը՝ Երաժշտության ուսումնական կենտրոնի բլոգ
Գրել պատասխան