Հայկական հարսանեկան ծես

Արթուր Շահնազարյան

ՆԱԽԱԲԱՆ

Այս նախագծի նպատակն է վերականգնել մեր ազգային հարսանյաց ծեսիավանդույթներըհարմարեցնելով այսօրվա պահանջներին:

Հայկական ավանդական հարսանիքը տևել է յոթ օր և յուրաքանչյուր օրունեցել է իր խորհուրդըսակայն այսօր դա հնարավոր չէ կիրառելՈւստիայդ ամբողջ ծեսից մենք ընտրել ենք որոշ արարողակարգեր և կազմել միայնպիսի սցենարոր հնարավոր լինի մեկ օրում կատարել ազգայինհարսանյաց ծեսը:

Մեր ժողովուրդը նորապսակներին անվանել է Արև և Լուսին և այդ ծեսըներկայացրել է որպես Արևի և Լուսնի տիեզերական ամուս

Ժամանակն է՝ ստեղծվի մի կազմակերպությունորըցանկացողների համարծառայություն մատուցելովկկազմակերպի ավանդական ազգայինհարսանյաց հանդեսը՝ ըստ արդի պահանջների:

Այդ գործընթացին կարող է նպաստել նաև ներկա գրքույկըորը կարող էհամարվել նախնական ուղեցույց:

Գրքույկում տրված են.

ահարսանյաց հանդեսի մի տարբերակ՝ հարմարեցված այսօրվապահանջներին,

բհարսանյաց ավանդական ծեսի մի նկարագրությունորը հատված է ԱՇահնազարյանի «Կոմիտաս» գրքից,

գհատվածներ Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդեսի» առաջինհատորիցորտեղ տրված է ընդհանրական ծեսի նկարագրությունը (իսկմյուս 27 հատորներում տրված են հարսանյաց ծեսի նկարագրություններըառանձինառանձին՝ ըստ Հայաստանի տարբեր գավառների),

դԿոմիտասի գրառած հարսանյաց երգերը:

 

ԾԵՍԻ ԸՆԹԱՑՔԸ (հարմարեցված այսօրվա պահանջներին)

 

Նորապսակները պետք է հագնեն թագվորի և թագուհու ազգայինարքայավայել հարսանյաց տարազը:

Սեղանների սպասքը և մյուս պարագաները կազմվելու են՝ ըստ ազգայինմշակույթի լավագույն ու բարձրակարգ օրինակների:

 

  1. Թագվորի տանը զարդարում են հարսանյաց Կենաց ծառը` 12 ճյուղերով, վրան՝ մրգեր (երգում են ծառն օրհնելու երգը՝ «Երկնից, գետնից սուրբ զորությունով»):
  2. Քավորը և թագվորի ընկերները հարսի` թագուհու տուն են տանում հարսի զգեստն: Երբ հասնում են տուն, առաջինը լուր է տալիս Աղվեսը (Աղվեսը թագվորի կողմից ընտրված անձն է, ով զանազան կատակ-«օյիններ» է սարքում` ուրախացնելով հարսանքավորներին):
  3. Քավորկինը թագուհու ընկերուհու հետ զգեստավորում է հարսին (աղջիկները երգում են հարսի գովքը՝ «Ասենք շնորհավոր», «Եղնիկ»):
  4. Թագվորը Ծառով գալիս է հարսնառի՝ հարսին հորական տնից տանելու (բակում պարում են զուռնայի նվագի ներքո: Երգում են «Խնամի» երգը: Մտնում են տուն և շնորհավորում):
  5. Հարսը նստած է աթոռին (երգում են «Ելի՛ր, ելի՛ր» երգը, և հարսը ոտքի է ելնում):

Հարսի անունից մեկը երգում է հրաժեշտի երգ-լացը` «Դուն հալա՛լ մերիկ, եկած կտանեն քու սրտիկ դալարիկ»:

Հորական տնից դուրս գալիս հարսը համբուրում է տան դուռը: Նախքան հարսի դուրս գալը թրով փակում են տան դուռը:

  1. Փեսայի մեջքին կապում են երկար նարոտ-թաշկինակը, որի ծայրից բռնած՝ հարսը քայլում է թագվորի ետևից: Միայն եկեղեցում պսակվելուց հետո է հարսը քայլում փեսայի կողքով: Ամենքը գնում են եկեղեցի: Կատարվում է պսակը:
  2. Եկեղեցու պսակից հետո ամենքը գալիս են հարսանքատուն:
  3. Ուրախ ու աշխույժ շուրջպարով ու երգով մեջտեղ են կանչում փեսայի մորը (երգում են «Թագվորի՛ մեր, դու՛ս արի, տե՛ս՝ քեզ ինչեր ենք բերել» կատակ-պարերգը):
  4. Թագվորի մայրը մոտենում է թագվորին ու թագուհուն, լավաշ է գցում ուսերին, մեղր է տալիս, և զույգերը ոտքով ջարդում են ափսեները և առաջ անցնում:
  5. Թագվորն ու թագուհին նստում են իրենց տեղերը:

Խումբը երգում է թագվորագովքերը ՝ «Քաղենք, բերենք մեր թագվորին», «Թագվո՛ր բարով, հազա՛ր բարով»:

  1. Նախքան քեֆը սկսելը խնամիների «բանակների» միջև տեղի է ունենում «մենամարտը»՝ թագվորի ծառին տիրանալու համար. բերում են մի պարան, և խնամիների կողմից ընտրված անձինք զուռնայի ու թմբուկի նվագի ներքո սկսում են քաշել պարանի երկու ծայրերից: Հաղթող կողմը՝ թագվորի կամ թագուհու, տիրանում է ծառին:

12.Ամենքը ոտքի են կանգնած, զրուցում են, իսկ Աղվեսը պտտվելով կատակում է նրանց հետ: Ծաղրածուն զբաղեցնում է երեխաներին: Հարսանքավորները դիտում են կերակուր պատրաստելու արարողությունը. թոնրում խորովվում է միսը, կենտրոնում դրված են ազգային կուժեր, գինով լի կարասը, որից շերեփով լցնում են գավաթները:

Այս ընթացքում երգով կանչում են փեսայի հորն ու մորը, որ օրհնեն թագվորին ու թագուհուն:  (Երգում են «Գացե՛ք, բերե՛ք թագվորամեր, թագվորահեր…» երգը):

  1. Հարսը մոտենում է թոնրին և աղ է գցում կերակրի մեջ:
  2. Ամենքին բաժանվում են երգերի բառերը, որպեսզի ընթացքում միասին երգեն:
  3. Սկսվում է կերուխումը: Թամադան քեֆի ընթացքում առաջարկում է կենացները, ապա խմում են: Յուրաքանչյուր կենացին հաջորդում են երգ, պար, ներկայացում և այլն:

Թամադայի կենացներից են`

1) Բարով տեսանք

2) Թագվորի և թագուհու կենացը (շնորհավորում են բոլորը. երգում են «Է՛ն արև, երկնու՛ց արև, տեսե՛ք՝ էն որն է», «Առնեմ, երթամ իմ յարը» պարերգը)

3) Նորապսակների ծնողների կենացը

4) Քավորի կենացը (երգ՝ «Բաժակը տվե՛ք քավորին»)

5) Տատիկ-պապիկների կենացը

6) Երկուստեք բարեկամների կենացը

7) Քույր-եղբայրների կենացը

8) Բանակի կենացը (երգում են «Ձայն մը հնչեց Էրզրումի», «Մենք քաջ տոհմի զավակներն ենք» երգերը)

9) Ընկեր-ընկերուհիների կենացը (երգ՝ «Բարի, գեղեցիկ ընկերը մարդու»):

  1. Թամադայի կենացների արանքում տեղի են ունենում զանազան խաղեր.

1) Աշուղների մրցույթ` հարսի գեղեցկության գովեստ (հաղթող աշուղը նվեր է ստանում)

2) Թագվորը ցորեն է շաղ տալիս, որ տարին բերքառատ լինի

3) Երգ-ներկայացում՝ «Կոտ ու կես կորեկ ունեմ»

4) Կեսուրը հարսին ավել է տալիս, և հարսը մի փոքր տեղ ավլում է

5) Աղվեսը գողանում է հարսի կոշիկը և նվեր ստանալով՝ վերադարձնում, որպեսզի պարի

6) Հարսը ելնում է պարելու (երգում են՝ «Տոտիկ, տոտիկ», հնչում է պարեղանակը. հարսը պարում է)

7) Թագվորի և թագուհու պարը

8) Տերտերի զգեստով որևէ մեկը՝ խաչը ձեռքին, խլում է քավորի թուրը և բացականչում. «Ժողովու՜րդ, էս թրով հարսի լեզուն կտրելու եմ», և աղաչանք-պաղատանք են անում, նվեր տալիս, որ չանի:

  1. Հարսանյաց հանդեսի ընթացքում բացի զանազան պարեղանակներից հնչում է նաև բուն ժողովրդական ուրախ երգերի ու պարերգերի շարան. օրինակ՝ «Մաքրուհի՛ ջան», «Դե՛, հե զընգը, զընգը», «Խնամի՛ ջան, եկե՜լ եմ, եկե՜լ» և այլն (ընթացքում բոլորը միասին երգում են նախապես բաժանված երգերի բառերով):

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆՅԱՑ ԾԵՍԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԾԵՍ

(Հատվածներ ԱՇահնազարյանի «Կոմիտաս» գրքից)

Հայկական գավառներում հարսանյաց ծեսն ուներ թե՛ տարբերություններ, թե՛ ընդհանրություններ: Իհարկե, կային նաև աղավաղումներ ու ազգային բուն ավանդույթներից շեղումներ:

Կոմիտասը կարող էր գրառել բազմաթիվ հարսանեկան երգեր ու պարեր, բայց նա փնտրում էր նախնական ծեսը, որը փոխանցվել էր դարերի խորքից և ծվեն-ծվեն, մաս առ մաս պահպանվել այս ու այն գյուղում:

Կոմիտասը հենց լսում էր` մի տեղ հարսանիք կա, գնում էր առանց հրավերի: Ամեն ոք, առավել ևս հայ հոգևորականը, միշտ էլ ցանկալի հյուր էր նման հանդիսության ժամանակ:

Հեշտ չէր գրառել հարսանյաց որոշ երգեր, քանի որ դրանք երգում էին հարսի ընկերուհիները փակ սենյակներում: Կոմիտասը ստիպված էր դրանք «ականջի ծայրով» լսել՝ սենյակից դուրս աննկատ կանգնած:

Յուրահատուկ էին հարսանյաց երգերը. դրանց ելևէջները, Կոմիտասի համոզմամբ, գալիս էին հնագույն ժամանակներից: Դրանք խորհրդավոր մեղեդիներ էին, որովհետև, ըստ ծեսի, պատկերում էր Արևի (փեսա) և Լուսնի (հարս) ամուսնությունը:

Յոթնօրյա ծեսի յուրաքանչյուր օրը նվիրված էր մեկ լուսատուի: Առաջին օրը Լուսնի օրն էր: Այդ օրը եզը տանում էին հարսի տուն և այնտեղ զոհաբերում:

Հաջորդ` Երևակի օրը, հարսի ձեռքերին հինայով նկարում էին նախշ-խորհրդանիշներ, իսկ հարսի ընկերուհիները երգում էին հարսի համար:

Երրորդ` Փայլածուի օրը, գալիս էին՝ հարսին հայրական տանից տանելու. հարսնառն էր:

Չորրորդ` կենտրոնական օրը, Լուսնթագի օրն էր, և կատարվում էր բուն պսակը եկեղեցում, իսկ տանը շարունակվում էր ժողովրդական ծեսը:

Հաջորդ` Լուսաստղի օրը, առավոտից կերուխում էր, երգ ու պար, և անպայման պարում էին հարսն ու փեսան: Այդ պահին փեսան տան մեջ ցորեն էր շաղ տալիս` ստանալով ցանքսի իրավունք, քանի որ չամուսնացածները դրա իրավունքը չունեին:

Հրատի օրը (օր վեցերորդ) հարսն ու փեսան մտնում էին ամուսնական առագաստ:

Վերջին` յոթերորդ օրը, նվիրված էր Արևին:

Առավոտյան երիտասարդները հարսի ու փեսայի հետ բարձրանում էին տան կտուրը և Արևին ձոնված երգերով դիմավորում արևածագը: Եվ ամեն օրն ու պահը ուներ իր հատուկ երգը:

Դա տիեզերական ծես էր, և ուրախությունը մարդու հոգում էր: Այդ հարսանիքին չկար հանդիսատես. բոլորը մասնակից էին:

Կոմիտասը զարմացել էր և ափսոսել, թե այսքան դարեր ինչու որևէ մեկը ուշադրություն չէր դարձրել այդ ծեսին, ոչ ոք չէր գրանցել տարաշխարհիկ երգերը:

Ծեսի գլխավոր մասն է կազմում «թագվորի ծառը»՝ Կենաց ծառի խորհրդանիշը: Փեսային կոչում էին թագվոր, հարսին` թագուհի: Ահա զարդարում են Կենաց ծառը և գովերգում: Ծառի գովքի երգում Կոմիտասը լսում է նախնյաց գողթան երգիչների հեռավոր արձագանքը.

Երկնից, գետնից սուրբ զորությունով,

Այն ծառն ծաղիկ էր,

Ծառ ծաղկեցավ,

Ծառ բազմեցավ`

Կանաչ ու կարմիր:

Կենաց ծառի այս երգը հետագայում Կոմիտասը բազմաձայնեց երգչախմբի համար այնպես, որ մյուս ձայները բարձրանում էին նրբորեն և հնչում կանաչ-կարմիր ծիածանի մեջ:

Հարսանյաց ծառերը մի ընդհանուր նմանությամբ հանդերձ տարբեր վայրերում տարբեր ձև ու տեսք ունեն: Ծառի գովքի երգերում թվարկվում են զանազան բույսերի ու ծառերի անուններ. «Թագվո՛ր, քո ծառն էր խնկենի», ապա նաև` արմավենի, նշենի, մորենի, թզենի, նռնենի, խնձորենի և այլն: Կոմիտասը գիտեր, որ տարբեր երգերով գովերգվող այս ծառը հարսնառի օրը «պատերազմի» պատճառ է լինելու, քանի որ, ծեսի համաձայն, հարսի ու փեսայի բարեկամները` իբրև երկու բանակ, կռվելու էին միմյանց դեմ՝ թագվորի ծառին տիրանալու համար. ծառը պահպանում էր փեսան` կտուրին կանգնած, և ով կարողանար հասնել նրան և դիպչել ծառին, նրա կողմն էլ կհամարվեր հաղթողը:

Այնուհետև՝ ծառը երգերով գովաբանելուց հետո, խումբը մի նոր երգով կանչում է փեսայի հորն ու մորը:

Գացե՛ք, ասե՛ք`

Թագվորամե՛ր,

Ծառդ գոված է.

Սել մի սեղան,

Խոյ մի խորվու

Ծառ գովողինն է:

Գացե՛ք, ասե՛ք`

Թագվորահե՛ր,

Ծառդ գոված է.

Եզ մի խորվու,

Տիկ մի գինի

Ծառ գովողինն է:

Գացե՛ք, ասե՛ք`

Թագվորաքու՛յր,

Ծառդ գոված է.

Ուլ մի խորվու,

Գավ մի գինի

Ծառ գովողինն է:

Գացե՛ք, ասե՛ք`

Թագվորահա՛րս,

Ծառդ գոված է.

Չորս զույգ գուլպա,

Մի թաշկինակ

Ծառ գովողինն է:

Գացե՛ք, ասե՛ք`

Թագվորաղբե՛ր,

Ծառդ գոված է.

Երկու ճնճուղ,

Մեկ գարեհաց

Ծառ գովողինն է:

Հարսի տանը ընկերուհիները հյուսում են հարսի մազերը, հագցնում զգեստն ու երգում: Այդ երգերից Կոմիտասն առանձնացրել է մի երգ, որտեղ հիշատակվում են Արարատները: Երգը հարց ու պատասխանի ձևով է.

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:

-Ասիս-Մասիս սարն եմ արծել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խմել:

-Սառն աղբյուրի ջուրն եմ խմել:

 

-Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քնել:

-Հայոց Անի սարն եմ քնել:

-Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:

-Ծառ, խընկենի ծառն եմ քերվել:

Ընկերուհիները խորհրդանշում էին լուսնին շրջապատած աստղերը:

Ավանդության համաձայն` արևը թագավոր է, լուսինը` թագուհի: Լուսինը շրջագայության է ելնում այն ժամանակ, երբ արար աշխարհ քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել: Նա զբոսանքի է դուրս գալիս` շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են: Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով:

Իսկ փեսայի տանը գովում էին թագվորին ու հիշում ծաղիկների տեսակներ:

— Թագվո՛ր, ի՞նչ բերեմ քո նման,

Քո կանաչ արևու նման.

-Անթառամ ծաղիկ, որ կբացվեր,

Բացվեր քու արևու նման:

Գովում էին նաև թագվորի ձին.

Մեր թագվորն էր խաչ,

Խաչվառ խաչ ու մաչ,

Պսակն էր կարմիր,

 

Արևն էր կանաչ:

Մեր թագվորն էր խաչ,

Հայոց խաչ ու մաչ,

Ձիուկն էր հրեղեն,

Թագվորն էր վրեն:

Հարսին տնից հանելու պահը ամենահուզիչն է:

Հարսը ծնված օրից ապրել է հայրական օջախում. իր մանկության թանկ հուշերն են թևածում այդ տան ամեն մի անկյունում, և որքան մոտենում է հոր տնից դուրս գալու պահը, այնքան հուզվում է հարսը: Քողը երեսին, գլուխը կախ` նստած է դեռ` կանանցով շրջապատված: Կոմիտասը չի տեսնում, բայց գիտի, որ հիմա մոր կաթն են կթում հարսի գլխին, որ մոր կաթի պես անարատ լինի, և աղ են ցանում վրան, որ աղի պես համով լինի: Արդեն պահն է, որ հարսը ոտքի ելնի, քայլի դեպի դուռը, բայց չի ելնում, ասես թուլացել են ոտքերը, և ահա խումբը երգում է ամենահուզիչ երգը և երգով հորդորում են հարսին ելնել ու գնալ` ասելով` «Ելի՛ր, ելի՛ր, ելի՛ր…», և երգի մեղեդին ասես դուրս է կանչում երկնքում թաքնված լուսնյակին ու նրան շրջապատող աստղերին. հարսը լուսինն է, որ պիտի ելնի ամպերի միջից` սահուն ու հուշիկ… Եվ լացելու է երկինքը, իսկ արևի ձայնը խորհրդավոր հեռուներից կանչելու է լուսնին…

Աչքերը փակ՝ լսում է Կոմիտասը ու չի գրանցում երգը: Նա հասկացել է, որ այդ երգը երբեք չի բազմաձայնի. կպահի միայն իր սրտում և երբեք չի ելնի բեմահարթակ. այն կմնա հարսի քողի տակ պահված, և հնչյունները միշտ կմնան հարսի հայրական տանը: Սկսեց երգել խումբը «Ելի՛ր»-ը, և հարսը լաց եղավ…

Ելի՛ր, ելի՛ր, ելի՛ր,

Երդիկ լուսացավ,

Ծառեր ժաժ եկան,

Տերևներ թափան, ա՜խ…

Հարսնառը եկավ վերին կալերեն,

Հինեն բերեցին թղթի ծալերեն,

Հարսնառը եկավ գեղի վերևով,

Հինեն բերեցին ծտի թևերով:

 

Ելի՛ր, ելի՛ր, ելի՛ր,

Սարեր, ձորեր, ա՜խ, ցածըցեք,

Յոթը աղբոր քուրը ջոկել կտանեն:

Աղջի՛, հարսնառդ եկավ գեղի վերևեն,

Քեզի քող բերեց թղթի թերթերեն:

Թերևս սա է ծեսի ամենախորհրդավոր պահը: Հարսը նստած է, դեռ չի բարձրանում: Հենց որ ոտքի ելնի, կսկսվի սրբազան խորհուրդը տիեզերական. նա է կրողը կյանքի, ինքը կյանքն է. նա կյանք կտա ու կծնի մի արևամանուկ և նրա համար կերգի նախնիներից իրեն փոխանցված Արևամոր օրորը, և օրորոցից քիչ հեռու` օջախում, կբոցկլտա այն կրակը, որ վառել են նախնիք հազարամյակներ առաջ քարանձավում ու պարել են շրջանաձև շորորը` դանդաղ ու վեհապանծ… Նա ոտքի կելնի և կգնա արարելու մի նոր կյանք, ոտքի կելնի ու կգնա շարունակելու ցեղը ու փոխանցելու ցեղի ոգին:

Ահա այս փխրուն արարածի մեջ է ամբարված խորհուրդը խորին, սուրբ հայրենիքը: Ինքը մայր հողն է, հողը, հողը…

Հո՛ղ, ելի՛ր, ելի՛ր…

Հարսը լալով ոտքի կանգնեց:

«Երգի՛ր, լացի՛ր, լացի՛ր»,-ասացին ընկերուհիները, որովհետև, ծեսի համաձայն, հարսը պիտի երգի հրաժեշտի երգը, և նա կսկսի երգել լալով: Երգի հնչյունները հեծկլտոցի հետ փափուկ շեշտով թռչում էին վեր: Կոմիտասը, հեռու կանգնած, առանձնացել ու լսում էր՝ աչքերը փակ և տեսնում էր հուլունք-հուլունք արցունքների կաթիլները` փոխված հնչյունների:

Հետո ինքը նոտագրեց հարսի լացը և հեծկլտոցից վեր ելնող ձայների վրա նշանակեց փափուկ շեշտեր. նոտագրած երգում երևում է, որ լացի ժամանակ հեծկլտոցի պես ելևէջը շունչը կտրում ու վեր է ելնում, հետո, նուրբ շաղվելով ու փուլ գալով, գլոր-գլոր իջնում է վար…

Հարսի հայրն ու մայրը, քույրերն ու եղբայրները կարոտ աչքերով լսում են հրաժեշտի լաց-երգը.

Մերի՛կ, դուն հալալ,

Մերի՛կ, դուն հալալ,

Եկած կըտանեն

Քո սրտիկ դալար:

 

Քուրի՛կ, դուն հալալ,

Քուրի՛կ, դուն հալալ,

Եկած կըտանեն

Քո սրտիկ դալար:

 

Կոմիտասը լսում էր այդ երգերը, մասնակցում ծեսին և մտածում, որ ինքը միայն գրառում է երգը, բայց ինչպե՞ս փոխանցել ծեսի ոգին, պատկերը, գույնը, տրամադրությունը, շարժումը… Չէ՞ որ, եթե այս երգերը մի օր ինքը բեմ հանի, միևնույնն է, կիսատ բան է մնալու ունկնդրի համար, և եթե նույնիսկ ծեսը թատերականացված բեմադրվի ու ներկայացվի, կրկին տեղ չի հասնելու այն, ինչն ապրում ու զգում է ինքը հիմա, որովհետև այստեղ չի կարող լինել հանդիսատես, այստեղ ամենքը, ինքն էլ նրանց հետ մասնակից են ու գործող անձ: Ամենքը մեկ մարմին ու մեկ հոգի են: Կոմիտասը գործածում էր «համայնքի ոգի» արտահայտությունը, և երբ քննադատում էր մի անորակ երգ կամ երգեցողություն, ասում էր, թե բացակայում է համայնքի ոգին:

Կոմիտասը, լինելով հայ եկեղեցու սպասավոր, հուզված նայում էր, թե ինչպես է ժողովուրդը պահպանել լույսի հին հավատքի ծվենները, թե ինչպիսի երկյուղածությամբ են պաշտում օջախի կրակը, քանի որ այդ կրակը նրանց համար նաև գերդաստանի շարունակությունն ու հարատևությունն է, և այդ կրակի ծուխը ցեղի հարատևությունն է: Գյուղի տները կոչվում են նաև «ծխեր», այսինքն` այսքան ծուխ՝ ընտանիք, կա: Հարսանյաց ծեսում նաև այնպիսի բաներ էին տեղի ունենում, որ Կոմիտասն անկարող էր միաժամանակ տեսնել դրանք, ուստի տարբեր հարսանիքներում ինքն էր ընտրում, թե այդ պահին որտեղ լինի` հարսի՞ տանը, թե՞ փեսայի. չէ՞ որ միաժամանակ երկուսի համար էլ երգում էին գովքի երգեր:

Ահա մի մեծ հարսանիքում հասել է այն օրը, երբ նորապսակներին եկեղեցուց բերում են փեսայի տուն. ճանապարհին հատուկ պար են բռնում, որը կոչվում է «Փետախաղ»:

Կոմիտասն արդեն գրառել է այդ պարեղանակները, և հիմա նա փեսայի տանն է, հետևում է, թե հարսանեկան զույգի ժամանումից առաջ փեսայի մայրը ինչ արարողություն է կատարում: Մայրը մի տախտակի վրա դրեց չորս հաց, մի ափսեի մեջ կրակ դրեց, կրակի վրա խունկ լցրեց և նախ պտտեցրեց օջախի` թոնրի շուրջը, ապա տարավ տան չորս անկյունը, որտեղ ոգիներ կան: Կոմիտասն անմիջապես մտածեց, որ երգերից մեկը բազմաձայնելիս պետք է, որ ձայներից մեկը ստեղծի պտտվելու տպավորություն, և հետո ծխի պես բարձրանա ու տարածվի չորս կողմ` ապահովելով օդ ու տարածություն… Հեշտ է ասել` ձայներով արտահայտել այս ամենը, ձայներով փոխանցել ծխի ու խնկի հոտն ու շարժումը, օջախի ջերմությունն ու մոր վեհությունն ու քայլքը, տարազի նախշը, նախշը, այն նույն նախշը, որ կա գորգի վրա, հազարամյակների ժայռապատկերներում և հարսիկի՝ հինայով նախշազարդված ձեռքերին:

Ժամանեցին հարսանքավորները հարս ու փեսայի հետ, և նախքան նրանց տուն մտնելը փեսայի մայրը, ափսեով կրակը ձեռքին, դուրս եկավ բակ և պտտվեց հարսանեկան զույգի շուրջը, իսկ երբ մտան տուն, հարսը երեք անգամ պտտվեց թոնրի շուրջը, այնուհետև փեսայի հետ ծունկի եկան և համբուրեցին «օջախի շուրթը»: Հարսը, իբրև զոհաբերություն, «հորանց» տնից բերած օջախի մոխիրը գցեց օջախի մեջ: Հետո նրանք համբուրեցին ամենատարեց ազգականի ձեռքը. վերջինս էլ օրհնեց նրանց, որ երկար կյանք ունենան, միշտ վառ պահեն օջախի կրակը, միշտ ծխա երդիկը: Կոմիտասի աչքերը փայլեցին. «Այո՛, այո՛, այն երգի վերջին ակորդը պիտի լինի համբույրի պես, տաք օջախը համբուրելու նման, ամենատարեց ծերունու` հողից ճաքճքած ձեռքը համբուրելու նման. դրանք նույնն են` օջախն ու ձեռքը… Կլսվի համբույրի ելևէջը, ինչպես Արևամոր օրորի ելևէջը, ինչպես Արևի կանչի ելևէջը… Եվ այդ ակորդը պիտի աստիճանաբար ետ քաշվի ու մարի, որովհետև արարողությունից հետո հարս ու փեսան հետ-հետ են գնում, որպեսզի օջախին մեջք ցույց չտան, որովհետև դա մեղք է համարվում»:

Եվ ինչպե՜ս են իրար հաջորդում ծայրահեղ տարբեր զգացումներ… Այս խորհրդավոր պահից րոպեներ առաջ փեսայի մորը տնից դուրս էին կանչում մի զվարթ ու կատակային խմբերգով` ասելով, թե իր համար կով կթող են բերել, տուն ավլող են բերել, վերջում էլ, թե` «մազեր փետտող» ու «գլուխ դմբող» են բերել: Կոմիտասն նախկինում գրառել էր այդ երգի այլ տարբերակներ և հիմա ուրախ էր, որ հանդիպել էր ամենաաշխույժ և արագ տարբերակին:

Թագվորի՛ մեր, դու՛ս արի,

Տե՛ս՝ քեզ ինչեր ենք բերել.

Թագվորի՛ մեր, դու՛ս արի,

Քեզ ջուր բերող ենք բերել:

 

Թագվորի՛ մեր, դու՛ս արի,

Քեզ թաղդ ավլող ենք բերել:

Թագվորի՛ մեր, դու՛ս արի,

Քեզ կով կթող ենք բերել:

Թագվորի՛ մեր, դու՛ս արի,

Քեզ ճաշ էփող ենք բերել:

Թագվորի՛ մեր, դու՛ս արի,

Քեզ գլուխ դըմբող ենք բերել:

Անցան ամիսներ, մինչև Կոմիտասը մեկ ուրիշ հարսանիքում լսեց իր փնտրած այն երգը, որտեղ փեսան ու հարսն անվանվում են Արև և Լուսին: Հարսանքավորները՝ բաժանված երկու խմբի, երգեցին հարց ու պատասխանի ձևով.

-Էն արև, երկնուց արև, տեսե՛ք` էն ո՞րն է:

-Էն արև, երկնուց արև, մեր թագավորն է:

-Էն լուսին ամպերի մեջ, տեսե՛ք` էն ո՞րն է:

-Էն լուսին ամպերի մեջ մեր թագուհին է:

Տարիներ կանցնեն մինչ Կոմիտասը կամբողջացնի ծեսը:

Կոմիտասը հասկացավ, որ այս ծեսն ասես մի մեծ ու վաղնջական առասպելի մասն է` կից վանեցիների այն հավատալիքին, թե Արևը մի մանուկ է, որը, առյուծին հեծած, սլանում է երկնքում, հետո մայր է մտնում Վանա լճում: Հետո էլ Արևը մեծացել և ամուսնացել է Լուսնի հետ. այս ծեսը այդտեղից է գալիս:

Ծեսը դարձել է կանաչ-կարմիր արև, ծիածանաթև շողշողուն երկինք, ճանապարհ դեպի հայրենի Կենաց ծառ, դարձել է հայրենի անդաստանների վրա թևածող ոգու երգ ու կանչ, ամուսնություն երկնքի ու երկրի, արևի և լուսնի, որից ծնվելու է գողթան երգիչների երգած Վահագնը` արևաչ ու հրեղեն…

Պսակի հաջորդ օրը` կերուխումից հետո, երեկոյան սկսվեց հասարակաց մեծ պարը` շորորը: Կոմիտասը վեր թռավ տեղից և կանգնեց «պարի գլխին»` գլխավորելով շուրջպարը: Սրնգահարը սկսեց շորորի մեղեդին: Թնդացին թմբուկի վեհապանծ զարկերը: Կոմիտասը ծոցից հանեց թաշկինակն ու թափահարելով բարձրացրեց, բոլորեց պարաշրջանը: Պարողները ձեռքերը միացրին իրար` ագուցելով ճկույթները, և սկսեցին շորորալ դանդաղ, աննկատ, միանման. ասես՝ մեկ մարդ էր պարում: Հայացքներն ուղիղ, գլուխներն ուղիղ ու անշարժ պահած` շարունակում էին շորորի ալիքը` ոտքով գետնին գծելով հին նախշը` ասեղնագործ սփռոցի նման ագուցված քայլակարերով:

Կոմիտասը սկսեց դանդաղորեն շրջանը տանել ձախից աջ` վեր-վար շորորալով ու ասես օդի միջով դեպի աջ սահելով:

Սրինգը նվագեց Արևի կանչի ելևէջը, սրիգը կանչեց հեռու՜-հեռու՜…

Նախավերջին` Հրատի օրը` գիշերը, թագվորի վրայից հանեցին կանաչ-կարմիր նարոտը… զույգը մտավ առագաստ, և ծեր կանայք բացեցին զոհաբերված եզան արյան մեջ թաթախված կողպեքը, որպեսզի թագվորը «կապ չընկնի», լինի առնական:

Հարսանյաց ծեսի յոթերորդ` վերջին օրը Արևի օրն է:

Կոմիտասը չէր քնել գիշերը, անհամբեր սպասում էր լուսումութին, երբ նոր-նոր պիտի լույսը բացվի` մինչև արևի երևալը, որովհետև երգելով կանչելու էին Արևին:

Լուսումութին Կոմիտասն արդեն տան բակում սպասում էր, երբ հարս ու փեսան չամուսնացածների խմբի հետ բարձրացան տան կտուրը, կանգնեցին երեսով դեպի արևելք: Խումբը սկսեց երգել ու կանչել արևին մեկ այլ հին անունով` «Վահե՛, Վահե՛…»` ողջունելով առավոտը` այգը («էգին»): Երգեցին այնքան, մինչև երևացին արևի շողերը, իսկ հետո ծագեց արդար արեգակը.

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,

Էգ արևուն տանք բարև,

Տա թագվորին շատ արև,

Վահե՛, Վահե՛, Վահե՛…

Է՛գ, բարև՛, ա՛յ էգ, բարև՛,

Էգն արևուն տանք բարև,

Տա թագուհուն շատ արև,

Վահե՛, Վահե՛, Վահե՛…

Եվ երբ արևի հազարագունի շողերը զարդարեցին երկինքը, նորապսակները փոխեփոխ երգեցին «Առավոտուն բարի լուս» երգը:

-Առավոտուն բարի լուս,

Աստված պահե ամենուս,

Թող դուս գա լուս թշնամուս,

Լորի՛կ… լո՛ր իմ, լու՛ս լորիկ:

-Հազար էրնեկ էն ավուր,-

Տավուլ-զուռնա չալեցուցին,

Կանաչ-կարմիր հագեցուցին,

Տարան, ժամը կայնեցուցին,

Ավետարան կարդացուցին,

Ձեռը ձեռին տվեցուցին:

Տույ, տույ, տույ…

-Առավոտուն բարի լուս,

Բարև՛ ասա բարևուս,

Բարին հասնե արևուս:

Առավոտուն բարի լուս,

Արևն ելավ սարի ուս,

Արի երթանք դար ի դուս:

Առավոտուն բարի լուս,

Աստված պահե մեր երկուս,

Լո՛ր, ոսկի՛ սուն իմ հոգուս:

 

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԾԵՍ

(Հատվածներ Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդեսից»)

1.Երկու-երեք օր առաջ տղամարդկանց հարսանիքի են հրավիրում փեսան և նրա քավորը՝ զուռնան առաջը և ձեռքում մի շիշ արաղ: Յուրաքանչյուր տան առաջ տանտերը հարգանքով ընդունում է նրանց և մի բաժակ օղի է վայելում նրանց ձեռքից՝ իբրև նշան, որ ընդունում է հրավերը, պատրաստվում է գնալ հարսանիքի և սաչու(նվեր) տալ: Նրանցից ով կամք չունի սաչու տալ, օղի չի ընդունում և առաջին ընթրիքը վայելելուց հետո այլևս չի մասնակցում հարսանիքին: Սաչու տվողների համար առաջին ընդհանուր ընթրիքից հետո առանձին մսացու է մորթվում և առանձին կերակուրներ են պատրաստվում:

Ուրբաթ օրը հարկավոր է հրավիրել քավորին: Ուստի մսացուն մորթելու օրը փեսան, նրա ազաբները, հայրը, մայրը, քույրը և մոտ բարեկամները գնում են՝ քավորին հրավիրելու:

Փեսան վերցնում է իր հետ շաքարի կտորներ կամ խնձորներ, նրա մայրը կամ քույրը՝ ձեռքին մի փունջ ծաղիկ (մեխակ, մախմուր ծաղիկ, հոտավետ, չորացած կամ կանաչ մարզա և այլն), իսկ ազաբները՝ գավաթով գինի, մի բաժակ ափսեի մեջ՝ շուրջը չոր միրգ շարած: Փունջը մատուցվում է քավորակնոջը, իսկ մնացյալներին՝ մի բաժակ գինի:

Այսպես է լինում, երբ քավորը և փեսան միևնույն գյուղումն են, իսկ եթե ջոկ գյուղումն են, այն ժամանակ քավորը, գալով փեսայի տունը, այնտեղ է պատրաստում ծառը, որ պարսկահայերի մեջ կոչվում է ուրց:

Փեսայի և հյուրերի հավաքվելուց հետո ամենքը, միմյանց կից բոլորշի (շուրջանակի) նստելով, սկսում են բարձրաձայն գովել ուրցը, որ ունի իր յուրահատուկ երգերը: Ամենից առաջ գովում է քավորը՝ ուրցը ձեռքում բռնած, այսինքն՝ նա ասում է երգից մի հատված և ապա տալիս է կողքի նստածին, որը, նույնպես երգելով մի հատված, տալիս է երրորդին և այլն: Այսպես ուրցը պտույտ է անում մինչև երգի ավարտը:

Ուրցը կամ ըստ մեր ռուսահայերի՝ ծառը, կազմված է մի գլխավոր փայտից, որի շուրջը թեք բարձրանում են ճյուղերը: Սրանց, ինչպես և գլխավոր փայտի վրա շինած են խաչաձև փայտեր, որոնց ծայրերին տնկում են խնձորներ: Գլխավոր փայտի վերին ծայրին դրված է հորիզոնական դիրքով խաչ, որ կոչվում է կաքավ, իսկ նրա խնձորները՝ գլխախնձոր: Բացի խնձորներից ՝ուրցը զարդարում են նաև գույնզգույն թելերով:

Ուրցի գովասանական երգը երգում են այսպես.

Էս թագն էր խաչ,

Խաչի կոթն էր խաչ ու մաչ,

Շնահավո՛ր պսակդ,

Արևդ էր կանաչ:

 

Էս թագն էր խաչ,

Խաչի կոթն էր խաչ ու մաչ,

Շնահավո՛ր թագուհիդ,

Արևդ էր կանաչ…

Ապա կանգնում են բոլորշի շղթայված և թագվորին կանգնեցնելով շրջանի կենտրոնում՝ երեսը դեպի աղոթարան (արևելք)՝ ազաբները գովաբանում են նրան հետևյալ երգով.

-Թագվո՛ր, ի՞նչ բերեմ քեզ նման,

Գարնան վարդն, որ կբացվի,

Հոտն արևուդ նման:

 

— Թագվո՛ր, ի՞նչ բերեմ քեզ նման,

Նարգիզ ծաղիկ, որ կբացվի,

Հոտն անուշ արևուդ նման…

  1. Թագվորը, քավորը և ազաբները գնում են ուրբաթ՝ փեսայի զոքանչին այցելության: Փեսան համբուրում է նրա ձեռքը, իսկ նա՝ փեսայի երեսը: Փեսան և քավորն ստանում են գուլպա, արխալուղ և այլն՝ ըստ կարողության: Ապա պտտվում են գյուղի մեծերի մոտ, համբուրում է փեսան նրանց ձեռքը, ծաղկեփունջ է մատուցում նրանց՝ իբրև հրավիրման նշան, և նրանք էլ համբուրում են նրա երեսը: Այս հրավերը կոչվում է «խարնըսի խաբար»:

Հրավերի հետևյալ օրից քավորը միշտ իր ձեռքում պտտեցնում է ուրցը մինչև հարսանիքի վերջը:

Հրավիրվածների առջև կատարվում է մսացու՝ կովի կամ եզան, մորթելու հանդեսը:

Աղջիկներն ու հարսները, թաշկինակները ծածանելով, պարում են մսացուի շուրջը: Ապա տղամարդիկ, նրանց հետ շղթա կապած, կազմում են ահագին շրջան և պարում են գյոնդ (դանդաղ շուրջպար): Այդ ժամանակ թագվորի ազգականները գինի են բերում իրենց տներից և հյուրասիրում են ամենքին:

Այլ գյուղերից հրավիրված հյուրերի համար զուռնան դուրս է գալիս ընդառաջ և ընդունում է յուրաքանչյուրին իբրև արտակարգ պատիվ:

Սույն ուրբաթ երեկոյին պատրաստում են հարսնահոր տան համար բոլոր խոստացած նյութեղենը և բարձած ազաբներից մինի վրա՝ ուղարկում են խնամու տուն: Նրան անվանում են աղվես: Աղվեսին ուղեկցում են զուռնան, պարզ աղջկունք և տղայք: Դրանց գնալու ժամանակ ճանապարհին ընդառաջ է դուրս գալիս գյուղի կտրիճներից մինը և առաջարկում աղվեսին կա՛մ մենամարտել, կա՛մ տալ իրեն մի գավաթ գինի և ազատվել: Մենամարտը հազիվ է գլուխ գալիս, քանի որ հաճախ ուզածը ստանալով՝ հաշտությամբ է վերջանում գործը:

Ղազախում, երբ փեսան իր ազաբներով գնում է մի այլ գյուղ՝ իր նշանածի հետ պսակվելու, նա իր հետ անպատճառ պետք է վերցնի հաց, խաշած միս, գինի՝ հարսնացուի գյուղի ազաբների համար, որոնք խմբովին կտրում են գյուղի մոտ հարսնավորների ճանապարհը և պահանջում են իրենց հասանելի ուտելեղենը, որ նրանցում կոչվում է ազաբանա: Երբեմն ազաբանայի համար ընդհարում է ծագում:

  1. Ագուլիսում և նրա շրջակայքում հարսանյաց հանդեսի սկզբում՝ ուրբաթ օրը, սազանդարներով կամ զուռնայով կատարվում է տաշտադրեքը: Հարսանիքի համար հաց թխող և խմոր հունցող կանայք, տաշտի երկու ծայրից բռնած, պարում են ու փեսայի հորից ստանում են նվեր: Նույն նվերը տրվում է թոնիր վառելու և գաթան թխելու ժամանակ:

Ապա ընտրվում է մառանապետ, որը, նվեր ստանալով շալ, գոտի, պատրաստվում է վերահսկել ուտելյաց և ըմպելյաց վրա: Կերակուր եփողները, ամանները ձեռքներին պարելով, ստանում են իրենց հասանելիք նվերը և կանգնում են գործի:

Մարդկանց հրավերը կատարվում է մի ընտրյալի ձեռքով, որը մետաքսե թաշկինակի մեջ պահած չոր ծաղիկներ է բաժանում և թաշկինակն իրեն վերցնում:

Հետևյալ օրը՝ շաբաթ, ընտրվում է մի ազաբբաշի, և սա զուռնայի ուղեկցությամբ, մետաքսե թաշկինակը ձեռնափայտի վրա դրոշականման կապած, շրջագայելով հրավիրում է թագվորի մոտ ազգականներին, որոնք մի-մի թաշկինակ են կապում ազաբբաշու փայտին ու զուռնային, և որն արև է ուղարկում փեսային:

Վերջում նուռ ու խնձոր առած ազաբբաշին հրավիրում է քավորին ու քավորակնոջը և զուռնաչու հետ նրանցից ստանում է նվեր մի-մի թաշկինակ: Քավորակինը հետն առնում է մի կտոր շաքար և կանաչ ու կարմիր մետաքսե թելհինան: Դրա համար քավորակնոջ առաջ դնում են մի սինի, ջուր և հինա: Հենց որ նա հինա և ջուր է խառնում իրար, զուռնան իսկույն նվագում է, աղջկունք, կանայք և տղամարդիկ, որոնք, աչքերը բևեռած նայում էին քավորակնոջ արարքի վրա, իսկույն ձայն են տալի ամեն կողմից՝ «Աստված շնորհավո՛ր անի», և հինան սինով բարձած՝ պարում են:

Ապա մի խոնչայի մեջ պատրաստում են զանազան մրգեղեն ու շաքար, իսկ մյուս խոնչայի մեջ՝ հարսի հանդերձը և հինան: Երիտասարդ տղայք հինայով ներկում են մի խոյի ճակատն ու մեջքը և կանաչ-կարմիր թել են կապում վիզը, իսկ եղջյուրները զարդարում են վառ մոմերով:

Խոնչաներն ուսերին` ազաբբաշու գլխավորությամբ երիտասարդները, զարդարուն խոյը առաջն արած, պտույտ են տալիս հանդիսականների շուրջ և հետո քավորակնոջ հետ, զուռնա նվագելով, տանում են այդ բոլորը հարսնացուի տուն:

Նորահարսի բարեկամները զուռնայով ընդառաջ են գալիս և ընդունում են նրանց:

Տարած խոնչաները և խոյը նորից պտտեցնում են հանդիսականների շուրջ և հետո խոնչաները նվիրում են հարսնացուին, իսկ խոյը՝ նրա եղբորը, որից հետո քավորակինը, ազաբբաշին և նրանց ուղեկիցները նորից վերադառնում են փեսայի մոտ:

  1. Ղազախում գեղեցիկ տեսարան է, երբ թագվորը՝ նոր հանդերձով զարդարված և հանդիսականներով և ազաբներով շրջապատված, որոնք այնտեղ անվանվում են մակարներ, կանգնած են բացօթյա: Նրա քույրը, մետաքսե թաշկինակը ձեռին ծածանելով, զուռնայի նվագածությամբ պարում է ծանրաքայլ և մոտենալով եղբորը՝ համբուրում է նրան, ապա, թաշկինակը աջ ուսով անցկացնելով, կապում է ձախ թևի տակ: Դա կոչվում է ուսկապ:

Շիրակի, Կարսի և Բասենի գյուղորայքում հարսանքի երկրորդ օրը մի քանի երիտասարդ քավորի առաջնորդությամբ, բայց առանց թագավորի, գնում են հարսին բերելու և անվանվում են հարսնառներ:

Վերջիններիս գնալուց հետո քավորի ազգականներից մինը հրավիրում է իր տուն նորափեսին և ժողովում է նրա համար ազաբներ: Լողացնում են նորափեսին, հագցնում են նոր հանդերձ: Սափրիչը սափրում է նրա և ազաբների երեսները: Այդ ժամանակից նորափեսին անվանում են թագվոր: Նրա գլխի ֆասը կամ արախճինը սափրիչը վերցնում է իրեն:

Ազաբները թագվորի վզով խաչաձև անցուցանում են մետաքսե թաշկինակ, որը և ասվում է կոսպանդ, իսկ ոտքերին հագցնում են սոլեր: Կոսպանդը և սոլերը նվիրում է քավորը: Ազաբները հինայով ներկում են թագվորի և իրենց ձեռքերը: Բայց նախքան թագվորին հագցնելը քահանան օրհնում է նրա հանդերձը և հանձնում է ազաբներին:

Ալեքսանդրապոլում ազաբբաշին, թուրը ձեռքին, բարձր ձայնով դիմելով ազաբների խմբին, ասում է. «Թագվորի՛ ազաբներ, գիտե՞ք՝ մեր թագվորն ինչ ունի»: Ազաբբաշին, ցույց տալով արխալուղը, շարունակում է. «Մի լավ թանկագին շալ արխալուղ՝ գինը չորս թուման»: Խումբը երգում է.

Ասե՛նք շնորհավոր, ասե՛նք շնորհավոր

Մեր թագավորին, հազա՛ր շնորհավոր:

…Երբ հագուստով զարդարում են թագվորին, սկսում են գովել նրա հանդերձի մասերը: Ազաբների առաջին խումբը երգում է.

Էսօր մեզ էրնեկ,

Մեզ հազար էրնեկ,

Մեր թագվորն է աջ

Աչկոց խաչ ու մաչ,

Կոսպանդն է կարմիր,

Արևն է կանաչ:

Այս տունը ամբողջությամբ կրկնում է ազաբների երկրորդ խումբը, որից հետո առաջին խումբը նորից շարունակում է, և երկրորդը՝ կրկնում.

Էսօր մեզ էրնեկ,

Մեզ հազար էրնեկ,

Մեր թագվորն է աջ

Աչկոց խաչ ու մաչ,

Գոտին է արծաթ,

Արևն է կանաչ:

Այսպես հիշատակում են հանդերձի բոլոր մասերը: Ապա սկսում են գովաբանել անմիջապես թագվորին նույն երգերով՝ «Թագավո՛ր, ի՞նչ բերեմ քո նման» և այլն, որից հետո՝ «Խնձոր, խնձոր, գլխիխնձոր» և այլն՝ գովելով նաև սորա մեջ թագվորին, թագուհուն, խաչեղբորը, քահանային, տիրացուներին, ազաբներին և այլն:

Վերջապես գովաբանողները դիմում են թագվորի ծնողաց և ազգականներին հետևյալ երգով.

Գնացեք ասեք՝ թագվորահե՛ր, թագվորահե՛ր,

Ծառդ գոված է.

Եզ մի խորվու, տիկ մի գինի,

Ծառ գովողինն է:

 

Գնացեք ասեք՝ թագվորամե՛ր, թագվորամե՛ր,

Ծառդ գոված է,

Սել մի սեղան, խոյ մի խորվու,

Ծառ գովողինն է…

  1. Հենց հարսանիքի սկզբում փեսան առանձին, իր ազաբներով-մակարներով, զուռնայի նվագածությամբ և երիտասարդ հարսներով շրջապատված, ուխտի է գնում. յուրաքանչյուրն իր գյուղի մոտի սրբատեղիում ջերմեռանդ աղոթում է, մոմ վառում, խունկ ծխում, համբուրում անպաճույճ քարերը և վերադառնում է տուն: Եթե գյուղի շուրջը կա մի քանի ուխտատեղի, ոչ մինը զանց չի առնվում. բոլորին էլ կարգով այցելում են:

Հին Նախիջևանում և Հին Ջուղայում շաբաթ երեկո՝ հարսանիքի երկրորդ օրը, հասակակից երիտասարդ աղջկունք, հարսնացուին շրջապատելով, հինա են դնում նրա ձեռքերի վրա: Հետևյալ օրը՝ կիրակի, թագվորը, քավորը, խաչեղբայրը, ազաբբաշին, վառած մոմերը ձեռքներին, հանդերձը տանում են հարսի տունը:

Հանդերձը հագցնելուց հետո հրավիրում են քավորին, որ հարսի գոտիկը կապի: Նախ քավորը իր գդակով ծածկում է հարսի գլուխը և քամարի ծայրից բռնած՝ երեք անգամ անց է կացնում հարսի գլխից և ոտքերից՝ ասելով. «Յոթը տղա բերես, մի աղջիկ», և ապա կապում է քամարը նրա մեջքին և նվեր տալիս հարսի գլուխ կապողին ու հեռանում է կանանց բաժնից:

Այստեղ զոքանչը նոր մոմեր է դնում փեսայի և մյուսների ձեռքը, նվիրում է փեսային (ըստ կարողության) ժամացույց, կամ երեքին էլ՝ մի-մի մետաքսե թաշկինակ, դնում է նրա առաջ խոնչա՝ զանազան ուտելեղենով (հավ, հալվա, գաթավարաղածածկ կամ կարմիր ձու և այլն), որ ազաբբաշին իսկույն ևեթ ժողովում, տանում է՝ մյուս օրը այգում վայելելու համար:

  1. Երբ աղջիկը (հարսը) հոր տանից պետք է դուրս գա, այդտեղ կատարվում է մի շատ սրտաշարժ տեսարան. զարդարված նորահարս աղջիկը, շրջապատված իր ընկեր աղջիկներով, զուռնայի նվագածությամբ բազմաթիվ հանդիսականների առաջ ծանրաքայլ ընթացքով պտտվում է տան օջախի շուրջը, ծնկաչոք համբուրում է օջախի քարը, դուռը, տան շեմը, յոթն անգամ պտտվում է հայրական թոնրի շուրջը և ծնկաչոք համբուրում է թոնրի շուրթը, ապա համբուրում է ծնողաց ձեռքը, որ վերջին հրաժեշտը տա:

Ազաբները և թագվորի կողմի մարդիկ, դուրսը կանգնած, դիտմամբ գոչումներ են անում՝ «ճինինի՜, ճինինի՜, հարսը տարա՜ն», որպեսզի բարկացնեն հարսի ծնողաց և բարեկամներին:

Այդ հրաժեշտի, լացի, աղմուկի և ուրախության ժամանակ ազաբներից մինը, որ անվանվում է աղվես, ընկնում է հարսի հորանց հավերի ետևից և ծածուկ աշխատում է բռնել նրանց ու տանել, որպեսզի հետո ազաբները ուտեն, քեֆ անեն:

Այստեղ այդ անձը հավագողության համար կոչվում է աղվես, բայց շատ տեղեր էլ աղվեսը հավ չի գողանում, այլ լրաբեր է հարսանիքի ժամանակ:

Թագվորը, ձեռքի թաշկինակով մի խնձոր փաթաթած, սեղմում է միշտ իր շրթունքները նրանով: Եկեղեցի պսակի գնալու ժամանակ աղվեսներից մինը իր հետ տանում է մի գավաթ գինի և մի բաժակ: Յուրաքանչյուր հանդիսական իրավունք ունի գինով բաժակը մոտեցնելու թագավորի բերանին ու ասելու. «Լուսը Լուսավորչին, հավատն է Քրիստոսին, օրհնյալ Աստված, անու՜շ, անու՜շ, անու՜շ», և թագվորը՝ անձայն, անժպիտ, խոնարհ, անտրտունջ, մի կաթիլ բերանն է առնում ու խնձորը նորից սեղմում շրթունքներին:

…Պսակի գնալու ժամանակ թագվորը գնում է առաջից, նրա կողքին խաչեղբայրը՝ իր անբաժան թուրը ձեռքին, իսկ մի քայլ թագվորի հետևից գնում են հարսը՝ նրա թևը բռնած, հարսնեղբայրը և քույրերը: Հանդիսականները շրջապատում են նրանց, և զուռնան մեղմ եղանակով («Առավոտ լուսոյի» նման) ծանր քայլերով առաջ է շարժում բազմությանը:

Հենց որ հասնում են եկեղեցու դուռը, զուռնան իսկույն ևեթ կտրում է իր ձայնը մինչև հարս ու փեսայի եկեղեցուց դուրս գալը:

  1. Հարսի հանդերձը հագցնում է քավորի կինը, իսկ քամարը կապում է հարսի եղբայրը՝ նախապես երեք անգամ անցկացնելով գլխի վրայով և ոտքերի տակից հանելով: Ապա աղջկունք և կանայք համբուրում են հարսին և դուրս բերում փեսայի մոտ:

Սանամայրն իր հետ բերած շաքարի կտորը և կանաչ-կարմիր թելը հանձնում է քահանային, որ սա թելից շինե հարսի համար նարոտ, իսկ շաքարը ձգի աղջկա՝ տնից բերած գինու բաժակի մեջ:

  1. Եկեղեցուց դուրս գալով՝ ում տան մոտով որ անցնի հարսանիքը, ամեն ոք՝ թե՛ բարեկամ, թե՛ օտար, հարսի գլխին ձգում են զանազան կտոր (չիթ, թաշկինակ և այլն), իսկ ազաբներին ոչինչ չեն տալիս, ինչպես անում են այդ այլ տեղերում պսակի գնալու ժամանակ:

Եկեղեցուց մինչև թագվորի տունը զուռնայի նվագակցությամբ դանդաղաքայլ ընթանում է հանդեսը, և պարում են հարսներ, աղջիկներ և տղայք: Թագավորի տան առաջ պատրաստած է լինում սեղան ազաբների համար ՝ զանազան ուտելիքներով: Պարելով ընդառաջ են դուրս գալիս թագվորի մայրը և հայրը:

Վերջինիս երեսին զվարճության համար ալյուր են քսում, թաղիքի կտոր են դնում գլխին, քթոց են անցկացնում վիզը: Շեմից անցնելու ժամանակ հարսի գլխին թուր են բռնում:

Նորապսակների տուն մտնելուց հետո ավելը տալիս են հարսի ձեռքը, ով պետք է տան հատակը փոքր-ինչ ավլի զանազան կողմերի վրա: Քահանան «ծագմանն» երգելիս թագվորն ու քավորը իրար կողքի են կանգնում, իսկ նրանց ետևից հարսը երեք անգամ պտտվում է թոնրի շուրջը: Իսկույն շերեփն ու աղը տալիս են հարսի ձեռքը, որ շերեփով խառնի թոնրի միջի կերակուրը և աղ գցի դրա մեջ: Ապա հարսին տանում են վարագույրի հետև:

…Հին ժամանակ սովորություն կար, որ մետաքսե թելերով պատած եղեգնյա փոքրիկ խաչ էին տնկում խնձորի կամ նռան մեջ և դնում էին նորապսակ թագվորի գդակի ծայրին, որ փոխարինում էր թագին:

  1. Փեսայի տան սրահին հասած՝ հանդեսը փոքր-ինչ կանգ է առնում, ընդառաջ են գալիս փեսայի մայրը, քույրը, հարսը և մյուս կին ազգականները, մին-մին մոտենում թագվորին ու հարսին, համբուրում են նրանց և պսակը շնորհավորում:

Շատ զվարճալի է այդտեղ, որ երբեմն ծերունի փեսահայրը սկսում է պար գալ, ճարպիկ շարժումներ անել, քաշքշել իր կնոջը, որ սա էլ օրոր գա, ուժով բռնում է նրան, որ այդքան բազմության մեջ համբուրի, խաղք ու խայտառակ անի: Հանդեսն առավել զվարճալի անելու համար թագվորի մակարները ալյուր են ցանում, քթոց են ծածկում թագվորահոր գլխին, բայց նա առանց մազաչափ նեղանալու շարունակում է պարել, ուրախանալ:

Սրահում հարսի գլխին ցանում են չամիչ և այլ չոր մրգեղեն, որ մանր տղայք, իրար հրելով, ժողովում, ուտում են: Շեմը անցնելիս խաչեղբայրը թուրը բռնում է թագվորի գլխին, և թագվորը կոտրում է իր տակ դրած կավե ամանը և անցնում: Ապա հարսին տանում են կանանց բաժին: Վաղարշապատի գյուղերում սկեսուրը տան շեմին հարսի գլխին դնում է մի կտոր հաց, իսկ տան ներսում ավելը տալիս է նրա ձեռքը:

  1. Հին Նախիջևանում, Հին Ջուղայում, Ագուլիսում, Վաղարշապատի և Բասենի գյուղերում հարսին հոր տանից դուրս բերելու և եկեղեցի տանելու խառը րոպեին հարսնեղբայրը աշխատում է համբուրել թագվորի կողմից եկած հարսներին, և այդ համբույրը կոչվում է խնամապաչ:

Բարեկամները, սովորաբար ընդառաջ դուրս գալով, բարևում են, իսկ ազաբները ծիծաղելու և զվարճության համար երգում են հետևյալ երգը՝ դիմելով թագվորի մորը.

Թագվորի՛ մեր, դու՛ս արի,

Տե՛ս, թե ինչեր եմ բերել,

Թագվորի՛ մեր, դու՛ս արի,

Շերեփ խլող եմ բերել:

…Շեմով անցնելիս քավորը թուրը բռնում է գլուխների վրա և թագվորի ոտքերի տակ փշրելու համար դնում է կավե ափսե: Քահանան, շուրջառով ծածկված, իրարից ջոկում է հարսի և փեսի ձեռքերը, և հարսին տանում, կանգնեցնում է կանանց բաժնում՝ փափուկ բարձի վրա: Այդ րոպեից քավորը հանձնում է թուրը թագվորին, որ պահում է իր մոտ մինչև հարսանյաց վերջը:

  1. Կանչը վերջանալուց հետո (նվերները հայտարարելուց հետո) սկսվում է ընթրիքը, որից հետո պարողները՝ արք և կանայք, կազմում են մեծ շղթա և առավոտյան՝ մինչև ժամը 3-4-ը, պարում են 12 տեսակ պար: Այս պարերի մանրամասն նկարագրությունը կարելի է կարդալ Քաջբերունու «Ճանապարհորդական նկատողութիւնք» աշխատության մեջ:

Հարսանիքի վերջում երգում են «Կոտ ու կես կորեկ ունեմ» երգը և հետը պարում են «Ծունկ կոտրուկ» պարի եղանակով:

Երեցփոխը կտրում է ուրցը` իր զարդերով մի-մի ճյուղ բաժանելով պատվավոր մարդկանց, իսկ մեջտեղի՝ գլխավոր ճյուղը նվիրում է քավորին և նրանից եկեղեցու օգտին ստանում նվեր: Քահանան բացում է նարոտը և խաջրկոթը (ուսկապները):

Քավորը, թուրը հանած, կանգնում է, քանի որ քահանան կատարում է կարգը, և ապա թրով կտրում է նարոտը և տալիս է թագվորին՝ բարձի տակ պահելու համար:

Հարսանիքը սրանով վերջանում է, բայց փեսան յոթ օր պաս է պահում, որ յոթ արու զավակ ունենա:

Պսակվելուց հետո, երբ նորահարսը առաջին անգամ գնում է եկեղեցի, նրա երեսի շուրջ վառում են մոմեր:

ԵՐԳԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>