Մարտի 29, 2019թ
Աշոտ Բլեյանի խոսքը ԵՊԿԵ-ի «Կոմիտասը և մենք» խորագրով համերգի ավարտին․․․
Մենք հատուկ եկել ենք սեբաստացիներով, քառասունի չափ երգող ուսուցիչներով, ովքեր ինձ հանձնարարել են ձեր ներկայությամբ ասել մի կարևոր բան․
Եթե գիտեք, շատ ավելի լավ, եթե չգիտեք, գոնե այսօր կիմանաք, որ իրականում մաեստրոն, բացի իր հայտնի Երևանի պետական կամերային երգչախմբից գործող, մեր սիրելի քույրերից եղբայրներից, ունի նաև ևս մի երգչախումբ, որը եզակի է․ ինչպես մենք պարզեցինք՝ ոչ միայն Հայաստանում, տարածաշրջանում, այլև․․․ Որովհետև նախ սեբաստացիական է, սեբաստացիներ են և բոլորը ուսուցիչներ են։
Մաեստրոն 7 տարի առաջ հիմնադրել և անխոնջ ղեկավարում է Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը։ Մեր մաեստրոն մեծ կրթահամալիրում, շաբաթը երկու անգամ, յոթ տարի այդ ռեժիմով․․․ Հեղինակային կրթական ծրագիր իրականացնող, ծանրաբեռնված ուսուցիչը իր ընտրությամբ այցելում է կրթահամալիրի համերգասրահ, որտեղ իրեն սպասում է այսպիսի խիստ, այսպիսի հետաքրքիր, այսպիսի ընդունակ, այսպիսի ոգևորող մի ուսուցիչ և Կոմիտասի դպրոցով անցկացնում է մի ամբողջ մանկավարժական հավաքանի, իրենց միջոցով՝ մի ամբողջ կրթահամալիր։ Եվ այն ճաշակը, խորությունը, ակնածանքը, որ կա սեբաստացիների մոտ՝ մեծից փոքր, մեծ չափով պայմանավորված է սեբաստացիների ուսուցչական երգչախմբով, նրա հիմնադրով, նրա գեղարվեստական ղեկավարով՝ Հարություն Թոփիկյան։
Ուզում եմ հատկապես շեշտել հայրենագիտությունը, թափառումը․․․ Ամիսը մեկ անգամ հայրենագիտական մի ուղիով մենք մտնում ենք գյուղեր, խոնարհված և գործող եկեղեցիներ, հրապարակներում, դպրոցներում, որտեղ հավաքված են մարդիկ և երգում ենք պարզապես․․․ Ու պետք է տեսնել՝ մեկ օրվա մեջ մաեստրոն կարողանում է չորս-հինգ, եղել է՝ վեց համերգ անել․․․ Պատկերացրի՞ք՝ ինձ հետ քայլում է, ինձ հավասար, ինձնից առաջ․․․ և սա մի ամբողջ տոնախմբություն է։
Սա օրինակ է, բայց մի կողմից ցավ եմ զգում, որ բացառիկ է․ շատ կուզեի, որ տասնյակ մաեստրոներ այս տարի Կոմիտասի 150-ի շրջանակում անեին այդ գործը․․․
Գիտե՞ք, որ սեբաստացիներն այսօր առավոտը սկսել են Սուրբ Երրորդություն եկեղեցում․ ամբողջ կրթահամալիրով կես ժամ շարականներ ենք երգել, ժամերգություն ենք անց կացրել, աղոթել ենք և Սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը՝ կենտրոնում։
Ես ոչ միայն ասում եմ՝ շնորհակալ եմ, այլև առաջարկում եմ նոր նախագիծ։
Ուզում ենք, որ 2019-ին լինի որքան հնարավոր է շատ հարսանիք և, որպեսզի դա ներդրում լինի լայն հասարակության, իր մշակույթի մեջ, կրթահամալիրում ծիսական հարսանիքը դաձրել ենք կրթական ծրագիր և դա դառնում է մեր նվերը յուրաքանչյուր ամուսնացողի։
Այսպիսի մի նախագիծ ենք առաջարկում, մաեստրո, երգերի հարսանեկան շարքը ընդարձակել և երկու երգչախմբերի հետ այդպիսի մի մեծ ծես-հարսանիք անել, իրական հարսանիք ու փորձել այդ ձևով ազդել հանրային ճաշակի վրա․․․
Շնորհակալ եմ, Հարությո՛ւն Թոփիկյան, քո առաքինի-պիրկ գոյության համար։
Տեսագրումը՝ Նելլի Արղությանի
Սղագրումը՝ Արմինե Թոփչյանի
Աղբյուրը՝ Աշոտ Բլեյանի բլոգ
Մշակումը՝ Արմինե Թոփչյանի
Գրել պատասխան