ԲԼԵՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԲԱՑ ՑԱՆՑԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ. Բանգլադեշյան հունիսյան պլեներ 2019՝ երաժշտական նախագծեր

  Երաժշտության դասավանդող  Հասմիկ Մաթևոսյանի  հոդվածը «Դպիր»  էլեկտրոնային ամսագրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 1989-ից սկսած անընդհատ եղել և մնում է սովորական հայաստանցու համար որպես անսովոր դպրոց՝ մարդու զարգացմանն ուղղված հնարավորություններով, ուսուցմամբ և կազմակերպմամբ:

Տարին ունի 12 ամիս: Հայաստանի Հանրապետությունում ուսումնական տարին տևում է ինը ամիս: Ինչո՞վ կարող է զբաղվել սովորողն ամռան այդ երեք ամիսների ընթացքում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն տարի հունիսին իրականացվում է «Բանգլադեշյան պլեներ», որին, բացի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7 հանրակրթական դպրոցների և քոլեջի սովորողներից, մասնակցում են ՀՀ և Արցախի տարբեր դպրոցներից սովորողներ և ուսուցիչներ: Մասնակցում են նաև Վրաստանից և Թուրքիայից ժամանած խմբեր:

Մասնակիցները նախագծեր են իրականացնում հունիսյան ստուգատես-փառատոների ստեղծագործական խմբերում՝

  • երաժշտական
  • կինո-ֆոտո
  • թարգմանական
  • թատերական
  • արտ-միջավայրի
  • մարզական։

Սրանցից յուրաքանչյուրն ունի հետաքրքրությունների իր շրջանակը, մասնակիցների իր ընտրանին: Պլեները լիովին համահունչ է ամբողջ տարվա գործունեությանը, ակումբային աշխատանքին:

Ստուգատեսի ընդհանուր անունը «պլեներ» է, որը ֆրանսերեն բառ է և նշանակում է «բացօթյա նկարչություն»: Պլեներն իր բնույթով կապված է արտաքինի հետ՝ բնության, բացօթյա մեծ, լայն տարածքների, ինչպես նաև անծանոթ, նոր, շատ մարդկանց հետ ծանոթության և որ ամենակարևորն է՝ ներառականության հետ:

Բաց տոն-ստուգատեսները որոշված են կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Բանգլադեշյան պլեները որպես սովորողի ձեռքբերումների ցուցադրման հարթակ նպաստում է վերջինիս ճանաչողական, հետազոտական, համագործակցային հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև աշխատանքը դարձնում ավելի համակարգված և տեսանելի:

Բանգլադեշյան պլեները դառնում է ընտանիքի ձեռքբերում, որով այն ներգրավվում է ուսուցման գործընթացին և մասնակից դառնում ներառական կրթության իրականացման հարթակում:

Բանգլադեշյան պլեները որպես ուսուցչի ձեռքբերում՝ օգնում է առավել համակարգված, տեսանելի և իրական ներկայացնել կրթական ծրագիրը:

***

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական ծրագիրը անընդհատ մշակվում է և կատարելագործվում: 2019 թ. երաժշտական բաց տոն-ստուգատեսը աչքի կընկնի նոր նախագծերով՝ «Կոմիտաս 150» և «Ազգային, հանրակրթական օպերա»: Այս նախագծերը ձևավորվել են նախորդ տարիների երաժշտական նախգծերի հիման վրա՝ «Հակաբացիլ Կոմիտաս», «Ռեզոնանս», «Ազգագրության փառատոն» և այլն:

Պատահական չէ այդ նախագծերի ընտրությունը.

1.«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային մանկավարժական երաժշտության ծրագրի և ուսուցման հիմքում ընկած են Կոմիտասի մանկավարժական հիմունքները և մոտեցումները, նրա կողմից գրառած և մշակած ազգային և ժողովրդական երգերը: Կրթահամալիրում, ըստ ուսումնական օրացույցի, տարին սկսվում է Կոմիտասով՝ («Կոմիտասյան օրեր» նախագիծ) և ավարտվում Կոմիտասով («Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ) : Շուրջտարյա նախագծերի ընթացքում էլ կոմիտասյան նախագծերը առաջնային դերակատարում են ունենում:

Կրթահամալիրի տարբեր օղակներում հեղինակային մանկավարժության շնորհիվ անդրադարձը Կոմիտասին կատարվում է յուրահատուկ, տարբեր, անհատական մոտեցումներով, որից շահում է սովորողը, որի արդյունքում Կոմիտասը մտնում է ընտանիք, տարածվում է ավելի լայն շրջանակներում: Կոմիտասյան նախագծային ամփոփումները դառնում են համակրթահամալիրային, ավելին, նաև՝ համաերևանյան:

Նախագիծը դառնում է միավորող և իր մեջ է ներառում կրթահամալիրի ծրագրերով հետաքրքված գործընկերներին: Շատ դեպքերում կոմիտասյան լույսի տարածումը դառնում է սեբաստացիական առաքելություն:

«Կոմիտաս 150»-ի մեկնարկը լինելու է հունիսյան «Բանգլադեշյան պլեների» ընթացքում: Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են առանց լարման, արհեստականության: Անընդհատ կրթական ծրագրերի փոխանակման, մեդիադաշտում կոմիտասյան երգերի հաճախակի հրապարակումների, կրթամշակութային-հայրենագիտական արշավների ընթացքում «Հակաբացիլ» թերթոնների տարածման շնորհիվ «Կոմիտաս 150»-ը հավակնում է դառնալ Կոմիտասի արվեստը ճիշտ և մաքուր մատուցելու, տարածելու, փոխանցելու յուրահատուկ կամուրջ, որը հեղինակային կրթական ծրագրով հետաքրքրվողներին կբերի դեպի բաց, ազատ, առանց պատերի և սահմանների մանկավարժություն:

2.«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2014 թվականից ծեսերն էլ են որոշվում հեղինակային կրթական ծրագրով և կազմակերպվում ուսումնական օրացույցով: Կոմիտասյան մանկավարժական մոտեցումների և ազգային ծեսեր իրականացնելու կրթահամալիրային փորձը այցեքարտ է «Ազգային, հանրակրթական օպերա» ստեղծելու համար: Կրթահամալիրի տարբեր օղակներում նախապատրաստական աշխատանքները ընթանում են համարձակ, հավեսով, համախմբված, բովանդակային, ստեղծագործական մթնոլորտում: Կազմակերպման նոր և ժամանակակից ձևը գրավում է սովորողներին, հեշտորեն ներգրավում է ծնողական համայնքին և նպաստում համատեղ նախագծերի իրականացմանը:

Հունիսյան «Բանգլադեշյան պլեների» ընթացքում կրթահամալիրի տարբեր օղակներ կներկայանան իրենց «Ազգային, հանրակրթական օպերայով», որը կարող է դառնալ Բլեյան կրթական ցանցիգլխավոր կապող-միավորող հանգույցներից մեկը ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում՝ ընդգրկելով մասնակից բազմաթիվ խմբեր, համույթներ և ներառելով նախկին և նոր գործընկերներին, նորոգելով հին և վերագտնելով նոր կապեր:

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել այս HTML թագերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>